ԿարևորՀասարակություն

Վերսկսելով Հայաստանը․ Երազանքը՝ տիեզերականացնել Հայաստանը

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2021թ․-ին, Արեն Մեհրաբյանի ծնողների՝ Մհեր Մեհրաբյանի և  Սաթիկ Նաիրյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամը ստեղծվել է Արենի երազանքն ի կատար ածելու նպատակով։ Նա երազում էր, որ Հայաստանը տիեզերական ծրագիր ունենա։ Արենը սովորում էր ԱՄՆ-ում։ 2018-ին, կիաստ թողելով աստաֆիզիկոսի մանագիտացումը, վերադարձավ Հայաստան՝ ծառայության նպատակով։ Հոկտեմբերի 28-ին, փորձելով փրկել հրամատարի կյանքը, ընկերների հետ զոհվեց։ Սակայն նրա երազանքն ապրում է, իսկ այն կրողների թիվն օրեցօր ավելանում։

Որդու երազանքն իրականություն է դարձնում հայրը՝ այն վերածելով բազմաթիվ երիտասարդների երազանքի։ Հիմնադրամից զատ, Մեհրաբյանը ստեղծել է նաև Հայաստանի օդատիեզերական գործակալությունը կամ այլ կերպ ասած՝ Հայկական ՆԱՍԱ-ն։

Ուսումնասիրելով Հայաստանում աերոտիեզերական ոլորտը՝ Մհեր Մեհրաբյանը երեք հիմնախնդիր է առանձնացնում՝ մարդկային ռեսուրսներ, ենթակառուցվածքներ և միջավայրի բացակայություն։ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն առաջին խնդիրը լուծելու նպատակով 2021թ-ի հոկտեմբերից մասնագետներ է պատրաստում։  Երիտասարդների համար անվճար հիմունքներով աերոտիեզերական ինժեներության դասընթացներ են կազմակերպում։ Մուտքն ազատ է բոլոր երիտասարդների համար, որոնք երազում են իրենց ապագան կապել արեոտիեզերական ինժեներության հետ։

Կրթությունը ոչ ֆորմալ է՝ 4-6 ամիս տևողությամբ։ Երեք ուղղություն ունեն՝ աերոտիեզերական ինժեներություն, եռաչափ մոդելավորում և ծրագրավորում։ 2021թ․-ից մինչև այսօր դասընթացն ավարտել է 430 ուսանող, 120-ը դեռ սովորում են։

Ավարտողների 80-85 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ։ Մեհրաբյանի խոսքով՝ իրենց նպատակը ոլորտի զարգացումն է, ինչի համար, ըստ հաշվարկների, այս պահին 3000-5000 հազար մարդու կարիք կա։

Նելլի Փափազյանը «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի դասընթացի մասնակիցներից է։ Դեռ մանկուց երազանքն «օդաչու» ու «տիեզերք» բառերում էր ամփոփված։ Պապիկը՝ Հակոբ Փափազյանը, ռազմական օդաչու էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից ու հետմահու հերոս։ Թեև Նելլին նրան չի տեսել, սակայն նրանից երազանք է «ժառանգել»։

Նելլի Փափազյանը սովորել է ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, զուգահեռաբար՝ նաև ռազմական ավիացիոն համալսարանում։ Մագիստրատուրան շարունակել է Նիդեռլանդների Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի աերոտիեզերական ինժեներություն բաժնում։ Մագիստրոսական թեզը նվիրված էր ինքնաթիռի թևի օպտիմիզացիային։

Spaceminds-ի թիմը

Ավարտելուց հետո աշխատանքի առաջարկներ է ստացել, սակայն վերադարձել է Հայաստան։։ Ըստ նրա՝ այստեղ մեծ պոտենցիալ կա։

Հիմնադրամի դասընթացը հաղթահարելուց հետո 8 ընկերներով ստեղծել են SpaceMinds-ը։ Ստարտափի նպատակը նորարարության միջոցով տիեզերքը և սարքաշինությունը դպրոց մտցնելն է։ Նելլին ասում է, որ որոշել են դպրոցից սկսել, քանի որ իրենց փոխարինող և շարունակող մարդիկ են պետք։ Միայն այդ դեպքում ոլորտը կզարգանա։  Աշխատել են գիշեր-ցերեկ, երեք ամիս անց սեղանին նախատիպ դրել։

Երկու մոնիտոր և մեկ արբանյակ․ սա բավական է, որ դպրոցում երազողներ հայտնվեն։  Նախատիպը կա, մնում է ինտեգրացիան, հիմա կոմերցիալիզացման փուլում են։ Սա շահույթ հետապնդող նախագիծ է, քանի որ ռեսուրսները պետք է արտադրվեն։ Նախագծի մեջ առաջին ներդրումը Մհեր Մեհրաբյանն է արել։

Երկու մոնիտորների և մեկ միավոր արբանյակի առկայությունը թույլ կտա աշակերտներին լիովին պատկերացնել գործընթացը։ Ծրագրի շահառուները 13 տարեկանից բարձր աշակերտներն են, որոնք արդեն որոշակի գիտելիքներ ունեն ֆիզիկայից։

Նելլին գիտի, որ Հայաստանում թերահավատորեն են մոտենում տիեզերական ծրագրերին և առհասարակ այս ոլորտին։ Ասում է՝ պատճառն ամենայն հավանականությամբ չպատկերացնելն ու այդ ամենի կրողը չլինելն է։

«Մարդը երկրայի՞ն է, թե՞ տիեզերական» հարցին հստակ պատասխանել են՝ մարդը տիեզերական է, և այդ տիեզերական մարդիկ Հայաստանը տիեզերականացնելու ճանապարհին են։

Spaceminds-ի ուսումնական հոլովակներից
Spaceminds-ի ուսումնական հոլովակներից

Դասընթացի մասնակիցների հետ մի քանի դասաժամ Մհեր Մեհրաբյանն է անցկացնում։ Ասում է՝ որդեգրում է երիտասարդներին և պատասխանատվություն կրում նրանց երազանքներն իրականացնելու համար։ Նկատում է՝ այսօրվա երիտասարդությունն ապակողմնորոշված է, նրանց որդեգրելով՝ հոր իրավունքով օգնում է կողմնորոշվել։ Դասախոսությունը կոչվում է «Ինչպե՞ս հիշել ապագան»։

Պատկերացրեք՝ Հայատանում եք, բայց 25 րոպե հետո կարող եք հասնել ԱՄՆ, Հյուսիսային կամ Հարավային բևեռ։ Կամ՝ ապրում եք Երևանում, ճաշում՝ Փարիզում, ընթրում՝ Աֆրիկայում։ Այլ կերպ՝ ազատ տեղաշարժվում եք աերոտիեզրական տարածության մեջ։ Պատկերացնելը դժվար չէ, դժվարը պատկերացրածին հավատալն է։ Հայկական աերոտիեզերական գործակալության հիմնադիր Մհեր Մեհրաբյանը ոչ միայն պատկերացրել, այլև այս խնդրին լուծում է տվել։ Նոր տեսակի աերոտիեզերական շարժիչի նախատիպն արդեն կա, այժմ աշխատում են արտադրական նմուշի վրա։

«Շարժիչը մարդկության ճանապարհը փոխելու պոտենցիալ ունի։ Պերմանենտ աքսելերատիվ շարժիչը հնարավորություն ունի տեղափոխել մեծ արագությամբ և անվտանգ։ Շարժիչը էլեկտրական էներգիան փոխակերպում է պերմանենտ/հաստատուն արագացման»։

Շարժիչի փորձարարական աշխատանքներն իրականացվել են Կալիֆորնիայում։ Դրա կիրառության հնարավորություններն այնքան մեծ են, որ անգամ երևակայությունը կարող է չհերիքել։ Մեհրաբյանն ասում է՝ մարդիկ սկեպտիցիզմով են վերաբերվում, բայց  եթե 200 տարի առաջ մարդկանց ասեիր, որ մեկ օրվա մեջ Ամերիկա են հասնելու, նույն սկեպիցիզմն այնտեղ էիր տեսնելու։

Մեհրաբյանն առաջարկում է նոր համակարգ, ըստ որի՝ մեկ մարդը մեկ պետություն է։ Սա նշանակում է, որ այն պետությունը, որտեղ անհատի երազանքներն իրականանում են, դառնում է այդ մարդու սեփական պետությունը։ Այն սկսում է սիրել մարդուն, իսկ մարդն ինքնանույնականում է պետության հետ։ Մեհրաբյանի խոսքով՝ նախ սահմանում ենք քաղաքակրթական նպատակ, ապա ընտրում խմբի կամ քաղաքական կուսակցության, որը կպատասխանի՝ ինչպես հասնել այդ կետին։

Նկատում է՝ եթե ձևակերպենք մեր անհատական երազանքները, կտեսնենք, որ բոլորս նույն 7 երազանքներն ունենք։ Յոթ երազանքները հաղթահարում են մեզ հայերիս այդքան բնորոշ տարակարծությունները։ Ըստ Մեհրաբյանի՝ եթե խնդիրը դիտարկում ես տարբեր հարթություններում, տեսնում ես, որ եթե այս հարթությունում չի լուծվում, ապա մյուսում լուծվում է և իրատեսական է։ Թե որո՞նք են դրանք և ի՞նչ նոր համակարգ է առաջարկում Մեհրաբյանը, կարող եք լսել ձայնագրության մեջ/ձայնագրությամբ։

Մարդու ուղեղն առաջնայնությունների ցուցակ ունի՝ ասում է Մեհրաբյանը ու բացատրում՝ չեք կարող տանը նստել, հեռուստացույց դիտել ու վայելել հաճելի երեկոն, երբ տուն գող է մտել։

Back to top button