Ազդ անցյալից

Հայկական մամուլը ծանուցում է Կաղանդի տոնական ձեռնարկների մասին. «Ազդ անցյալից»

  • Գալանդոսը էգիլ է,
  • Տուռին դագը գայնիլ է,
  • Շիլա շաբիք հաքիլ է,
  • Գարմիր կոդի գաբիլ է…

Այսօրվա թողարկումն ամբողջությամբ նվիրված է Ամանորին, ավելի ճիշտ ամանորյա մշակութային ուրախ ձեռնարկներին, որոնցով հատկապես այդ օրերին շատ հարուստ է եղել Թիֆլիսը: Եվ  որոնց մասին ծանուցում ու գովազդում էի հայկակական թերթերը: Մշակը 1879թ. դեկտեմբերի 29-ի համարում տեղեկացնում է.

ԳՕԴՖՐՈՒԱ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՑԻՐԿՈՒՄ,

Շաբաթ, դեկտեմբերի 29-ին լինելու է ներկայացումն վելեսիպեդիստ -Էկվիլիբրիստ

օրիորդ ԻՒԼԻԱ և պարօն ԼԷՕՆԻ արտիստների մասնակցութեամբ:

Այդ արտիստները ՏՕՆԵՐԻՆ կը մասնակցեն ցիրկի ներկայացումներին: Յունվարի 1-ին հասարակութեան ցանկութեամբ երկու ներկայացումներ կը լինեն որոնցից մէկը ՑԵՐԵԿՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ համար, իսկ միւսը ԳԻՇԵՐՈՎ:

Ի սկզբանե կրկեսային ներկայացումները ընթանում էին այգիներում, բաց տարածքներում, որտեղ հյուրախաղերի եկած արտիստները ժամանակավոր դեկորացիայի մեջ՝ բալագաներում, ցուցադրում էին իրենց արվեստը և խիզախությունը:

Գոդֆրուա եղբայրները բավական հայտնի էին 19-րդ դարի 70-ականներից նաև ռուսական կայսրությունում և շրջիկ կրկեսի հյուրախաղերով անցնում էին քաղաքից քաղաք: Բայց պակաս հայտնի չէին նաև հսկա օրիորդ Ամալյան և գաճաճ մարկիզ Վոլդէն և մարկիզուհի Լուիզը: Նրանց թիֆլիսյան հյուրախաղերի մասին ծանուցում էր «Մշակ»-ը:    

Կիրակի, յունվարի 27-ից սկսած, Գունիբեան փողոցի վրա, ցիրկի մօտ գտնված բալագանի մէջ կը ներկայացվի հասարակութեանը երբէք այստեղ չղը տեսնված երևոյթ, այն է ԵՒՐՕՊԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀՍԿԱՅ ՕՐԻՈՐԴ ԱՄԱԼԻԱ և աշխարհի ամենափոքր ԿԱՐԼԻԿՆԵՐ ՄԱՐԿԻԶ  ՀԵՆՐԻԽ ՎՕԼԴԷ և ՄԱՐԿԻԶՈՒՀԻ ԼՈՒԻԶԱ: Տեղերի գները՝ առաջին տեղեր 50 կօպէկ, երկրորդ 30 կօպէկ: Երեխաները կես են վճարում:  

 Թերթերի գովազդներից պարզվում է, որ այս գաճաճ արտիստները՝ լիլիպուտները, Թիֆլիսում հյուրախաղերով եղել են նաև 15 տարի անց՝ 1895-ի հունվարին.Այդ տարի նրանց հետ հանդիսատեսին անակնկալ են մատուցել նաև սիամական քույրեր՝ Ռադիկան և Դռոդիկան. Գրում է «Նոր դար»-ը.

Գոլովինսկի պրոսպեկտ, տուն Միրիմանեանի, Ներկայ ժամանակի երկու ամենամեծ տեսիլքների ցուցահանդէս.

  • Գաճաճներ. Ամենափոքր ամուսնութիւնն աշխարհիս երեսին. Մարկիզ Վոլդէ՝ 38 տարեկան, բարձրութիւնը՝ 25 դիւյմ, ծանրութիւնը 9,5 կիլօ: Մարկիզուհի Լուիզ , 28 տարեկան, բարձրութիւնը 29 դիւյմ, ծանրութիւնը 10,5 կիլօ:
  • Կենդանի, ի բնէ միացած հնդկացի երկուորեակ քոյրեր Ռադիկա և Դռօդիկա: Մեր ժամանակի բնական ամենամեծ հրաշալիքը:Բաց է այս տարուայ  յունվարի 1-ից , առաւօտեան 11-ից մինչեւ երեկոեան ժամը 10-ը:Տեղերի գինը, աթոռը  40 կոպ., կանգնած  20 կոպ.: 10 տարեկանից փոքր երեխաները և զինուարական ստորին պաշտոնեաները վճարում են կէսը:

Հունվարի 1-31-ը, մի ամբողջ ամիս Գոլովինսկի պողոտայում Միրմանյանին պատկանող սրահում լիլիպուտ մարկիզ Վոլդեն և մարկիզուհի Լուիզը սիամական քույրեր Ռադիկայի և Դռոդիկային հետ զվարճացրել են թիֆլիսեցիներին, իսկ տոմսակների գները կամաց-կամաց զեղչվել են.

Նախավերջին շաբաթ, գները խիստ էժանացրած որպէսզի իւրաքանչիւրին միջոց տրուի տեսնելու գաճաճներին…. և կենդանի ի բնէ միացած հնդկանակ Ռադիկա եւ Դռօդիկա  երկորեակ քոյրերին:…Տեղերի գներն իջեցուած են, նստած 20 կոպ., կանգնած 10 կոպ: 10 տարեկանից փոքր   երեխաները և զինուարական ստորին պաշտոնեաները վճարում են կէսը:

 Վերջին շաբաթ, փակուելու է երեքշաբթի , յունվարի 31-ին, երեկոյեան ժամը 10-ին:

19-րդ դարի ավարտին և 20-ի սկզբին Թիֆլիսում մի հայտնի, հզոր ըմբշամարտիկ կար՝ Կուլա Գլդանելին՝ Իվանէ Կիրիմելաշվիլին, այլ աղբյուրներում՝ Խրիմյանցը:  Գլդանի գյուղի ծնունդ այս երիտասարդը,  վաղ տարիքում որբանալով, տեղափոխվում է Թիֆլիս ազգականների մոտ և դառնում  քաղաքի սիրելին: Նրա գոտեմարտերը իսկական երևույթ էին հասարակության համար:

Ծանուցումն.  ուրբաթ, փետրուարի 2-ին Իտալիա այգում տեղի կունենայ մեծ գօտեմարտ.Ցիրկի հսկայ Ստուպինը կ՛ըմբշամարտի յայտնի ըմբշամարտ Կուլա Գլդանելու հետ: 100 րուբլի մրցանակ: Գերման հսկան Հերկուլէսեան փորձեր կանէ: Ըմբշամարտ Թոմի փոքր փղի և Դանիլէնկօի միջեւ նոյնպէս տեղի կունենան գօտեմարտ  միւսների միջեւ, նոյնպէս ցիրկի դիրեկտօր Թոմսոնը 7-ը փղերի հետ կը գայ գօտեմարտի տեղը: Սկիզբը օրուայ 3 ժամին:   

 Դատելով մամուլի ծանուցումներից և գովազդներից, տարեվերջը  շատ հետաքրքիր և արտասովոր շրջան էր ամեն տեսակ անհավանական ցուցադրությունների համար:

Ի գիտութիւն Թիֆլիսի հսարակութեան. Այն հետաքրքրութիւնը, որ ցոյց է տալիս այստեղի հասարակութիւնը դէպի իմ ցուցադրութիւնը, որ բաղկացած է Ացտեկների ցեղի երկու վերջին ներկայացուցիչներից, գեղարուեստօրէն դաջուած ամերիկուհի Միսս Էմէլինից ու հսկայ պատանի Նիկիտից և ի նկատի առնելով հասարակութեան  խնդիրքը՝ գները էջանացնել, որպէս զի այդ հետաքրքիր ցուցահանդէսը մատչելի դարձնվի  նաև չունեւոր դասակարգի համար՝  ես պատիւ ունիմ յայտնելու ի գիտութիւն հասարակութեան, որ այս օրուանից գները բաւականին պակսեցրած են. 1-ին տեղը՝ 50 կոպէկի փոխարէն միայն 30 կոպէկ, 2-րդ տեղը 30 կոպէկի փոխարէն միայն 20 կոպէկ, երեխաները մինչև 14 տարեկան և զինւորները վճարում են կէսը: Միևնոյն ժամանակ  յայտնում եմ ի գիտութիւն հասարակութեան, որ չնայելով գների պակասեցնելուն, ցոյց կըտրուի բոլորը, ինչ որ առաջուայ գների ժամանակ: Որովհետև մի քանի հանգամանքներից ստիպուած այդ ցուցահանդէսը մնալու է այստեղ կարճ ժամանակ, ուստի խնդրում եմ յարգելի հասարակութեան շտապել այցելելու, որ բաց է առաւօտեան 11 ժամից մինչև երեկոյեա 11 ժամը: Գոլովինսկի պրոսպէկտ, տուն Արաֆելովի:

 Ի նպաստ չքավորների կամ հայկական այս կամ այն կազմակերպության գործունեության շարունակականության կազմակերպվող պարահանդեսները անպակաս էին Թիֆլիսյան կյանքից.

 Կիւրակի, փետրուարի 2-ին, 1886թ. Թիֆլիսի ժողովարանում տեղի կունենայ Պարահադէս յօգուտ Կովկասի Հայոց Բարեգործական ընկերութեան, տոմսակների գինն է՝ կանանց 1 րուբլի, տղամարդկանց 2 ր. Սկիզբն է երեկոյեան 9 ժամի: Տոմսակները վաղօրոք կարելի է ստանալ  պ. Ծատուրեանի խանութում, Կենդրոնական գրավաճառանոցում, Շահվերդեանի լրագրական գործակալութեան գրասենեակում և Թիֆլիսի ժողովարանում:

Այսպիսին էին Կաղանդի նախատոնական և հետտոնական թիֆլիսյան մամուլի ծանուցումներն ու գովազդները:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ  հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:  

Back to top button