Երաժշտական եռանկյունի

«Մենուա» նախագծի նոր համերգաշրջանը. «Երաժշտական եռանկյունի»

Հայկական ավանդական փողային գործիքներին տիրապետող երաժիշտ, նորարար և վարպետ Նորայր Քարտաշյանը դասվում է Հայաստանի լավագույն կատարողների շարքին։ Մասնակցել է բազմաթիվ նախագծերի, հայտնի է նաև սեփական նվագախմբային նախագծերով, որոնցից մեկի՝ «Մենուա»-ի շրջանակներում համերգներ է ունեցել Հայաստանում և Շվեդիայում։

Նորայր Քարտաշյանը 1988-1992 թվականներին աշխատել է Տավուշի մարզում, երաժշտական դպրոցում բացել և ղեկավարել է դուդուկի, սրինգի դասարաններ։ 1992-1996 թվականներին դասավանդել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես դուդուկի և շվիի ուսուցիչ։

Թողարկել է «Hot Sax» (1993, սաքսոֆոնի կատարումներ), «Melodies from Antiquity» (2004, սրինգի կատարումներ) ձայներիզները։

2000 թվականին (ընկերների հետ)  հիմնել է «Կատուներ» խումբը, որի «Norewan» ձայներիզը թողարկվել է 2007 թվականին։ Մասնակցել է «Armenian Navy Band» խմբի «Որքան է քոնը» ձայներիզի ստեղծմանը, որը BBC-ի «Music Awards» մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույնն աշխարհում։

Քարտաշյանի «Ծառաստան» անհատական ալբոմը, որը թողարկվել է 2010 թվականին, ընդգրկում է 12 ստեղծագործություն։

1999 թվականից համագործակցում է «Armenian Navy Band» խմբի և Արտո Թունջբոյաջյանի հետ։ Ղեկավարում է «Վան» նվագախումբը (առաջին ելույթը՝ 2011 թվականին, Երևանում)։

Նրա «Մենուա» նախագիծն առանձնանում է յուրահատուկ հնչողությամբ, ինչին երաժիշտը հասնում է ոչ միայն ուրույն մշակումների, այլև այն բանի հաշվին, որ նվագախմբի շատ նվագարանների հեղինակն ինքն է՝ Նորայր  Քարտաշյանը։

«Ավանդական նվագարաններն ինձ համար հիմք են հանդիսանում նոր գործիքներ ստեղծելու համար։ Դա թույլ է տալիս ոչ միայն ընդլայնել գործիքների նվագաշարը, այլև ստանալ նոր, ավելի գունեղ և խորը հնչողություն, տեմբր։ Ստեղծել եմ դուդուկների նոր, ամբողջական ընտանիք (ալտ, բարիտոն և բաս-դուդուկ), բլուլի սեփական մոդիֆիկացիաները, օգտագործում եմ պկուն և պարկապզուկը, ինչպես նաև հարվածային գործիքների իմ սեփական տարբերակները», -ասում է երաժիշտը։

«Մենուա» նախագծում ընդգրկված է նաև թավջութակ, ինչպես նաև, ապրիլին կայացած համերգներում՝ հրավիրյալ քանոն նվագարանը։ Ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության մշակումները կատարում է ինքը՝ Նորայր Քարտաշյանը, իսկ դրանց կողքին ընդգրկված են նաև նրա սեփական ստեղծագործությունները։ Երաժիշտը համարում է, որ ավանդական երաժշտության զարգացումը պայմանավորված է վերջին հանգամանքով։

Ապրիլին Շվեդիայում ունեցած համերգով «Մենուան» դուրս եկավ միջազգային ասպարեզ՝ ներկայացնելով հայկական ավանդական և հեղինակային, ընգծված էթնիկ հնչողություն ունեցող երաժշտությունը հյուսիսային մի երկրում, որտեղ շատ ամուր են սեփական ֆոլկլորի հանդեպ վերաբերմունքն ու պատկերացումները։ Ինչպես նշում է նախագծի ղեկավարը, նման հանդիսատեսի մոտ հաջողության հասնելը, ինչպես նաև հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը հեշտ չէ, քանի որ այն մեծամասամբ ընկալվում է որպես արևելյան երաժշտության ինչ–որ դրսևորում։ Նորայր Քարտաշյանն իր առաքելությունը տեսնում է նման կարծրատիպային պատկերացումները քանդելու մեջ՝ ներկայացնելով հայկական ավանդականը նոր գեղագիտական հնչողությամբ և ժամանակակից մատուցմամբ։

Ինչպես նշում է երաժիշտը՝ «Մենուան» միշտ դինամիկ զարգացման ընթացքի մեջ է, նոր կառուցվածքների, տեմբրերի և ձևերի որոնման ուղիներում, և ստեղծագործական լուծումների նոր ձևաչափերի գյուտարարության ծիրում։

Back to top button