Գերդաստաններ

«Ոսկե Ցլիկ»-ից մինչև «Հրաշագործը». Ծատուրյաններ. «Գերդաստաններ»

Նրա համահեղինակությամբ է ստեղծվել հայտնի «Ինչու է աղմկում գետը» ֆիլմը, նա է «Պաղտասար ախպար», «Սպանված աղավնի» և այլ ներկայացումների ռեժիսորը։ Նա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Երվանդ Ծատուրյանն է, որդին՝ հայտնի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։

Մեծ եղեռնի տարիներին Նախիջևանից շատ հայեր փախան արհավիրքներից և հաստատվեցին տարբեր տարածաշրջաններում, շատ գերդաստաններ հաստատվեցին նաև Երևանում։ Ծատուրյանները ևս այդ խմբի մեջ էին։ Ճանապարհին Նիկոլայ Ծատուրյանի դստրերից Վարդուշը հանկարծ զգաց, որ չի տեսնում և այդպես էլ կուրացած, մի կերպ նրանք շարունակեցին ճանապարհը։

Երևանում բժիշկները հետազոտեցին Վարդուշին և եկան այն եզրակացության, որ կուրությունը երիտասարդ աղջկա մոտ առաջ էր եկել սթրեսից, քանի որ ճանապարհին տեսել էր բազում արհավիրքներ՝ սպանություններ, թալան, ավերածություններ։

Երևանում Նիկոլայի երեխաները սկսում են հաճախել դպրոց։ Տղաներից Երվանդը, որը ծնվել էր Նախիջևանում 1911 թվականին, շնորհալի աշակերտ էր և մեծ սեր ուներ  թատրոնի, կինոյի նկատմամբ։ 1932 թվականին նա ընդունվեց Մոսկվայի թատերական ինստիտոտի ռեժիսորական ֆակուլտետը, հետո մի քանի տարի աշխատեց Ռուսաստանի տարբեր մարզերում։ 1940 թվականից սկսեց աշխատել Հայաստանում և ղեկավարեց տարբեր թատրոններ ու սկսեց մասնակցել հայտնի ֆիլմերի ստեղծման աշխատանքներին, որոնք ճանաչում բերեցին ռեժիսորին։

Երվանդ Ծատուրյանը աշխատեց Բրյանսկի մարզի Չելյաբինսկի և Վլադիմիրի պատանի հանդիսատեսի թատրոններում, հիմնադրեց նաև Կալմիկիայի ռուսական դրամատիկ կոլեկտիվը, որը ժամանակի ընթացքում դարձավ պետական թատրոն։ Ռուսաստանում գործունեություն ծավալած մարդը դարձավ այնպիսի մեծ հնչեղություն ունեցող ֆիլմի համահեղինակ, ինչպիսիք են «Ինչու է աղմկում գետը», ինչպես նաև «Պաղդասար ախպար» ու «Սպանված աղավնի» բեմադրությունների ռեժիսորը։

Երվանդի տղան՝ Նիկոլայը, շատ ճարպիկ, կեսախինդ, հումորով լի տղա էր, սակայն հայրը չէր ուզում, որ որդին ռեժիսոր կամ դերասան դառնա։ Ուստի նրան ուղարկեց դաշնամուրի և հետևում էր, որ լրջորեն պարապի։ Սակայն Նիկոլայը պարտադրված էր սովորում, իսկ ուսուցիչը հաճախ էր բողոքում։ Հայրը տղային խոստացավ ժամացույց նվիրել, եթե կատարի երաժշտության հանձնարարությունները։ Սակայն, կարծես թե, տղայի մեջ պիտի խոսեր այն, ինչը բնածին էր։

Շարունակվում էին ուսուցիչ-Նիկոլայ դաշնամուրային հետաքրքիր վեճերը, երբ  երաժշտական դպրոցում նրա տքնաջան աշխատանքը գնահատվեց։ Սակայն այդ հանգամանքը ստիպեց պատանուն լաց լինել։ Եվ վերջապես տան մեծերը համոզվեցին, որ երեխային ստիպելն այլևս անհնար է։

Նիկոլայը մեծ գոհունակությամբ, սիրով գնաց ուսումը շարունակելու Թատերական ինստիտուտում, որտեղ առաջին իսկ հայացքից նրան սիրեց ու նկատեց հանրահայտ Վարդան Աճեմյանը։

Նիկոլայը շուտով մեկնեց նաև Մոսկվայում սովորելու և, երբ վերադարձավ, մեծ եղավ նրա զարմանքը, երբ Աճեմյանը նրան ընդունեց աշխատանքի որպես ռեժիսոր։ Սակայն բանիմաց ռեժիսորը ցանկանում էր նրա մուտքը թատրոն տեսնել  հաստատուն քայլերով։

Իր գործունեության սկզբնական տարիներին և հետո ռեժիսորը սիրում էր այնքան էլ հավատարիմ չմնալ դասական տեքստերին, անընդհատ փոփոխում էր, ինչից հաճախ դժգոհում էին ավագ սերնդի գործիչները։

Բոլորովին վերջերս է Վիլյամ Գիբսոնի պիեսի հիման վրա բեմադրվել «Հրաշագործը»։ Սա մի պատմություն է ինը տարեկան կույր ու խուլ աղջկա մասին, որը չէր ուզում մարդկանց հետ շփվել։ Եվ ահա ուսուցչի ջանքերով և միասնական կամքի, ցանկության ու հավատի ուժով այդ աղջիկը կարողանում է խոսել, դառնում է մաթեմատիկոս-գիտնական։ Ամեն անգամ ներկայացումը դիտելուց հետո,երբ մարդիկ դուրս են գալիս, բարձրաձայն կամ մտքում ասում են. «Սա իմ մասին էր»։

Այս գերդաստանի երիտասարդների մեջ ևս թատրոնի և կինոյի նկատմամբ մեծ սեր կա։ Նիկոլայ Ծատուրյանի դուստրը՝ Հասմիկ Ծատուրյանը, թատերագետ է։ Մեծանալով այս միջավայրում՝ Հասմիկն արդեն գիտեր, թե որն է իսկական թատրոնը, իսկական ներկայացումը։ Հոր հետ զրույցները տանում էին նրան այդ առեղծվածային աշխարհը, վերլուծությունների ու գնահատանքի ճշմարտացի ուղի հարթում, պատմում է Հասմիկը։

Դժվար է ասել, թե փոքրիկներից ով կշարունակի թատերական արվեստի գեղեցիկ ճանապարհը, ում մեջ մի կախարդական պայթյունով, անկախ ցանկությունից, կարտահայտվի այդ գենը։

Ծատուրյանների ստեղծագործական ճանապարհը ձգվում է Բրյանսկից մինչև  Մոսկվա, Երևան ու Գյումրի, և թափանցում է ինչպես մեր՝ հայաստանյան, այնպես էլ սփյուռքի հանդիսատեսի հոգու խորքերը։

Back to top button