ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի համար ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական նախագիծ է

Թուրք-ադրբեջանական կողմը դարձյալ ակտիվացրել է  «Զանգեզուրի միջանցքի» կեղծ թեզի շուրջ քննարկումները, մինչդեռ տարեվերջին Բաքուն հայտարարում էր, թե Հայաստանի տարածքն իրեն «հետաքրքիր» չէ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» համարժեք նոր երթուղին անցնելու է Իրանի տարածքով, ինչին Թեհրանն արդեն համաձայնել է։  «Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը պետք է իրագործվի»,- թեման կրկին շահարկելով՝ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Թուրքիան էլ ակնկալում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը կիրականացվի  մինչև 2029 թվականը։

Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ է Ադրբեջանը դարձյալ պնդում Հայաստանով անցնող երթուղու տարբերակի մասին։ Կովկասագետ, արցախյան հիմնահարցի մասնագետ Կարեն Իգիթյանի կարծիքով` Թուրքիան և Ադրբեջանը փորձում են մոլորեցնել Հայաստանին։

«Ռադիոլուր»-ի զրուցակցի կարծիքով՝ մինչև Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի ագրեսիայի իրականացումը Բաքուն, հավանաբար, բանակցել էր տարածաշրջանային մյուս դերակատարների հետ և գալով որոշակի համաձայնության՝ սկսել էր շրջանառել Իրանի տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային հանգույցի շահագործման թեման։ Կովկասագետը ենթադրում է, որ Արցախի բռնազավթումը «Զանգեզուրի միջանցքի» կեղծ թեզը շրջանցելու գինն էր։ «Բայց սա փափուկ բարձ էր, ակնհայտ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական նախագիծ է, որը պետք է փոխի աշխարհաքաղաքականությունը տարածաշրջանում»,- ասում է արցախյան հիմնահարցի մասնագետ, կովկասագետ Կարեն Իգիթյանը։  

Back to top button