Վերնատուն

Հնագույն երաժշտությունը՝ ինքնաբավ բոլոր ժամանակներում․ «Վերնատուն»

«Հնագույնն ինքն իրեն ձևակերպում է․ ասել է թե՝ գույն ու արժեք ունի», – ասում է «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը։

Սեդրակ Երկանյանը շուրջ երեք տասնամյակ ղեկավարում է «Տաղարան» համույթը, որը հիմնադրվել է անցյալ դարի 80-ականներին։ Իր ղեկավարման տարիներից բախվելով գերատեսչական մի շարք խնդիրների, փորձել է պաշտպանել ու պահպանել համույթը։

Ասում է «Տաղարանի» խնդիրը իր համար անձնական է։ «Չպետք է կորցնել այն ինչ ունենք, որովհետև վաղը առանց դրանց մենք չենք կարող խոսել «հնագույնի» մասին», – ասում է նա։

Սեդրակ Երկանյանը ցավով նշում է, որ «հնագույնը» մեզանում սկսվում է քրիստոնեական ժամանակաշրջանից, նշում է, որ հենց հեթանոսական շրջանի երգերի ու ձոների մեղեդիների հիման վրա է կառուցվել քրիստոնեական մեղեդիները։

Դիրիժորն իր երգացանկում ընդգրկել ու օրերս էլ առիթ է ունեցել անդրադառնալու նախաքրիստոնեական խաղիկներին։ Ժողովրդական, հոգևոր, միջնադարյան, բարոկ, դասական երաժշտությանը զուգահեռ «Տաղարանի» երգացանկում ընդգրկված են հեղինակային ծրագրեր, այլ երկրների՝ չինական, ֆրանսիական, գերմանական հնագույն երաժշտություն, ամերիկյան նեգրո սփիրիթուալ երաժշտություն և այլն։

«Դուք ձեզ կպատկերացնե՞ք առանց Նարեկացու «Հավուն հավունի», առանց Խորենացու «Ծագումն հրաշալիի» կամ Պատարագի խորհուրդ խորինի, դրանք երաժշտական գանձեր են, էնպիսի հոգեկան, հոգևոր, տիեզերական բարձր լիցքեր ունեն, որ չեք կարող դրանց վրայից քայլելով գնալ ուրիշ արահետներով, սրանք մարդուն են ձևավորում, որպես տվյալ ազգի ներկայացուցիչ, գերմանացին կարո՞ղ է իրեն պատկերացնել առանց Բախի», – ասում է Սեդրակ Երկանյանը։

«Տաղարան» համույթի առաջիկա համերգը տեղի կունենա մարտի 14-ին։ Ներկայացվելու է երգեհոնային կոնցերտներ։

Back to top button