Ժամանակի վկան

Նվիրում Լեռ Կամսարին․ Վանուհի Թովմասյան, Նունե Արզաքանյան, Արմեն Քեշիշյան․ «Ժամանակի վկան»

Լեռ Կամսարի ստեղծագործության նվիրյալները շնորհիվ նրա թոռնուհու՝ Վանուհու Թովմասյանի ջանքերի, մեկտեղվել են և արդեն քանի տասնամյակ աշխատում են նրա անտիպ գործերի վրա՝ դրանք հերթով հանձնելով ընթեցողի դատին։

Խմբի ջանքերով այս հոկտեմբերին լույս է տեսել Լեռ Կամսարի անտիպ գործերի հերթական ժողովածուն՝ «Գեթսեմանի պարտեզի աքսորյալները» խորագրով։ Հաղորդմանը մասնակցում են գրողի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը, բառարանագետ, լեզվաբան Արմեն Քեշիշյանը և երջանկահիշատակ տաղանդավոր այլախոհ քանդակագործ, գեղանկարիչ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի այրին՝ Նունե Արզաքանյանը։

Անվանի գրող, երգիծաբան, 1934 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ Լեռ Կամսարը ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին Վանում՝ հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և վերադառնալով Վան, աշխատել է սկզբում որպես դերասան, ապա՝ հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև՝ Վանի մասնավոր Երամյան վարժարանում։ Տպագրվել սկսել է դեռևս 1910 թվականից Վանի «Աշխատանք» թերթում։ 1915 թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանությանը։

Վանի անկումից հետո գաղթելով Հայաստան, թղթակցել է կովկասյան գրեթե բոլոր թերթերին։ 1921-1935 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 

1935-1955 թթ․ բռնադատվել է՝ բանտարկվելով երևանյան բանտում, ապա աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 

1955 թվականի համաներումով վերադառնալով Երևան, մնացել է առանց աշխատանքի՝ ընտանյոք հանդերձ մատնվել խեղճ ու սովահար կյանքի։

Մահկանացուն կնքել է 1965 թ․ նոյեմբերի 22-ին Երևանում։ Լեռ Կամասարի կյանքի մանրամասնություններին կարող եք ծանոթանալ հոկտեմբերի14-ի հաղորդումից։

Լեռ Կամսարի ստեղծագործության նվիրյալները շնորհիվ նրա թոռնուհու՝ Վանուհու Թովմասյանի ջանքերի, մեկտեղվել են և արդեն քանի տասնամյակ աշխատում են նրա անտիպ գործերի վրա, դրանք հերթով հանձնելով ընթեցողի դատին։ Նշեմ, որ Լեռ Կամսարի գրվածքների մի մասը կորել է գաղթի ճանապարհին, նրա արխիվը երկու անգամ բռնագրավել և ոչնչացրել է Չեկան, իսկ մնացածն էլ 1946 թվականի ջրհեղեղի պատճառով մեծ վնաս է կրել։ Գրողի ստեղծագործությունների զգալի մասը դեռևս անտիպ է։

2000 թվականին թոռնուհին պետպատվերով տպագրեց Կամսարի առաջին գիրքը, որը ձնագնդի ազդեցություն ունեցավ։ Հետմահու սկսվեց Լեռ Կամսարի նոր «աստեղային ժամը»։ Հայտնվեց նվիրյալ կամսարականների խումբը, որոնք շարունակեցին նրա ստեղծագործությունների վերծանումն ու տպագրությունը։

Լեռ Կամսարի ծննդյան 135-ամյակին նվիրված նորընծա ժողովածուն նվիրված է նաև տաղանդավոր այլախոհ քանդակագործ, գեղանկարիչ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի հիշատակին։ Հաղորդմանը ներկա է նաև Գևորգ Մշեցու այրին՝ Նունե Արզաքանյանը։

Բառարանագետ, լեզվաբան Արմեն Քեշիշյանը նույնպես ներկա է զրույցին։

Թոռնուհին պարզաբանում է նաև, թե ինչպե՞ս է Արամ Թովմասի Թովմասյան գրողը ստացել Լեռ Կամսար գրական անունը։

Հետաքրքրվեցի նաև առաջիկա անելիքիների մասին։ Կամսարականների այս նվիրյալ խումբն առաջիկայում նույնպես շատ անելիքներ ունի։

Ծիծաղ պարգևող երգիծաբանը կյանքից հեռացավ այն տխուր մտայնությամբ, որ արժանի զավակ չունեցավ։

Լեռ Կամսարի ժառանգությանը նվիրված այս մարդկանցից յուրաքանչյուրը յուրովի է բացահայտել Կամսարին։

Հաղորդումն ամփոփեմ հետևյալ մտքով․ դասեր քաղենք մեր պատմությունից ու մեծերի կենսագրությունից։ Հաղորդումը նվիրված էր գրող, երգիծաբան Լեռ Կամսարի ծննդյան 135-րդ տարեդարձին։

Back to top button