ԿարևորՀասարակություն

«Վայրի դպրոց»․ հետազոտություն առանց մեթոդի

Հոդվածագրի խնդրանք

Ես խուլ եմ։ Առաջին օրը, երբ Աբովյան 66-ում Կամիլ Չալաևը պատմում էր ձայնային թերապիայի մեթոդի մասին, ասաց, որ այն ըմբռնելու համար նախ՝ պետք է հասկանալ երաժշտությունից, ապա՝ դառնալ գործընթացի մասնակից և հետո միայն փորձել վավերագրել։ Ես մտածեցի՝ Չալաևը նրբանկատորեն թույլ է տալիս, որ ինքս հանգեմ եզրակացության՝ սա «վավերագրվող» նյութ չէ, ու ինքնակամ հրաժարվեմ այդ մտքից։ Ավելի ուշ մտածեցի, որ այդ «բացը» (կիսատ թողած սոլֆեջիոյի դասերը, աուտիզմի վերաբերյալ բժշկական գիտելիքներ չունենալը) գուցե պետք է ոչ թե հետքայլի առիթ դարձնել, այլ, հակառակը, օգտագործել և մեկնարկել անտեղյակ դիրքավորման կետից։ Չէ՞ որ մեծ հավանականությամբ հենց այս կետից են նայելու վավերագրությունը։ 

Ես կույր եմ։ Սկզբում մտածում էի, որ սա կարող է լինել վիզուալ հետազոտություն` վիզուալ մարդաբանության նմանությամբ:  Չալաևի խորհրդով դասերին զուգահեռ սկսեցի կարդալ Իրիս Յոհանսենի «Յուրահատուկ մանկություն» գիրքը՝ գրված նախկին աուտիստի կողմից։ Մասամբ հրաժարվեցի իմ նախորդ մտքից։ Ես մուտք չունեմ այն տարածաժամանակային տիրույթ, որում գտնվում են այդ սինդրոմով երեխաները։ Իրականության մեջ կան շերտեր, որոնք հասանելի չեն մարդու աչքին, հետևաբար՝ նաև տեսախցիկին։ Եվ այսպես, իբրև հետազոտողի՝ երաժշտության իմ չիմացությանը գումարվեց նաև տեսախցիկի կուրությունը։ Աստիճանաբար սա դարձավ հետազոտություն՝ առանց մեթոդի։ Ես խուլ եմ, տեսախցիկը՝ կույր, ուրեմն, ինչպե՞ս շոշափել երևույթը։ Գուցե բանալին Չալաև՞ն է․ չէ՞ որ նա «մեր գալակտիկայից է», բայց փորձում է հաղորդկացվել մյուսի հետ։   

Հիշողություններ աուտիզմի մասին

Ալեգորիաները մի կողմ թողնելով և Յոհանսենի գրքի օգնությանը դիմելով՝ պարզեցնեմ միտքս։ Եթե Դուք լսեք ինչ-որ մեկի ճիչը, ամենայն հավանականությամբ կմտածեք, որ այդ մարդը վախեցավ կամ էլ ուզում է վախեցնել։ Չի բացառվում նաև, որ խիստ զայրացած է։ Դժվար թե մտածեիք, որ այդ ճիչը հիացմունքի արտահայտման ձև է։ Աուտիզմ ունեցող երեխաների մոտ ճիչը հենց այս վերջին բացատրությունն ունի։ Յոհանսենն իր գրքում պատմում է դեպքը, իսկ հետո հավելում․ «Ես ճչացի, ճչացի խելահեղ հիացմունքից»։ Սա փոքրիկ օրինակ է աուտիզմին նորմալության աչքերով չնայելու համար։ 

Գրողը բազմաթիվ իրավիճակներ ու պատմություններ է պատմում, որտեղ իր վարքը չի տեղավորվում մեզ համար ընդունելի կատեգորիաների մեջ։ Նրա նշած ախտանշանները հետագայում նկատեցի Չալաևի աշակերտների մոտ։ Այստեղ պետք է զգուշավորություն դրսևորել «ախտանշաններ» տերմինը կիրառելիս, քանի որ աուտիզմի դեպքում ընդհանրացումներ անել գրեթե հնարավոր չէ։

Յոհանսենը գրում է իր «մշուշային կարգավիճակի մասին», որտեղ մնալը չափազանց հանգիստ ու հարմարավետ է։ Կոնտակտի դուրս գալ աուտիզմ ունեցող երեխաների հետ, ենթադրաբար, նշանակում է փոքրիշատե ցրել այդ մշուշը, որը թույլ կտա նրանց տեսնել արդեն իրականության այն տիրույթը, որում մենք ենք։ Կամ պարզապես տեղավորվել այդ մշուշում, որում երեխան է։ Գրքի հերոսուհու հետ այդ կոնտակտը հայրն էր փորձում ստեղծել։ Նա շատ ժամանակ էր անցկացնում աղջկա հետ և փորձում բացատրել օրինակ «Ես»-ի, «Դու»-ի ու «Մենք»-ի տարբերությունը։ Դրա համար հաճախ հայելու առջև ժամեր էին անցկացնում։

Վերացարկվելով առանձին դեպքերից՝ փորձեմ ընդհանարացնել այն, ինչ կարելի է նկատել անզեն աչքով՝ առանց բժշկական կրթության։ Աուտիստները հաճախ չունեն ցավի զգացողություն։ Սա նշանակում է, որ նրանք կարող են վայր ընկնել և ոտքի կանգնել՝ ասես ոչինչ չի եղել։ Կարող են վնասել իրենք իրենց և ընտանիքի անդամներին (օրինակ՝ կծել)։ Նրանք չունեն ինքնապաշտպանության զգացողություն, հետևաբար, կյանքի համար վտանգավոր իրավիճակները չեն գիտակցում։ Չունեն սոցիալական վարքի ընդօրինակում, հետևաբար, դժվարությամբ կըմբռնեն, որ ամեն առավոտ անհրաժեշտ է մաքրել ատամները, լվացվել, հագուստ հագնել, բնական կարիքները հոգալ ոչ բոլորի ներկայությամբ և այլն։ Աուտիզմի սինդրոմ ունեցող երեխաները հաճախ քայլում են ոտնաթաթերի վրա՝ բալետի պարողների նման։ Նրանք երբեմն կարող են կորցնել հավասարակշռությունը և ուղղակի «թափվել» գետնին։ Նկատելի նշաններից է նաև ձեռքի մատների միջոցով ձայներ արձակելու միտումը (ճտճտացելը)։ Հաճախ այս երեխաները խոսքի զարգացման խնդիր ունեն և հաղորդկցվում են՝ թռչունների ձայներ արձակելով։

Վայրի դպրոց՝ Աբովյան 66-ում 

Կոմպոզիտոր Կամիլ Չալաևը ծնվել է 1962-ին Ռուսաստանի Ժողովրդական արտիստ Շիրվանի Չալաևի ընտանիքում։ 1989 թվականից բնակություն է հաստատել Փարիզում, որտեղ էլ 1999-ին կնոջ՝ խորեոգրաֆ Սաբին Ժամեի հետ ստեղծել են «Վայրի դպրոցը» (École Sauvage NALi)։ Տարբեր երկրներում (Ֆրանսիա, Իսրայել, Ուկրաինա և այլն) աշխատել են աուտիզմ ունեցող երեխաների հետ՝ Չալաևի ձայնային թերապիայի մեթոդով։ Հետագայում այս փորձառությունը Չալաևն ամփոփել է, «Дети великолепия: опыт музыкософии» (Издательство Алетейя, Санкт-Петербург, 2021) գրքում։ Արդեն երկու տարի դպրոցը գործում է Երևանում՝ «301․ Իմաստության երկիրը» հիմնադրամի հրավերով։

Մինչև Չալաևի դպրոց գալը աուտիզմ ունեցող երկու երեխայի հետ եմ առնչվել, այն էլ՝ մի քանի ժամով։ Երկուսի դեպքում էլ սյուժեն հանրակրթական դպրոցում ինտեգրվելու մասին էր, այսպես ասած, հաջողության պատմություններ, որից դուրս էի թողել իմ անհաջողությունը այդ երեխաների հետ կոնտակտի դուրս գալու հարցում։ 

Մի քանի ամիս է հաճախում եմ «Վայրի դպրոցի» պարապմունքներին, հետևում ընթացքին, ինչ-որ չափով նաև մասնակցում։ Ամենասկզբում դասերից հետո նոթատետրում գրառումներ էի անում․ այդ ժամանակ նկարելու համաձայնություն դեռ չունեի։ 

Չնկարված էպիզոդ․ «Կազմակերպված քաոս»

Ֆլեշբեք 1. Չալաևն առաջարկում է աշակերտին ընտրել դիսկերից մեկը։ Երեխան ձեռքով ցույց է տալիս կարմիրը։ Միանում է Շումանի «Թիթեռները»։ Իմպրովիզ երաժշտությանը փոխարինում է իմպրովիզ ծիսակարգը։ Չալաևը՝ վինիլը ձեռքին, մեկ աջ պտույտ է անում, մեկ՝ ձախ։ Աշակերտը կրկնօրինակում է նրան։ Ձեռքով նշան է անում, որ ես էլ միանամ։ Գլխատույտից խուսափել ստացվում է, սակայն իրականությունն սկսում է լղոզվել ոտքերիս տակ։ 

Դուռը բացելուն պես աչքիդ առաջ է հայտնվում երաժշտական ծառը։ Ծառ, որը կարող է ղողանջել և կարող է հարվածային ձայներ արձակել։ Դպրոցը լիքն է իրերով․ յուրաքանչյուրն այստեղ հաստատ իրեն հետաքրքրող մի բան կգտնի։ Երաժշտական գործիքներ, խաղալիքների պարկ, առաջին հայացքից անհասկանալի իրերով լցված արկղ, անգամ բժշկական կամերտոններ։ Հեքիաթային խաղահրապարակ ցանկացած երեխայի համար, որի բնածին հետաքրքասիրությունը դրդելու է դիպչել, քանդել, բացել, հնչեցնել և այդպիսով բացահայտել։

Եվ այս ամենի կենտրոնում Չալաևն անընդհատ մի խաղ-գյուտ է անում՝ ուղղորդելով դեպի բացահայտում։ «Վայրի դպրոցում» ուսուցիչը կարգապահության ջատագով չէ․ հաճախ ինքն է ստեղծում քաոս, նրա կարգը կարգի բացակայությունն է։ Կազմակերպված քաոսն ազատության զգացողություն է ստեղծում, և սկսվում է փոխգործակցությունը երաժշտության հետ։ Արդյունքում՝ ձայնային թերապիայի միջոցով բարելավվում է երեխայի հաղորդակցությունը։ 

«Վայրի դպրոցը» երկու բառով կարելի է այսպես ձևակերպել՝ ձայնային հրավառություն և վիզուալ անհամաչափություն։ Փորձեմ բացատրել․ դպրոցում կենդանի թանգարան կա, Չալաևի երաժշտական գործիքների հավաքածուն ձայնային թերապիայի հիմքում է։ Այդ գործիքներն ընդունակ են ներկայում պայթեցնել անտիկ, միջնադարյան ու նախորդ դարի ձայները։ Վիզուալ անհամաչափություն ասելով պետք է հասկանալ աուտիզմ ունեցող երեխաների մաներաները։ Նրանք կարող են բալետ պարողի նման քայլել, ձեռքերը հաճախ նվաղ են (մոտորիկան զարգացած չէ), երբեմն էլ կարող են թռչունների ձայներ արձակել։

Աուտիզմ ունեցող երեխաների մոտ կհանդգնեմ ասել, որ ներդաշնակությունը «խախտված» է (նորմալության դիտանկյունից): Մարդկային մարմնի մեջ մարդկային էությունը (գիտակցումը, որ ինքը մարդ է) լիովին հաղթանակ չի տարել։ Պայքարը, որը ենթադրաբար, պետք է ավարտվեր մինչև ծնունդը, շարունակություն է գտել ծննդից հետո, մարդը վճիռ չի կայացրել:

Ֆլեշբեք 2։ Դասի ընթացքում եռանդուն խաղացող երեխան, երբ դասի ավարտին հասկանում է, որ գնալու ժամն է, անսպասելի ագրեսիվ է դառնում։ Արագ մոտենում է սանթուրին, և չես էլ հասցնում աչք թարթել, երբ գործիքի լարերը պոկված ես գտնում։ Ի՞նչ է անում «հայրը», երբ մի երեխան վնասում է մյուսին։  Որքան էլ Չալաևի համար թանկ է երաժշտական գործիքների հավաքածուն, նա հունից դուրս չի գալիս։ Երեխային ճանապարհելուց հետո զբաղվում է մյուս երեխայով՝ վնասված սանթուրով։ Չալաևին հունից հանում է ոչ թե աշակերտի ակտիվությունը, այլ պասիվությունը, դա նշանակում է, որ չի հաջողվում նրա հետ կոնտակտի դուրս գալ։

Ո՞ւմ ձեռքում է գործիքը

Երեխաների վարքը տարբեր է․ մեկը կարող է անընդհատ սենյակի մի ծայրից մյուսը վազել, մյուսը կարող է փորձել ինքն իրեն վնասել և գլուխը, օրինակ, հարվածել Չալաևի ծնկին։ Հաջորդը կարող է անսպասելի հավասարակշռությունը կորցնել և ընկնել գետնին։ Մեկ այլ դեպքում երեխան կարող է ամբողջ ընթացքում ոչինչ չանել ու պարզապես նստել։

Յուրաքանչյուր դրվագ տարբերվում է նախորդից․ եթե մեկի հետ հնարավոր է աշխատել ֆլեյտայով, ապա մյուսի համար պետք է աղմուկ ստեղծել։ Երբ երեխան թռչկոտում է, Չալաևը նրան համահավասար թռչկոտում է։ Երբ երեխան գոռում է, Չալաևը մտնում է խաղի մեջ, չի ընդհատում, նրա հետ գոռում է, անգամ՝ ավելի բարձր։ Երբեմն Չալաևն է հաղորդակցության նախաձեռնող դառնում․ ինքն է ստեղծում երեխայի և գործիքի հպումը։ Աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաները սկսում են բացահայտել ձայնային աշխարհը։ Նույն գործիքը տարբեր երեխաների ձեռքում տարբեր է հնչում․ այստեղ գործիքը երեխայի մասին պատմում է ավելին, քան ծնողը, բժշկական դիագնոզները։

Այստեղ երեխաները հակազդեցության չեն հանդիպում։ Երբ ծնողները ներկա են լինում պարապմունքին, փորձում են արգելակել երեխայի վարքը․ օրինակ՝ երբ աշակերտն անընդհատ նույն արտահայտությունն է կրկնում, ծնողը հեռվից, հոգնատանջ ձայնով խնդրում է, որ դադարեցնի նույնի կրկնությունը։ Երեխաներն այստեղ երջանիկ են։ Նրանց չեն փորձում «նորմալացնել»։ Հակառակը՝ նրանց տրված է լիարժեք ազատություն և ընտրության հնարավորություն։

Այս գործընթացում, բնականաբար, ծնողներին հետաքրքրում է արդյունքը։ Իսկ ի՞նչ է պետք հասկանալ արդյունք ասելով։ Կախված բառի սահմանումից՝ կարող ենք ասել, որ այստեղ արդյունք և հնարավոր է, և հնարավոր չէ։ Հնարավոր չէ այն առումով, որ այդ արդյունքը դեռևս գիտականորեն ապացուցելի չէ։ Մյուս կողմից, մեկ անգամ արդյունքի հանգեցրած մեթոդը կիրառելի չէ բոլորի դեպքում․ ինչպես արդեն վերևում պատմել ենք, յուրաքանչյուր երեխայի բանալին պետք է անհատապես գտնել։ 

Կա օրինակ, երբ Չալաևին հաջողվել է իր աշակերտին «այս կողմ» քաշել, բերել մեզ համար տեսանելի, ընդունված տարածություն։ Եվ վճիռը կայացել է, երեխան որոշել է այս կողմում մնալ։ Մեկ այլ դեպքում ջանքերը վճռի չեն հանգեցրել։ Ծնողները, թերևս, պետք է գիտակցեն, որ այս պարագայում ամենափոքր ձեռբերումն արդեն իսկ հսկայական է։

Նկարված էպիզոդ․ «Բրոունյան շարժում»

Թբիլիսի, Արթ Հաուս սրճարան։ Վրաստանում Կամիլ Չալաևի առաջին մաստեր-կլասն է։ Երաժշտական ամբողջ քաոսի ընթացքում պատանին նստած է բազկաթոռին։ Երբ միջոցառումը մոտենում է ավարտին, Չալաևը սկսում է Մոցարտի «Թուրքական մարշը» նվագել։ Ոչ թեթև քաշային տղան սկսում է թիթեռնիկի նման թռվռալ։ Նրան չափազանց երջանկացնում են Վոլֆգանգ Ամադեուսի հնչյունները։ Կադրի ձախ անկյունում կինն զբաղված է իր երեխաներով, կենտրոնում շրջաններ գծող աուտիստ տղան է, աջ անկյունում՝ հաճախորդներին պատվերը տեղ հասցնող մատուցողը։ Մի քանի քառակուսի մետր մակերեսի վրա մի քանի իրականություն է։ Յուրքանչյուրն իր իրականության տերն է։

Քաոսը, որ ստեղծմում է միջոցառման ընթացքում, սրճարանի հաճախորդները դժվար են մարսում։ Նրանց հաճելի չէ աղմուկը, թեև միջոցառման մասին նախապես հայտարարվել է։ Բրոունյան շարժումը նեղում է այլ կատեգորիաներով առաջնորդվող հասարակությանը, բացակայում է սոլիդարությունը տարբերության նկատմամբ։ 

Ֆրանսիայի Կյուրիի ինստիտուտի պրոֆեսոր Անդրեյ Զինովևը, որի որդու հետ աշխատել է Չալաևը, իր ելույթում, մեջբերելով դոկտոր Ստեֆան Շորին, գրում է․ «Եթե դուք ճանաչում եք մեկ աուտիստի, դա նշանակում է, որ դուք ճանաչում եք մեկ աուտիստի»։

Պետք է գտնել յուրաքանչյուր երեխայի բանալին։ Դա ժամանակատար է, ջանքեր է պահանջում, հաճախ՝ անմարդկային։ Այն, ինչ հիմա անում է Չալաևը, «Know How» է, որը գուցե 10-20 տարի անց ակնհայտ ու սովորական դառնա։ Իսկ մինչ այդ առաջիկայում դպրոցի հիմնադիր, կոմպոզիտոր Կամիլ Չալաևն առաջիկայում հանրային կներկայացնի ԲԵՄԻ (Բժշկական երաժշտության Միջազգային ինստիտուտների) ստեղծման նախագիծը։ Ինստիտուտների ցանցի ստեղծումը միտված կլինի այս խնդրի լուծմանը։

Ֆլեշֆորվարդ։ Աֆրիկացի ճարտարպետի` Ֆրենսիս Կերեի ձեռքին հայկական տուֆ է։ Ճարտարապետության աշխարհի գլխավոր մրցանակի(Pritzker Architecture Prize) 2022թ-ի հաղթողը մտածում է Հայաստանում ԲԵՄԻ կառուցման մասին։ Էկզոտիկ մտապատկերը Չալաևինն է։ Սա դարձ է ի շրջանս յուր. առաջինը Չալաևն աֆրիկացի երեխաների հետ էր աշխատել։

Back to top button