ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ո՞րն է Հայաստանի ապագա տնտեսական օրակարգը

Տնտեսական աճ կա, զարգացում՝ ոչ․ մի խումբ տնտեսագետներ այսօր քննարկել են Հայաստանի տնտեսական օրակարգը։ Նրանք համագործակցության կոչ են արել, լուծումներ առաջարկել։ Առաջին ամենակարևոր անելիքը, ըստ նրանց, հավաքվելն ու խնդիրները համատեղ քննարկելն է, նաև պաշտպանության ոլորտի բյուջեն կրկնապատկելը։ Կրթության զարգացումը առանցքում պետք է լինի։ Մինչդեռ Հայաստանում, ըստ փորձագիտական կարծիքների, վերջին տարիներին կրթությունը  թանկացել է 20-30 տոկոսով։ 

Ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա Հայաստանի տնտեսական վեկտորը, հնարավո՞ր է ունենել տնտեսական զարգացում առանց անվտանգային բաղադրիչի․ փորձագիտական դաշտում կարծում են, որ անվտանգությունն ու տնտեսական զարգացումը փոխկապակցված են։ Տնտեսական աճ կա թվերով, բայց Հայաստանի տնտեսական զարգացումները վերջին տարիներին հիմնականում արտաքին գործոններով են պայմանավորված՝ արձանագրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Թվարկում է՝ ռուս-ուկրաինական պատերազմ, վերաարտահանման ծավալների աճ և այլն․

«Այս գործոնները, անշուշտ, ժամանակավոր են, ինչպես ցանկացած գործոն։ Հայաստանի պարագայում այս տնտեսական հնարավորությունը ստեղծվել է այն պատճառով, որ կարողացել է ունենալ սերտ տնտեսական կապեր և արևմուտքի, և ԵԱՏՄ շրջանակներում։ Հայաստանի ինտեգրումը ինքնանպատակ չէ, այլ գործիք է տնտեսական զարգացում ապահովելու համար»։

Տնտեսության բոլոր ոլորտներում 2023-ին աճ է գրանցվել, բացառությամբ գյուղատնտեսության․ խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն արձանագրում է՝ գնաճ չկա, աշխատավարձը առաջանցիկ ավելացել է․

«12 ամսյա կտրվածքով մենք գնանկում ենք ունեցել, ոչ թե գնաճ։ Միջին տարեկան գնաճը կազմել է երկու տոկոս։ 12․6 տոկոսով աճել է աշխատավարձը»։

Թունյանն արձանագրում է՝ աշխատանքի արտադրողականությունն էլ 15 անգամ է աճել։ Թվերը այդ մասին են փաստում․

«2023-ի տվյալներով՝ մեկ ժամ աշխատաժամանակի արժեքը 9․6 դոլար է եղել, իսկ 2021-ին՝ 6․2 դոլար էր։ Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս։ Մեր ծրագրով նախատեսում ենք մինչև 2026թ գործազրկության մակարդակը իջեցնել»։

Սուրեն Պարսյանն արձանագրում է՝ Հայաստանը կարողացել է օգտվել վերջին տարիների հնարավորություններից, խնդիրը այդ հնարավորությունը կապիտալիզացնելու, երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորություններ ստեղծելու մեջ է։

Կարճաժամկետ աճն ավելի ակնառու է՝ ասում է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը․ «Հինգ անգամ աճը կա, բայց զարգացման էֆեկտ չկա։ Երկարաժամկետության պարագայում կարող է չհասցնեն ապացուցել, կամ էլ երկարաժամկետի դեպքում չունեն համապաատսխան մտքեր»։

Արդյունաբերություն և գյուղատնտեսություն․ սրանք Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն են։ Գյուղատնտեսության ոլորտում խնդիրներն ակնհայտ են։ Նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն ընդգծում է․

«Անընդհատ խոսում են գյուղատնտեսության մասին, բայց մեր երկրիրը ագրոպարենային համակարգ չունի։ Մնացել է 18-19-րդ դարի մակարդակի վար ու ցանքը։ Հույսը մնացել է գութանին, առանց չափազանցության՝ փոխաբերական իմաստով»։

Այն, որ գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ կան, փաստում է նաև վիճակագրությունը։ Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը գրեթե զրոյական նպաստում են ունեցել։ Նշված երկու ոլորտներում տարվա ընթացքում բացասական միտումներ են գրանցվել։ Միայն տարեվերջին որոշակի աճի շնորհիվ արդյունաբերության ոլորտը տարեկան 1.7% աճ է գրանցել, իսկ գյուղատնտեսությունը՝ ընդամենը 0.2%: Բայց ֆինանսական հատկացումները որորտին շարունակվում են։ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների աջակցության համար հատկացնել 41 միլիարդ 617 միլիոն դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 1.3%-ը։

Արդյունաբերության ոլորտում աճ են գրանցում վերաարտահանումը, ծառայությունների ու առևտրի ոլորտները։ Աճ կա, բայց որակի խնդիր էլ կա՝ արձանագրում է Սուրեն Պարսյանը․

«Մենք արդյունաբերության ոլորտի աճ ունենք, բայց եթե հանում ենք ոսկերչությունը, հիմնականում ոսկու վերաարտահանումը, տեսնում ենք, որ մշակող արդյունաբերությունը 3 տոկոս անկում է գրանցել, մսամթերքի դեպքում անկումը երկնիշ է, պաղպաղակի ոլորտում 40 տոկոս անկում է գրանցվել։ Սա էլ պայմանավորված է նրանով, որ ներկրվող կաթնամթերքը ավելի էժան է, ու տեղական արտադրողները շուկայից դուրս են մնում»։

Ստեղծված իրավիճակում լուծում կա․ տնտեսության դիվերսիֆիկացիա՝ կարծում են մասնագետները և նշում՝ Հայաստանը պետք է առևտրային հարաբերությունները զարգացնի բոլոր երկրների հետ։

Կարդացեք նաև
Close
Back to top button