Երկրորդ շնչառություն

96-ամյա Ռոլանդ Ջանոյանի երկարակեցության գաղտնիքն առողջ, ակտիվ, լավատես ապագայի պլաններով լեցուն կյանքն է․ «Երկրորդ շնչառություն»

Այսօր արդեն պատմամշակութային արժեքներ ներկայացնող շինությունների ու հուշարձանների, ինչպիսիք են Մատենադարանը, Սարդարապատի համալիրը, Սահմանադրական դատարանի ու ԱԺ շենքերը, ջրամատակարարման, ջրահեռացման ու ավտոմատ հրդեհաշրջման ենթակառուցվածքների նախագծումն իրականացրել է 96-ամյա Ռոլանդ Ջանոյանը՝ իր գործընկերների հետ ու ղեկավարած ստորաբաժանման միջոցով: Նա հպարտությամբ է հիշում, որ աշխատել է հայ ճարտարապետության մեծությունների հետ՝ Ռաֆայել Իսրայելյան, Մարկ Գրիգորյան:

Ինժեներ-հիդրոտեխնիկ Ռոլանդ Ջանոյանն իր վերջին նախագիծը հաջողությամբ ավարտել է 88 տարեկանում: «Սևանի Կարճաղբյուր համայնքի մոտ ձկնաբուծական մեծ տնտեսության ամբողջական համակարգն այնպես նախագծեցի, որ սեփականատերը հրավիրեց, որ ինքս էլ գործի գլուխ կանգնեմ: Հրաժարվեցի»,- ժպիտով վերհիշում է զրուցակիցս:

Այսօր պայծառ մտքով ու ոգով Ջանոյանը կիսում է իր առողջ ծերության գաղտնիքը: «Շարժումն է պատճառը, մարզանքը: Ամեն օր երկու ժամ մարդը պետք է մարզվի, զերծ մնա վնասակար սովորություններից՝ ծխելը բացառել, խմելն էլ միայն առիթներին և կում-կում»,— բացատրում է նա:

Դեռ մի քանի ամիս առաջ 5 կգ ծանրաքարերով է մարզվել, հիմա մի փոքր թեթևացրել է: «Ես կոչ եմ անում, խորհուրդ եմ տալիս երիտասարդներին ու մեծերին էլ, ամեն մեկն իր հնարավորությունների չափով թող մարզանք անի, ժամանակ հատկացնի կես ժամ, մեկ ժամ»,— ասում է նա՝ հավելելով, որ վարժությունների փաթեթ ունի, որ կատարում է դեռ անկողնում ու հետո շարունակում օրվա ընթացքում:  

Նա կարոտով է հիշում, որ խորհրդային տարիներին որակյալ առողջապահությունն ու կրթությունն անվճար էին: «Բայց այն ժամանակ էլ ազգային լեզուն չէր գնահատվում: Ես տղաներիս տարա հայկական դպրոց, կոլեգաներիցս մեկն իմացավ ու ասաց, թե երեխեքի թևերը կտրեցի դրանով: Ես էլ պատասխանեցի իմ երեխեքը հայերեն էլ կիմանան, ռուսերեն էլ, անգլերեն էլ»,- պատմում է Ջանոյանն ու անթաքույց հպարտությամբ հայտնում, որ երեք տղա թոռներն էլ ճարտարապետաշինարարության ոլորտում են այսօր գործունեություն ծավալում:

Արդեն 100-ին մոտեցող ինեժեները երջանիկ ընտանիքի գրավական է համարում այն, որ ամեն մեկն իր տեղում մնա ու մյուսին հարգի: Տխրելու այսօր միայն մեկ պատճառ ունի, կեսդարյա ընկերությունն էլ չկա, ընկերները թողել են իրեն մենակ: «Վերջինին, որ մեր հարսանիքի քավորն էր, երկու տարի առաջ ճանապարհեցի…»,- տխրում է զրուցակիցս:

Back to top button