Սփյուռքի ձայնը

Կատալոնիայի «Արարատ» միությունը Իսպանիայի կառավարության հետ արցախցիներին օգնելու նոր ծրագիր կիրականացնի. «Սփյուռքի ձայնը»

Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը հիմնադրվել է 2007 թվականին՝ Կարեն Հակոբյանի ջանքերով: Այսօր դրա ղեկավարը Սարգիս Հակոբյանն է, որն այս պաշտոնը ստանձնել է 2019 թվականից:   Միությունը, ասում է երիտասարդ ղեկավարը, հիմնականում մշակութային, բայց նաև քաղաքական հարցերով է զբաղվում, լոբբիստական աշխատանքներ տանում Իսպանիայի քաղաքական տարբեր ատյաններում՝ հայկական հարցերը՝ Ցեղասպանությունից մինչև Արցախյան հիմնախնդիր, ներկայացնելու և արդարություն պահանջելու համար։ «Խորհրդարան, քաղաքային իշխանություններ և այլն. մեր լոբբիստական աշխատանքները բոլոր ուղղություններով են», — ասում է «Արարատ» միության նախագահը:

Կատալոնիայում մոտ յոթ հազար հայ կա, գործում են տարբեր միություններ, հայկական կիրակնօրյա դպրոց և այլն: «Ժամանակակից սփյուռքում երիտասարդների վրա մեծ պատասխանատվություն է դրված: Նրանց փոխանցվել են պատմության անարդարությունները, և պահանջատիրության համար մեծ ջանքեր են գործադրվում», — նշում է Սարգիսը:

Սարգիս Հակոբյանը նշում է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ-իսպանական հարաբերությունները մեծ աճ են գրանցել: «Եվ եթե տարիներ շարունակ խորհրդարանական ուժերը բացառությամբ էին հայամետ դիրքորոշում ուենում, ապա պատերազմից հետ այդ ուժերը կրկնապատկվել են: Նրանց գործողությունները ոչ միայն Հայաստանին, այլ նաև ժողովրդավարությանն էին ուղղված», — փաստում է միության նախագահը:

Իսպանիայում հայտնի հայերի պակաս չկա՝ ասում է Սարգիս Հակոբյանը. «Մենք Իսպանիայի հայության երկրորդ սերունդն ենք և դեռևս զարգացման ու ճանաչման փուլն ենք ապրում: Բայց կան ավագ տարիքի շատ հայեր՝ Արա Մալիքյան, Ջուսեպ Բուլղուրյան՝ Իսպանիայ խոշար լրատվական ընկերությունների ղեկավարը, որը լավ հարաբերություններ ունի երկրի նախագահի հետ, նաև իրավաբաններ, կինոյի ու թատրոնի դերասաններ ու այլ մասնագետներ, որոնք ժամանակի ընթացքում ընդգրկվում են պետական կառույցներում և այլն: Դժվար պահերին նրանք հայ համայնքի կողքին են, տարածում են իրենց խոսքը, և նրանց հետ հաճախ հաշվի են նստում: Առաջիկայում արցախցիներին աջակցելու նպատակով ծրագիր ենք իրականացնելու Իսպանիայի կառավարական որոշ ուժերի հետ», — ասում է Սարգիս Հակոբյանը:

Back to top button