Երաժշտական եռանկյունի

Մշակութային հինգշաբթիներ «Արդեանում». «Երաժշտական եռանկյունի»

Մեկ ու կես տարի առաջ մի խումբ երաժիշտների նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Արդեան» ցուցասրահում փորձ արվեց հաստատել նոր մշակութային ժամանցի ձևաչափ, որն այնպիսի հարթակ կստեղծեր, ուր համազոր կերպով կներկայացվեին կերպարվեստը, երաժշտությունը, գրականությունը և այլ արվեստներ:

Նպատակ էր դրվել միջոցառումներն անցկացնել կանոնավոր կերպով, այն է՝ ամեն հինգշաբթի: «Երաժշտական եռանկյունու» այս թողարկման հյուրերն են ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցեյտմաստեր, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, «Արդեան» ցուցասրահի հիմնադիր, ճարտարապետ, դիզայներ Վազգեն Բրուտյանը և ճանաչված ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը:

«Իհարկե, ցուցասրահներում հանդեսներ կազմակերպելու ավանդույթը Հայաստանում չի ծնվել: Ժամանակ առ ժամանակ Երևանի տարբեր ցուցասրահներում, արվեստանոցներում կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, բայց մենք մշակեցինք մի քանի սկզբունքներ, որոնք առանձնացնում են մեր «հինգշաբթիները» մնացածներից: Այն է՝ միջոցառումները բաց են հասարակության համար, մուտքն անվճար է, հանդիսատեսն իր ցանկությամբ է գնահատում արվեստագետների աշխատանքը, և գոյացած գումարն ամբողջովին տրամադրվում է երաժիշտնեին, քանի որ մեր ցուցասրահն առաջին հերթին նոր միջավայր և մշակութային դաշտին հարիր նոր հարաբերություններ ստեղծելու տիրույթ է երաժիշտների և հանդիսատեսի միջև»,-ասում է Վազգեն Բրուտյանը:

Մեկ ու կես տարվա ընթացքում կազմակերպվել են հիսունից ավելի միջոցառումներ, որոնց մեծամասնությունն իհարկե կազմում են համերգները, նաև կազմակերպվել են հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ և հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ: Այնպես ստացվեց, որ բացի հայաստանյան արվեստագետներից, միջոցառումների մասնակիցները նաև եղել են արվեստագետներ այլ երկրներից, այսպիսով հաղորդելով «հինգշաբթիներին» միջազգային բնույթ՝ դերասանուհի Նորա Արմանի, ջազային դաշնակահար Ջոել Մարթին, կիթառահար Լարի Համետ և այլն:       

«Կարևորագույն ուղղություններից հանդիսանում է դասական երաժշտության առկայությունը «հինգշաբթիներում»: Բնականաբար, խոսքը գնում է կամերային երաժշտության մասին, և այստեղ ոչ միայն անհատ մենակատարների մենահամերգներն են, այլ նաև լարային քառյակների, երգեցիկ խմբերի և այլ ձևաչափերի նվագախմբերի ելույթները, որոնցից կարելի է առանձնացնել «ԿՎ արտ» անսամբլը, «Միրզոյան քառյակը», «Երևան քառյակը», «Ավետիս» և «Վելվետ» քառյակները: Նաև ելույթներով հանդես են եկել «Խազեր» և «Լիլլա» երգեցիկ խմբերը»,-շարունակում է ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ով հաճախ հանդես է գալիս «Արդեանում»՚՝ ներկայացնելով դասական և ժամանակակից երաժշտության այնպիսի ստեղծագործություններ, որոնք երբևիցե չեն հնչել հայաստանյան բեմերում:

«Ոչ պակաս կարևոր է հայկական ազգային երաժշտություն հնչեցնելը իր ամբողջ բազմազանության մեջ: Այստեղ նույնպես կարևոր է ներկայացնել ոչ միայն ավանդական, կոմիտասյան և ժամանակակից ազգային պաշարը, այլ նաև ժանրային առումով ցույց տալ այն բազմազանությունը, որը հատուկ է ժամանակակից հայ բեմին: Այս առումով կառանձնացնեի իմ վոկալ եռյակի, երիտասարդ «Շուշիկի» բենդի ժողովրդական երաժշտության յուրօրինակ մշակումները, «Հովել» նախագծի համերգը, որը ներկայացնում էր երիտասարդ կոմպոզիտոր Էլեն Յոլչյանի երաժշտությունը՝ գրված Ներսես Շնորհալու 24 աղոթքներով: Այստեղ շատ կարևոր է համաչափության մեջ պահել ժողովրդական և հոգևոր երաժշտության բաժինները»,-ասում է երգչուհի Աննա Մայիլյանը:

Back to top button