ԿարևորՀասարակություն

Հաջորդ կանգառը՝ Մարս․ «մարսագնացները» մեկ ամիս կմարզվեն Հայաստանում

Այսօր մեկնարկում է Ավստրիական տիեզերական ֆորումի AMADEE-24 Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը։ Այն իրականացվում է և Հայկական տիեզերական ֆորումի հետ համագործակցությամբ։ Արարատի մարզի Արմաշ գյուղի հարևանությամբ տեղակայված տիեզերակայանում վեց անալոգային տիեզերագնացները կմեկուսանան և մեկ ամսվա ընթացքում կիրականացնեն նախատեսված գիտափորձերը։ «Ռադիոլուրը»-ի հետ զրույցում Հայաստան ժամանած անալոգային տիեզերագնացները ներկայացրել են, թե ինչ է  կատարվելու Արմաշի մարսյան կայանում։

Տիեզերակայանում օրը կսկսվի նախաճաշով, դրան կհաջորդի անելիքների քննարկումը։ Օրակարգը, որին հետևելու են անալոգային տիեզերագնացները, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ սահմանելու է նրանց գործողությունները։

Լուս՝ Ավստրիական տիեզերական ֆորումի

Անալոգային տիեզերագնացների հրամանատար Անիկա Մեհլիսը գիտությունների թեկնածու է հանրային առողջապահության ոլորտում։ Նաև ուսումնասիրել է կենսաբանություն և բնապահպանական տեխնոլոգիաների ճարտարագիտություն։ Մեհլիսը Ավստրիական տիեզերական ֆորումում անալոգային տիեզերագնաց է 2019թ-ից։ Մասնակցել է նաև Իսրայելում անցկացված առաքելությանը։ Անիկա Մեհլիս․

«Մենք ծրագիր ունենք, որը մեզ ասում է, թե ամեն քառորդ ժամի ընթացքում ինչ պետք է անենք։ Արթնանալ, նախաճաշել, քննարկելու ենք՝ ով ինչ է անելու օրվա ընթացքում։ Օրվա մեծագույն մասը EVA՝ կայանից դուրս ակտիվություն ենք  ունենալու։ Երկու հոգի աշխատելու են դրսում, իսկ մյուսները մնալու են ներսում։ Շատ փորձեր ունենք դրոնների, ռոբոտների հետ, բայց նաև բժշկական, հոգեբանական և երկրաբանական փորձարկումներ կան, որ պետք է անենք՝ տվյալներ հավաքելու համար»։

Անիկա Մեհլիսը․ Լուս՝ Ավստրիական տիեզերական ֆորումի

Սիմոնե Պետերնոստրոյի տիեզերական ուղին սկսվել է Իտալիայում օդատիեզերական ճարտարագիտության բակալավրիատից։ Հիմա ունի դոկտորի աստիճան ճարտարագիտական տեղագրության և տիեզերական գեոդեզիայի բնագավառում։ Այժմ Եվրոպական տիեզերական կայանի տիեզերական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնում աջակցում է Միջազգային տիեզերակայանի բեռնատարողության կատարելագործմանը։

Ավստրիական տիեզերական ֆորումի անալոգային աստղագնաց դառնալու փորձերը Սիմոնեն սկսել է 2014-ից։ Ընտրության փուլը չհաղթահարեց, սակայն այնքան էր հավանել կազմակերպության ստեղծած միջավայրը, որ որոշեց կամավոր դառնալ։ AMADEE-24-ը նրա առաջին առաքելությունն է։

«Ես որոշեցի միանալ նրանց։ Որպես կամավոր մասնակցեցի ուրիշ առաքելությունների, 2015-ին` Ավստրիայում, 2019-ին` Օմանում, 2022-ին` Իսրայելում` տարբեր դերակատարումներով։ 2019-ին անալոգային աստղագնացների հաջորդ բաց կանչն էր, ես որոշեցի նորից փորձել և տեսնել՝ ինչ կստացվի։  Եվ այս անգամ  ինձ ընտրեցին։ 2019-ին ես դարձա Ավստրիական տիեզերական ֆորումի կողմից ընտրված աստղագնացներից մեկը»։

Լուս՝ Ավստրիական տիեզերական ֆորումի

Նախաճաշին և քննարկումներին հաջորդելու է սկաֆանդրներով կյանքը։ Երկու անալոգային տիեզերագնացները կրելու են  50 կգ կշռող սկաֆանդրը, երեքն օգնելու են հագնել դրանք, 6-րդն աշխատելու է  կառավարման վահանակի մոտ:

«Հաբիթաթում կապի տեղ կա առաքելության աջակցության Վիեննայի կենտրոնի հետ, բացի այստեղի մարդկանցից՝ մի ամբողջ թիմ  աշխատելու է այնտեղ և  օգնելու է  մեզ։ Պատրաստում են օրվա ծրագիրը, նրանք են գիտնականների հետ կապի միջոցը, եթե հանկարծ որևէ խնդիր լինի»։

Երբ անձնակազմի անդամները վերադառնան հաբիթաթ, կհանեն սկաֆանդրները, կընթրեն ու կանցնեն փորձարկումներին։ Նրանք տվյալները փոխանցելու են ավստրիական կենտրոնում աշխատող գիտնականներին, նաև հարցաշարերի են պատասխանելու, տարբեր հաղորդագրություններ են ուղարկելու աջակցության կենտրոն։ Անալոգ տիեզերագնացների միակ ազատ փուլը քնի համար հատկացված ժամերն են, սակայն սա ևս միանշանակ չէ։ Սիմոնե Պետերնոստրո․

«Ամեն ինչ կախված է նրանից, թե օրն ինչպես կանցնի։ Եթե ակնհայտորեն ինչ-որ բան չաշխատի, սկաֆանդրը կամ որոշ փորձեր, այդ դեպքում կարող է անսարքությունների վերացման համար երեկոյան ժամանակն էլ օգտագործես։ Դա միակ ժամանակն է, որ կարող ես անել այն, ինչ ծրագրված չէ»։ 

Լուս՝ Ավստրիական տիեզերական ֆորումի

Հաբիթաթի ներսի և դրսի թիմերը պետք է միմյանց լիարժեք հասկանան։ Մեհլիսի խոսքով՝ սա նաև մարդու և տեխնոլոգիաների համագործակցություն է։ Նախորդ առաքելության ժամանակ իր ուշադրության կենտրոնում հենց այս ասպեկտն էր, սակայն նրան զարմացրեց ոչ թե տեխնոլոգիական, այլ մարդկային գործոնի կարևորությունը։

«Ինձ զարմացրեց, թե որքան կարևոր է մարդկային գործոնը։ Եթե դու չատում գրում ես պայմանական Երկրին,  յուրաքանչյուր ուղղությամբ 10 րոպե ուշացում  է լինում և դու միայն տեքստ ունես։ Մենք սովոր ենք էմոցիաներ արտահայտելու համար էմոջիներ օգտագործել, օրինակ, ինչպես WhatsApp-ում ենք անում,  բայց եթե դու միայն տեքստ ունես, մի տեսակ դժվար է զգացմունքներ փոխանցելը»։

Մարդկային գործոնն ուսումնասիրելու համար առաքելությունից առաջ անալոգ տիեզերագնացները կլրացնեն «Հույզերի կարգավորման հարցարանը» և կպատասխանեն բաց հարցերի սպասվող առաքելության վերաբերյալ։ Առաքելության ընթացքում նրանք նաև կոնֆիդենցիալ օրագրեր կլրացնեն։

Back to top button