ԿարևորՔաղաքական

Հայաստանի անվտանգային համակարգի եվրոպական այլընտրանքը 

Վերջին շրջանում ակտիվացել է Հայաստանի հետ ԵՄ փոխգործակցությունը, որի շրջանակում հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում կողմերի միջև երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու փոխադարձ հետաքրքրվածությունը։ Եվրոպական միությունը հայտարարում է, որ լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։ Ըստ փորձագիտական շրջանակների` Հայաստան-ԵՄ անվտանգային համագործակցության նոր փուլ է սկսվում։ Թեմայի զարգացումների շուրջ Ռադիոլուրը զրուցել է արևելագետ, APRI Armenia-ի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի հետ։

Բրյուսելից հնչող հայտարարությունները հուշում են Հայաստանին անվտանգության ոլորտում աջակցելու Արևմուտքի քաղաքական կամքի մասին՝ ասում է Մելքոնյանը։ Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի` ԵՄ–ն չի պատրաստվում հարձակողական զինատեսակներ տրամադրել Հայաստանին, այս կառույցը նման գործառույթ չունի, փոխարենը կարող է դիմել իր անդամներին, որոնց միջոցով Հայաստանին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն։ Որպես օրինակ բանախոսը նշում է Ֆրանսիան, որն արդեն հայկական կողմին է տրամադրել  պաշտպանական որոշ միջոցներ։

«ԵՄ հայտարարությունները Հայաստանի համար այլընտրանքային ընդհանուր փաթեթի ձևավորման շուրջ են, որը կներառի անվտանգության, ռազմատեխնիկական,  քաղաքական, դիվանագիտական ոլորտներում համագործակցություն, ինչն էլ  նոր այլընտրանք է Ռուսաստանի առաջարկած անվտանգային համակարգին։ Ռուսաստանի հետ Հայաստանի ընդհանուր անվտանգային համակարգը միայն ռազմաբազայով չի սահմանափակվում, այն ներառում է նաև երկկողմ պայմանավորվածություններ, անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այժմ ԵՄ–ն փորձում է Հայաստանի անվտանգությունն ապահովող այլընտրանքային առաջարկով շրջանցել Իրանի կամ Ռուսատանի նմանատիպ առաջարկները»,-ասում է Սերգեյ Մելքոնյանը։       

Back to top button