Վերնատուն

Հետպատերազմյան Հայաստանի մարտահրավերները, պայքարն ու ապրելու ոգին․Գյումրու երիտասարդական թատերախմբի էքսպերիմենտալ ներկայացումը․ «Վերնատուն»

«Գյումրու երիտասարդական թատերախմբի» ստեղծագործական խումբը թատերախմբի հիմնադիր, ռեժիսոր Արմեն Արշալույսյանը, գեղանկարիչ, Ֆլորա Նախշքարյանն ու երաժշտական ձևավորող Մանե Հովհաննիսյանը պատմում են նոր՝ «Անհետացում» վերնագրով էքսպերիմենտալ ներկայացման մասին, որի պրեմիերան տեղի է ունեցել տարեմուտին Գյումրիում։

Հետպատերազմյան Հայաստանի մասին պատմող պիեսը գրվել է գեղանկարչական աշխատանքներից ոգեշնչվելով։ Հեղինակները ստեղծագործությունների բաց կանչ են հայտարարել, արդյունքում՝ Հայաստանի տարբեր մարզերից մասնակից շուրջ 15 նկարիչների ստեղծագործություններից ընտրվել է գեղանկարիչ Ֆլորա Նախշքարյանի ստեղծագործությունները։

Գործողությունը տեղի է ունենում մեկ բնակարանում, բնակարան, որը վերածվում է պետության ու հայրենիքի, իսկ գլխավոր հերոսի մեջ հանդիսատեսը կարող էր տեսնել ինքն իրեն։

«Նկարներն առարկայական չէին, նրանք ավելի շատ էմոցիոնալ դրսևորումներ էին և շատ հետաքրքիր էր այդ շերտերի միջից տեքստ դուրս բերելը, – ասում է «Գյումրու երիտասարդական թատերախմբի» հիմնադիր, պիեսի հեղինակ և ռեժիսոր Արմեն Արշալույսյանը, հավելելով․ «Հետպատերազմյան Հայաստանը մեզ համար բուռն մարտահրավերների, պայքարի, ամեն օր աշխատելու և մտածելու, թերի ու կիսատ բան չթողնելու մասին է։ Արվեստը կոնֆետ չէ, որ ուտես ու զվարճանաս, դու պետք է խորհես, ներհայես, նայես թե ինչ ես դու արել և ինչու ես կյանքում այս կետում հայտնվել։ Ներկայացումը այս մտորումների ու փոթորիկների մեջ ստեղծվեց, մենք գնացինք դժվար ու նեղ ճանապարհով, որի վերջում լույս է երևում։ Մենք փորձել ենք նաև հեռու մնալ պաթոսից, էդտեղ պատերազմի մասին ոչ մի խոսք չկա»։

«Արմենին հաջողվել էր որսալ այն, ինչ ես նկատի եմ ունեցել։ Իմ նկարներում ծնունդի, պայքարի, մնալու, ապրեցնելու գաղափարն էր։ Ներարգանդային կյանքը պատկերող պտուղը՝ ապրելու աճելու զարգանալու մասին էր։ Ինձ համար էլ անչափ հետաքրքիր էր, թե ինչպես է իմ կողմից առաջարկվող վիզուալ արվեստը վերածվում պիեսի», – ասում է Ֆլորա Նախշքարյանը։

Արմեն Արշալույսյանն ասում է, որ պիեսն ինքն է գտել իր տարածքը՝ ընտրության շուրջ տասը տարբերակ ունենալով, տեղակայվել է Գյումրու Ռուսթավելի փողոցի Կումայրի արգելոցի հին շինություններից մեկում։

«Այս շենքում մենք գտանք պիեսի աուրան, մենք փորձեցինք ստանալ այն ճանապարհը որով կարող էին անցնել ճակատագրերը։ Չնայած տարածքը մեզ մի շարք մարտահրավերների առաջ կանգնեցրեց, այն խիստ կամերային էր և լայն հնարավորություններ մենք չունեինք», – ասում է ռեժիսորը։

«Մեծ հաշվով այս նախագիծը փորձ էր, թե ինչ կարող ենք մենք անել։ Նախագծի հիմնական նպատակներից մեկն էլ միջավայր ստեղծելն էր, որտեղ կհայտնվեն ստեղծագործող մարդիկ ու կփորձեն ինքն իրենց։ Կարևորը հարթակ ստեղծելն է»,– ասում է Արմեն Արշալույսյանը։

Back to top button