Սփյուռքի ձայնը

Մեծ մտքերը՝ մեծ գործերի նախադրյալ. «Սփյուռքի ձայնը»

Հայաստանյան բիզնեսն ու կրթական միջավայրերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք հաճախ հայրենադարձներին խանգարում են արագ ինտեգրմանը՝ ասում է «Բիգ մայնդ» ընկերության  հիմնադիր Հակոբ Մակդիսը։ «Բիգ մայնդ»-ը  նպաստում է հայրենադարձների լեզվական խնդիրների հաղթահարմանն ու բիզնես ուղղությունների ընտրությանը։ «Մեծ մտքերը մեծ գործերի նախադրյալ են», – նշում է Հակոբը, որը 2019-ը թվականին Սիրիայից տեղափոխվել է Հայաստան` մշտական բնակության։

«Մենք այսօր ունենք մեծ խնդիրներ, որոնք պահանջում են արագ լուծումներ։ Իսկ այդ ճանապարհին, որը բարդ է, կարող են իրենց ներդրումն ունենալ սփյուռքահայերը՝ Հայաստանում իրենց ներկայությամբ», — նշում է Հակոբ Մակդիսը։

Ընկերությունը մի քանի տարվա պատմություն ունի, սակայն հասցրել է իրականացնել մի շարք միջոցառումներ ու հանդիպումներ բազմաթիվ հայրենադարձների հետ։

«Համագործակցելով հայրենադարձության ու ինտեգրման կենտրոնի, «Վերադարձ Հայաստան» և «Հովնանյան» ընտանեկան հիմնադրամների հետ՝ ներդրել ենք հայրենադարձներին աջակցելու մշակույթ և ուղղություն։ Իսկ այդ խնդիրները շատ են՝  մայրենի լեզվի, հարկային ու հաշվապահական հարցերից մինչև ներդրումներ տարբեր շուկաներին ծանոթություն։ Մեր երկրին օգնելու համար պետք է զարգացնել տնտեսությունը։ Այսօր ՏՏ ոլորտից բացի կան նաև այլ ոլորտներ, օրինակ՝ գյուղատնտեսական ու էկո ոլորտները, որոնք այսօր զարգացման ու ուշադրության կարիք ունեն։ Ինչ վերաբերում է արտահանման գործընթացին ու այդտեղ էլ հայրնեդարձների մասնակցությանը, ապա մենք համատեղ քննարկում ենք նոր երկրների ու շուկաների բացահայտումն ու գրավումը։ Օրինակ՝ աֆրիկյան երկրներ, որտեղ շատ արտադրանքների ներկայացման հնարավորություն կա», — ասում է Հակոբ Մակդիսն ու ավելացնում, որ նման գործընթաց արդեն սկսվել է որոշ ապրանքատեսակաների արտահանմամբ։

Back to top button