Էկոսֆերա

Աղբավայրից՝ ստվերային վերամշակում․ թափոնի գինը․ «Էկոսֆերա»

Ինչպե՞ս նպաստել, որպեսզի հնարավորինս քիչ աղբ հայտնվի աղբավայրում։ Պատասխանը մեկն է՝ հնարավորինս շատ տեսակավորել աղբը, ինչն էլ թույլ կտա կառավարել թափոնը։

Այժմ թափոնների կառավարման աշխատանքների շրջանակում փորձագիտական խմբի կողմից մշակվում է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է, որ արտադրող կամ ներմուծող ընկերությունները պատասխանատու են լինելու արտադրանքից գոյացած թափոնների համար։

Աղբի տեղն աղբամանն է, իսկ թափոնինը, որը ենթակա է վերամշակման, նախատեսված թափոնամանը։

Ինչպե՞ս են մեր քաղաքացիները մոտենում այս հարցին։ Քաղաքացիները հաճախ դժգոհում են քաղաքի աղտոտվածությունից, սակայն արդյո՞ք ձգտում են տեսակավորել են աղբը։

Թափոնների կառավարման ոլորտն աշխարհում շահավետ ոլորտ է համարվում։ Մի կողմից բնությունն է թեթևանում աղբի զգալի քանակից, մյուս կողմից՝ վերամշակող ընկերություններն են եկամուտ ստանում։

Հայաստանը դեռևս շատ հեռու է աղբի տեսակավորման և վերամշակման գործընթացի պատշաճ և լիարժեք կազմակերպումից։ Պատճառներն ու խնդիրները տարբեր են։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հակոբյան բնապահպանական կենտրոն»-ի փորձագետ Հարություն Ալպետյանի խոսքով՝ մեր երկրում թափոնների 95 տոկոսից ավելին հայտնվում է աղբավայրում։

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ աղաբավայրից միայն չնչին մասն է կորզվում և վերամշակվում։ Իսկ ահա զարգացած շատ երկրներում նույնիսկ աղբավայրեր չկան։ Խնդրի կարգավորումն օրհասական կարող ենք համարել մի շարք պատճառներով։

Օրինակ՝ կոշտ թափոնները բացասաբար են ազդում շրջակա միջավայրի և հասարակության առողջության վրա: Չհավաքվող կամ պատշաճ չկառավարվող աղբը նպաստավոր միջավայր է ստեղծում միջատների, թրթուրների բազմացման համար, որոնք նպաստում են տարբեր հիվանդությունների տարածմանը: Բացի դրանից, այն էապես աղտոտում է շրջակա միջավայրն ու հանգեցնում է մթնոլորտային ջերմոցային գազերի արտանետմանը։ Մասնագետը հատկապես նշում է սննդային թափոնների հետ կապված խնդիրը, որն էապես աղտոտում է հատկապես քաղաքային միջավայրը։

Back to top button