ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Տավուշը՝ որպես քաղաքական գործի՞ք․ վարչապետի հաջորդ այցի օրը դեռևս հայտնի չէ

Անցած շաբաթ խորհրդարանի լիագումար նիստերից մեկը 1.5 ժամ դռնփակ էր։ ԱԺ էին հրավիրվել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ի՞նչ հաղորդվեց ընդդիմադիր պատգամավորներին սահմանազատման և սահմանագծման գործընթացից, այդպես էլ չհրապարակվեց։ Հանդիպումից հետո էլ, հատկապես իշխանական թևը լռում էր։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին, սակայն, ընդդիմադիրները նորից անդրադարձել են սահմանազատման գործընթացի՝ ըստ իրենց, վտանգավոր դրսևորումներին, հատկապես Տավուշի մարզում։ Համոզված են, որ առանց նոր ագրեսիայի, պարզապես սպառնալիքներով, Ադրբեջանը փորձում է հասնել Հայաստանի ռազմավարական տարածքների նկատմամբ լիարժեք վերսհակողության։ Սակայն, այն, ինչ հնչեցնում են ընդդիմադիրները, իշխանական թևում համարում են «սուտ և մանիպուլյացիա»։

Ընդդիմադիր պատգամավորներին անգամ հրատապ փակ նիստի միջոցով արտգործնախարար Արարատ Միրզոյանից և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից չհաջողվեց պարզել, թե  ո՞ր թվականի քարտեզներով են իրականացվելու Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը, չբացելով փակ քննարկման մանրամասները, զուգահեռ է անցկացնում այլ փաստաթղթերի հետ․

«Փորձենք հասկանալ, թե այս որոշումը իրականում ո՞ր օղակում է կայացվել։ Նոյեմբերի 9–ի հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում այդ տարածքների հանձնման վերաբերյալ։ Հետագայում՝ վերջնական տարբերակում, այդ հատվածը դուրս է բերվել։ Այնուհետև մենք տեսել ենք, որ ռուսական ռազմաբազա է հայտնվել Ոսկեպարում։ Դա որևէ բան մեզ հուշո՞ւմ է, թե՞ չի հուշում։ Այսինքն՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9–ին գոյություն է ունեցել պայմանավորվածություն, համաձայնություն տեքստից այդ դրույթը հանելու, բայց հետագայում այն իրականացնելու համար։ Բայց ես ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ լիազոր մարմինը՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը, որոշում չունի որևէ տարածքների հանձնման մասով»։

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացավ ևս մեկ անգամ հանդիպել 10 օրից, բայց վարչապետի աշխատանքային օրակարգում այց Տավուշի մարզ դեռ նախատեսված չէ։ Սպասումներին և տարածվող լուրերին ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ Տավուշից սահմանազատումը սկսելու հետ կապված որևէ ստվերային գործընթաց չկա։

«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք առանց խոսակցությունների առաջ շարժվենք։ Ինչ-որ ստվերային գործընթացներ տեղի չեն ունենում, չէ։ Ոչ թե՝ խաբեց, չեկավ, այդ ընկալումները եկեք դուրս հանենք մեր միջից։ Չի կարող լինել գործընթաց առանց իրավական հիմքերի։ Մենք սրա մասին բազմիցս խոսել ենք, և եթե ընդդիմությունը նման դիտարկումներ է անում, ընդդիմությունն է ստեղծել նման իրավական հիմքերը` 2010, հետո 2016 թվականին ՀՀ վարչատարածքային տարածքից դուրս թողնելով այն տարածքները, որոնց մասին խոսակցություն է գնում։ Իսկ մենք ինչ անում ենք, ելնում ենք իրավական հիմքերից։ Դրա համար պրոցեսները դանդաղ են գնում, որովհետև ցանկացած քարտեզ, ցանկացած միլիմետր պետք է իր տակ ունենա փաստաթուղթ, իրավական հիմք։ Առանց սրա մենք առաջ չենք շարժվելու։ Ով սրանից դուրս բան է ասում, որ մենք իբր առանց իրավական հիմքերի պրոցես ենք գեներացնում, պարզապես շարքային ստախոս է, մանիպուլյատոր»։  

Սահմանազատումը Տավուշից սկսելու հնարավորության մասին վարչապետ Փաշինյանը առաջին անգամ խոսեց մարտի 12-ի ասուլիսում։ Դրանից օրեր անց նա այցելեց սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին բացատրելու, թե ի՞նչ է մտածում և ինչո՞ւ: Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածում, որտեղ Հայաստանի կոմունիկացիաները դե յուրե երկրի սահմաններից դուրս են, պետք է վերակառուցվեն:

Այս հարցի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմությունը այլընտրանքային օրակարգ ունի։ Ե՛վ «Հայաստան», և՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ չեն սահմանազատմանը, բայց առանց հատվածական մոտեցումների։ Ընդունելի են այն համարում բացառապես միջազգային փորձի և կանոնների կիրառման դեպքում։ Իսկ առաջարկվող տարբերակով Տավուշի 4 գյուղերի մասին խոսակցության նախադեպը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը առհասարակ վտանգավոր է համարում։

«Ի սկզբանե, Հայաստանի իշխանությունը չպետք է տարբեր գյուղեր հայտարարեր որպես ադրբեջանական և նոր միայն դրանից հետո սկսեր խոսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացից։ Այսպիսի պրոցեսները կարող են բավականին երկարատև լինել, բայց իշխանությունն իր քայլը արել է, և ըստ էության, լոգիտիմացրել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան ՀՀ նկատմամբ։ Դեմարկացիան ինքնին ենթադրում է բանակցություններ։ Դասական առումով կողմերը իրար հետ բանակցում են, եթե նույնիսկ կան հատվածներ, որոնք գյուղի համար կենսական անհրաժեշտություն են, ապա այդ կենսական նշանակության պայմանական 500 քառակուսի տարածքը տրվում է այդ պետությանը, մեկ այլ հատվածից 500 քառակուսի տրվում է մյուս պետությանը։ Այսինքն՝ կա որոշակի տրամաբանություն, որը միջազգային պրակտիկանությում օգտագործվում է, բայց իշխանությունը գնում է վատթարագույն ճանապարհով։ Հիմա, որ այդ իշխանությանը ասում ես՝ բա ինչո՞ւ ես գնում ամենավատ ճանապարհով, ասում է, որովհետև կռիվ կլինի»։

Հանգստյան օրերին ընդդիմադիր պատգամավորները եղել են վիճարկվող տարածքներում, շփվել են բնակիչների հետ։ Պայքարի կոչ անող տարբեր խմբերը բնակիչների ոգին առայժմ բարձրացրել են ազգագրական երգ ու պարով։ Սահմանային գյուղեր այցելող տարբեր խմբերի համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկ ունի․

«Տավուշցիները դուրս չեն գալիս փողոց, որովհետև իրենք են ապրում այնտեղ և շատ լավ հասկանում են, որ այս գործընթացները, որքան էլ ներկայացնենք ցավոտ, դա խիստ անհրաժեշտ է։ Առանց պետական սահմանի արձանագրման, մենք տևական խաղաղության մասին անգամ երազել չենք կարող։ Բայց Տավուշ գնում են բոլորը, երեկ պարում էին։ Ես առաջարկում եմ պարելուց հետո մնալ Տավուշում, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան։ Նաև այդ երիտասարդները անելիք ունեն՝ 25–օրյա հավաքի տեսքով լինի, Տավուշում իրենց գործունեությունը ավելի ներառական դարձնելու մեր անվտանգային համակարգի հետ։ Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք։ Այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք և այդ խնդիրների լուծումը շահարկման առարկա չէ»։

Պատգամավորը էական չի համարում՝ վարչապետը Տավուշ կգնա 10, թե 15 օրից։ Նա պնդում է, որ Փաշինյանը երբեք չի խուսափել ծանր խոսակցություններից և համոզված է, որ չի խուսափի նաև այս դեպքում։

Back to top button