Երաժշտական եռանկյունի

Հայկական նոր վիրտուալ նվագարան. «Երաժշտական եռանկյունի»

Թվային տեխնոլոգիաները հեղափոխեցին ոչ միայն կյանքի բոլոր ասպարեզները, այլ նաև անդրադարձան այնպիսի նեղ մասնագիտական ոլորտի վրա, ինչպիսին է երաժշտությունը: Մինչ այդ կոմպոզիտորները ստեղծագործությունը հորինելիս գրի էին առնում այն՝ ստեղծելով պարտիտուրաներ, որոնց պարտիաները բաժանվում էին երաժիշտ կատարողներին, և միայն դրանից հետո կոմպոզիտորը լսում էր իր ստեղծագործությունը: Ամբողջ ակադեմիական և դասական երաժշտության ժամանակշրջանը ստեղծվում էր այս ալգորիթմով, որը պահանջում էր մասնագիտական գիտելիք, հմտություններ և այն, ինչ մենք անվանում ենք «դպրոց»:

Բնականաբար, յուրաքանչյուր ազգային տեսակի երաժշտություն հիմնվում էր տարածաշրջանին և ժամանակին հատուկ նվագարանների վրա, և հենց դրա շնորհիվ էլ մենք տարանջատում ենք չինական երաժշտությունը, եվրոպական երաժշտությունը, հայկականը և այլն: Թվային դարաշրջանը հեղափոխեց ոչ միայն կոմպոզիտորական տեխնոլոգիան, այլ նաև ընդլայնեց երաժշտական նվագարանների զինանոցը՝ ստեղծելով անսահման տարածքներ կոմպոզիտորական երևակայության և հնչյունային պատկերներ կերտելու համար:

Գոյացավ հնչյունային շտեմարան հասկացությունը, որը պարունակում է ավանդական և դասական նվագարանների ամբողջ պաշարը նոր ձևաչափով՝ վիրտուալ գործիքի ձևով: Այն իրենից ներկայացնում է մի պարագայում ակուստիկ նվագարանի բազային հնչյուն, մեկ այլ պարագայում էլեկտրոնային, բնության մեջ գոյություն չունեցող  տեմբրեր: Ամբողջ աշխարհի կոմպոզիտորները և ստեղծագործողները օգտվում են վիրտուալ նվագարանների շտեմարանների հնարավորություններից՝ հիմնականում օգտագործելով համակարգիչը ստուդիական պայմաններում: «Եթե մի քանի տասնամյակ առաջ կոմպոզիտորը գրելով սիմֆոնիկ ստեղծագործություն՝ պետք է հնար գտներ այն կատարելու և ձայնագրելու համար, ապա վիրտուալ գործիքների շնորհիվ նա ստեղծագործությունը գրելու ընթացքում արդեն լսում է իրական նվագախմբի հնչյունները, ինչը թույլ է տալիս տեղում կատարել անհրաժեշտ շտկումները՝ հասցնելով ստեղծագործությունը առավել կատարյալ տեսքի: Վիրտուալ շտեմարանները ստեղծվել են վաղուց, և մեր ընկերությունը հանձն է առել ընդլայնել դրանք՝ ստեղծելով հայկական վիրտուալ նվագարանների բանկ, որոնցից առաջինը հայկական քանոնն է»,- ասում է հայ-ամերիկյան «Թրիփլ էյ աուդիո» ընկերության համահիմնադիր և գործառնական տնօրեն Գևորգ Մնացականյանը:

Վիրտուալ նվագարանը ստեղծելու տեխնոլոգիան ենթադրում է հետևյալ փուլերը: Սկզբից ձայնագրվում են նվագարանի՝ տվյալ պարագայում քանոնի բոլոր նոտաները, այնուհետև ձայնագրվում են ձայնարտադրության և արտիկուլացիայի բոլոր ավանդական տեսակները, և երրորդ փուլում ձայնագրվում են գործիքին ոչ բնորոշ ձայները: Այդպիսով ստեղծվում է վիրտուալ նվագարանի այնպիսի տեսակ, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած վայրում գտնվող կոմպոզիտորին թվային, ստեղնային նվագարանի միջոցով կամ համակարգչային այլ որևէ գործիքով ստանալ իրական գործիքի թվայնացված ձայնաշարի ցանկացած արտիկուլացիայով ձայնային պրոյեկցիա: Երաժշտություն ունկնդրողը չի էլ տարբերում բնական գործիքի հնչողությունը վիրտուալից, և միայն այս չափանիշը վկայում է վիրտուալ նվագարաններ ստեղծող ընկերությունների որակի մասին: «Թրիփլ էյ աուդիո» ընկերությունը պատրաստվում է ստեղծել տարածաշրջանային ավանդական նվագարանների շտեմարան, հովեր երգչախմբի վիրտուալ հնչողությունը, և մեծ պլաններ ունի սեփական տեղը գրավելու այդ հսկայական շուկայում:

Back to top button