Էկոսֆերա

Սնդիկ․ ի՞նչ խնդիր է առաջացնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար․ «Էկոսֆերա»

2026 թվականից ողջ աշխարհում կարգելվի սնդիկի արդյունահանումը։ Այն երկրները, որոնք միացել են Մինամատայի, Բազելի կոնվենցիաներին ստանձնել են նման պարտավորություն։

Ի՞նչ է անում Հայաստանն այս ուղղությամբ, որքանո՞վ է վտանգավոր սնդիկի առկայությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Թեև Հայաստանը սնդիկ արդյունահանող երկիր չէ, սակայն ներկրվող ապրանքների և խորհրդային տարիներից ժառանգած պաշարների առկայության մասով ունենք խնդիրներ, ինչն էլ խթան է դարձել միանալու Մինամատայի կոնվենցիային, որը Հայաստանը ստորագրել է 2013 թվականին, վավերացրել՝ 2017-ին։

Հայաստանն անդամակցում է նաև Սեպայի, Բազելի կոնվենցիաներին, որոնցով ևս ստանձնել է պարտավորություն՝ հրաժարվել սնդիկի շրջանառությունից։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ սնդիկի շրջանառության արգելքի մասով աշխատանքներ տարվել են։

Սնդիկը կայուն աղտոտիչ է և մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը մանրամասնելով նշում է, թե ինչ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ սնդիկի ներթափանցումն օրգանիզմ։

Որտե՞ղ և ո՞ր ապրանքներում կարող ենք հանդիպել սնդիկ։ Վտանգավոր են կենցաղային այն ապրանքները, որոնք պարունակում են սնդիկ և մարդիկ ակտիվորեն գործածում կամ շրջանառում են, քանզի վերջնարդյունքում այն հայտնվում է շրջակա միջավայրում, լավագույն դեպքում՝ աղբավայրում։ Օրինակ՝ սնդիկ պարունակող ջերմաչափերը կամ նախկին տոնոմետրերը, ճնշման մեխանիկական չափիչ սարքերը, որոնք դեռևս հնարավոր է գտնել շրջանառության մեջ, ինչպես նաև ցերեկային կամ լյումինեսցենտային լամպերը և այլն։

Back to top button