Էկոսֆերա

Ձկնորսները՝ Սևանում, ձկնաբույծները՝ Երևանում, ինչն է դարձել դժգոհության պատճառ․ «Էկոսֆերա»

Սիգի արգելքը սահմանված է 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը՝ պայմանավորված սիգի ձվադրման շրջանով։ Ձկնորսները դեմ կանգնեցին այս որոշմանը՝ բառի նաև ուղիղ իմաստով։

Մասնավորապես՝ Նորատուսի բնակիչները սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել՝ փակելով Սևան-Երևան ճանապարհը և պահանջելով, որ արգելքը հանվի։ Նրանք պնդում են, որ իրենց օրվա հացի խնդիրն են լուծում։

Ձվադրման շրջանում արգելքի կիրառումն ինքնանպատակ չէ։ Մասնագետները նշում են, որ դեռևս 90-ականներից հետո կրիտիկական վիճակում հայտնված լճի ձկնապարը վերականգնելու անհրաժեշտություն կա։ Սևանի ձկնապաշարների նվազումն իր հերթին վատթարացնում է լճի էկոլոգիական վիճակը, բավարար ձկնապաշար չլինելու հետևանքով լճում շատանում են օրգանական նյութերը, որոնք բարենպաստ միջավայր են ստեղծում Սևանի ծաղկման համար:

Թե ինչո՞ւ է անհրաժեշտ ձվադրման շրջանում արգելքի սահմանումը, զրուցել ենք ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հետ։

«Մեզ նախարարությունից դիմում են, մենք մոտավոր տալիս ենք ձվադրման շրջանի վերաբերյալ տվյալներ։ Իրենք էլ որոշում են կիրառել խիստ արգելք կամ երբ կիրառել այն։ Ժամանակ առ ժամանակ նման բողոքներ եղել են, սակայն այս անգամվա պես չեն եղել։ Կարծում եմ՝ սա կապված է նոր պարեկային հսկողության հետ։ Մենք կարծում ենք, որ նման դեպքներն անխուսափելի են լինելու, հետևաբար պետք է ձկնորսության համակարգը փոխել։ Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ձկնորսը շահագրգռված լինի պահպանել ձկնային պաշարները։ Մենք ներկայացրել ենք նախագիծ, թե ինչպես պետք է դա կազմակերպել»,- ասաց Գաբրիելյանը։ Ձկնորսության համակարգը պետք է փոխել․ Բարդուխ Գաբրիելյան։

Back to top button