Վերնատուն

Մշակույթը այգի է, որն ամենօրյա խնամք է պահանջում․ «Վերանատուն»

«Մենք թերագնահատում ենք մշակույթը»,- ասում է Գերմանիայում բնակվող արվեստագետ, համադրող Արչի Հարություն Կալենցը wolf-galentz.de :

Ասում է, կորուստներ ունեցանք, բայց չհասկացանք ու չկարևորեցինք մշակույթի դերը։ Նշում է, որ Շուշին կորցնելուց հետո, կորցրեցինք նաև Շուշիի արվեստի թանգարանի բազմաթիվ նմուշներ, քանի որ դրանք գրանցված չեն եղել որևէ տեղ․ չկա կայք, պատկերագիրք, կատալոգ և որևէ տեղ դիմելիս, մենք չենք կարող ապացուցել, որ այդ գործերը գողացված են կամ գերևարված։

«Արհավիրքը, որ էսօր մենք ապրում ենք, 2017 թվականին է սկսվել, երբ փակվեց Կալենցների թանգարանը և պարզվեց, որ այն չունի ցուցանմուշների ցուցակ, որոնք պատկանում են թանգարանին», – ասում է արվեստագետը։

Մշակույթի կամ արվեստի նմուշի հետ աշխատելու մշակույթն է պակասում մեզանում, որ այն կարևորվի ու գնահատվի ոչ միայն Հայաստանում, այլ միջազգայնորեն։

Ասում է՝ մշակույթը այգի է, որը ամենօրյա խնամք է պահանջում։ Եթե մեկ օր չխնամես այն՝ կվերածվի վայրի դաշտի։ Շատ կարևոր է, որ արվեստագետներն այսօր պահանջեն համակարգային փոփոխություններ, քանի որ եթե չկան օրենքներ, բոլոր ջանքերը ապարդյուն են դառնում։

«Հայաստանը 30 և ավել տարի անկախ պետություն է, մենք չունենք օրենք՝ մշակութային վայրերի մասին, չունենք օրենք միջազգային համաձայնագրերի, որի շնորհիվ հնարավոր կլինի ժամանակավոր ցուցահանդեսներ բերել Հայաստան։ Դժվար է, քանի որ ավելի շատ աշխատելու իմիտացիա ենք ստեղծում, քան անում ենք ինչ որ բան»։

Արչի Կալենցը կարևորում է ժամանակակից վիրտուալ հնարավորությունները․ «Վիրտուալ աշխարհը մեր ծովն է։ Հիմա ժամանակն է ցույց տալու, թե որքանով է հնարավոր Արցախը վիրտուալ վերակառուցումը, որ վաղը հնարավոր լինի ապացուցել, որ այստեղ մենք եղել ենք»։  

Արչի Հարություն Կալենցը խոսեց նաև Գերմանիայում «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա-ՀԵՄԱ» հասարակական կազմակերպության //aeae.eu/ հետ կազմակերպված ցուցահանդեսների, տպագրված պատկերագրքերի մասին, որոնցից մի քանիսը նվիրել է ԳԱԱ գրադարանին։

Back to top button