Սփյուռքի ձայնը

Հայ թեկնածուները՝ Իրանի նոր խորհրդարանում. «Սփյուռքի ձայնը»

Համայնք-պետություն հարաբերությունների փոխարեն տարիներ շարունակ սփյուռքի շատ օջախներում գործել են կուսակցություն-պետություն հարաբերությունները` ասում է Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը`անդրադառնալով  Իրանում մարտի 1-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին։

Ինչպես նախորդ, այնպես էլ նոր ձևավորվող խորհրդարանում, լինելու են հայ պատգամավորներ։ Նրանք թեև չունեն քաղաքական նկրտումներ, սակայն կարող են համայնքային, համայնք-պետություն և գլխավորը՝ պետություն-պետություն (Իրան-Հայաստան) հարաբերություններում մեծ դերակատար լինել։

«Թեկնածուները համայնքի խնդիրներին քաջատեղյակ են և կարող են մեծ ազդեցություն ունենալ կառավարության վրա՝ դրանց լուծումների համար։ Ու թեև մեր պատգամավորները որևէ պաշտոնի կամ քաղաքական առաջխաղացման հնարավորություն չունեն, սակայն ունեն բոլոր այն նույն հնարավորությունները, ինչ մյուս պատգամավորները․ հարցերի բարձրաձայնում, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ և այլն», — ասում է պարբերականի խմբագիրն ու ավելացնում, որ այս տարիների ընթացքում հայ խորհրդարանականներն իրենց տրված իրավունքներն ու գործառույթները  թերի են կատարել։

«Տասնամյակներ շարունակ լիարժեք լուծումներ և օրենսդրական նախաձեռնություններ մեր պատգամավորների առաջարկությամբ  չեն իրականացվել ո՛չ ցեղասպանության  ճանաչման, ո՛չ այդ երկրում ազգային փոքրամասնությունների պաշտոնների զբաղեցման, ո՛չ մեր ժառանգության  և ո՛չ էլ այսօր՝ երկու երկրների հարաբերությունների բարելավման համար», – նշում է Մովսես Քեշիշյանը։

«Արաքսի» խմբագիրը նաև հավելում է, որ կրոնական երկիր Իրանում հայ առաքելական եկեղեցու դերը ազդեցիկ չէ, իսկ դա պայմանավորված  է ներհամայնքային տարաձայնություններով։

Back to top button