Վերնատուն

Գյումրու դարբնության ավանդույթը՝ միջազգային ուշադրության կենտրոնում. «Վերնատուն»

«Գյումրիի դարբնության ավանդույթը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Հայտը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, բովանդակային մասը կազմել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։ Ավանդական դարբնությունը Աղասի Թադևոսյանի հետազոտական հետաքրքրության կենտրոնում եղել է 90–ականներից։

Հեղինակ է «Գյումրի քաղաքի դարբնոցային մշակութային ժառանգությունը» հետազոտության, որտեղ ներկայացված են քաղաքային դարբնության ավանդույթները, դրանց պահպանվածության աստիճանը, Գյումրիում դարբնության ավանդույթի զարգացումները՝ մինչև գեղարվեստական մակարդակի։

Աղասի Թադևոսյանը դարբնության զարգացման ճանապարհը ցույց է տալիս գյումրեցի վարպետներ Պապոյանների և Մնոյանների օրինակով, որտեղ 5-6 սերունդ պահպանվում ու ժառանգաբար փոխանցվում է դարբնությունը։ Ազգագրագետն ասում է, որ վարպետներն իրենց ժառանգներին փոխանցում են ոչ միայն արհեստի հմտությունները, այլ նաև արհեստի հիշողությունն ու պատմությունը։

Իր հետազոտության մեջ Աղասի Թադևոսյանը նշում է, որ ժամանակին շինարար վարպետներից հետո դարբնությունը վարպետների քանակով առաջատարների ցանկում էր, ամենաբարձր եկամուտ ապահովող արհեստն էր։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հայտնվելն ավելի շուտ պատասխանատվություն է, քան փառասիրություն։ Մեր մշակույթը պաշտպանելու և պահպանելու ահռելի պատասխանատվության առաջ ենք կանգնում․ պետական ինստիտուտներից, հասարակությունից ու համայնքից մինչև սովորական քաղաքացի պետք է խնամքով, հոգատարությամբ ու հարգանքով վերաբերվեն վերջին սերնդի դարբիններին, գնահատեն այդ արժեքը։ Պետք է մտածել ինչպես անել, որ արհեստի կենսունակությունն ու փոխանցելիությունն ուժեղանան, մտածել տարբեր տեսակի հրատարակությունների միջոցով արժեքի հանրայնացման ու հանրահռչակման մասին»։

Աղասի Թադևոսյանը նշում է, որ պահպանելու և հանրահռչակելու ձևերից մեկն էլ թանգարանացումն է, հենց իր՝ կենդանի միջավայրում։ «Շատերը չգիտեն՝ ինչ է դարբնությունը, ինչպես է դա տեղի ունենում, և շատերին հետաքրքիր է ծանոթանալ գործընթացին, տեսնել թե անմշակ երկաթը ինչպես է վերածվում մշակութային արտեֆակտի»։

Back to top button