Հայկական ավանդական տարազը յուրահատուկ վկայությունն է հայ ժողովրդի ինքնության, մտածողության, դարավոր պատմության և հարուստ մշակույթի:
Բացառիկ գեղեցիկ, լի՝ բարի նպատակներով ու խորունկ իմաստով, հազարամյակների պատմություն ունեցող հայկական տարազը հնարավորություն է տալիս հանգամանալից պատկերացում կազմել հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների, պատմության, մշակույթի ինքնատիպության, ազգային խառնվածքի առանձնահատկությունների մասին։
Անցնելով պատմական զարգացման երկար ուղի՝ հարուստ ու բազմազան հայկական տարազը հանդիսացել է մեր ժողովրդի մտածողության արտացոլանքը, արտահայտել է մեր ինքնությունը, եղել այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը:
Ու չնայած ներկայումս հայերն առօրյա կյանքում տարազ չեն կրում, բայց ազգային հագուստի տարրերը շարունակում են իրենց ուրույն տեղը գտնել ներկայիս նորաձևության մեջ՝ ընդգծելով և պահպանելով մեր հարուստ պատմությունն ու մշակույթը:
Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի տարազագիտություն առարկայի դասախոս Թագուհի Զաքարյանի հետ: