Երաժշտական եռանկյունի

«Երգող Հայաստան-2024»-ի առաջին մրցանակը. «Երաժշտական եռանկյունի»

Երգչախմբային արվեստը արվեստի բացառիկ տեսակներից է, որը, ծառայելով մշակույթին, նաև այլ սոցիալական գործառույթներ ունի, հատկապես երբ խոսում ենք մանկական կամ պատանեկան երգչախմբերի մասին։

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ավագ խմբի երգչախումբը վերջերս կայացած ավանդական «Երգող Հայաստան» մրցույթում Սայաթ-Նովայի անվան դպրոցի երգչախմբի հետ կիսեց պատվավոր առաջին մրցանակը։

«Ինչ խոսք, մրցել ավելի քան 50 երգչախմբերի հետ ամենահեղինակավոր հայաստանյան  մրցույթում և հասնել հաղթանակի՝ մեծ նվաճում է, որի հիմքում երեխաների և պատանիների անմնացորդ նվիրումը, աշխատասիրությունն ու սերն է այդ արվեստի նկատմամբ», — ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռուբեն Կարասեֆերյանը:

«Մեր դպրոցը Շենգավիթ շրջանի երաժշտական դպրոցն է և ունի սեփական խմբերգային երգեցողության պատմությունն ու ավանդույթները։ Ավագ երգչախմբում երգում են 50 պատանի, որոնց հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց ամբողջ դպրոցում» — նշում է ղեկավարը։ 

Ռուբեն Կարասեֆերյանը սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է որպես դաշնակահար, մասնակցել է բազմաթիվ մրցույթների և հաղթելով ու նվաճելով բարձր մրցանակային տեղեր՝ երախտագիտությամբ է հիշում իր առաջին ուսուցիչներին։ Դեռևս պատանի հասակում առաջին անգամ լսելով երգչախմբի կատարումները՝ գերվում է դրա մոգականությամբ և հետաքրքրվում արվեստի այդ տեսակով։ Սկսում է երգել օպերային ստուդիայի երգչախմբում, և երբ գալիս է մասնագիտություն ընտրելու պահը՝ որոշում է ստանալ սիմֆոնիկ դիրիժորի կրթություն։ Ընդունվում է Երևանի պետական կոնսերվատորիայի համապատասխան բաժինը՝ անվանի դիրիժոր Զավեն Վարդանյանի դասարանը։

Աշխատել է 30 տարվա պատմություն ունեցող «Փարոս» երգչախմբում, որը ներառական խնդիրներ ունեցողների միակ երգչախումբն է երկրում, մասնակցել է բազմաթիվ մրցույթների, հյուրախաղերի։ Վերջին շրջանում ֆինանսավորման խնդիրների առջև կանգնած կոլեկտիվի ճակատագրի մասին խորը մտահոգություն է հայտնում։

Աշխատել է նաև «Հովեր» երգչախմբում, Ազգային ակադեմիական կապելլայում, համագործակցել նորաստեղծ երգեցիկ խմբերի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում հատկապես նորաստեղծ խմբերի խնդիրներին, պետական համակարգման անհրաժեշտությանը և երկրում երգչախմբային ընթացքները խթանող նախապայմաններին, նշելով մանկական երգչախմբերի կարևորությունը հասարակության կրթվածության և մշակույթի հետ հաղորդակցվելու գործում։ Երաժշտական դպրոցների, Հայորդյաց տների երգչախմբերի օրինակով նաև հանրակրթական դպրոցներում պետք է գործեն երգչախմբեր, քանի որ դրանց միջոցով երկրի ապագա քաղաքացին կկապվի հայկական և համաշխարհային արժեքների հետ, գիտելիք և կոլեկտիվի մեջ գործելու հմտություն ձեռք կբերի։ Պետությունը մեծ դերակատարություն ունի նման մշակութային քաղաքականության վեկտոր ձևավորելու և առաջնորդելու գործում:

Back to top button