

Գեղանկարչություն բեմում, թատրոն կերպարվեստում. արվեստ, որտեղ խաղն անվերջ ընթացքի մեջ է, հարթ տարածության վրա պատկերված անչափ դինամիկ և բազմաժանր ստեղծագործություններ, կյանք, շարժում, զգացմունք, հույզեր։
Բովանդակային արվեստ, վառ կերպարներ, երկխոսության մեջ մտնող ինքնատիպ անհատականություններ, ժանրային և ոճային գեղանկարչական տարբեր ստեղծագործություններ, որտեղ ամենուր կարելի է զգալ թատերական շունչը, հաղորդակցվել կարծես թատերական ներկայացումներից ծնունդ առած հերոսների հետ:
Արեգ Միրիջանյանի ստեղծագործություննեից յուրաքանչյուրը, ասես, թատերական տարածություն լինի՝ հետաքրքիր պատմություններով և հոգեվիճակներով՝ համեմված թատերական մթնոլորտով, որտեղ խաղն անվերջ շարունակվում է՝ անգամ ստատիկ կտավների վրա:
Գեղանկարիչ Արեգ Միրիջանյանը նկարել սկսել է ավելի ուշ, հետագայում ճանապարհն արվեստագետին տանում է դեպի բեմանկարչություն:
2016 թվականից Արեգ Միրիջանյանն աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Արվեստագետը հասցրել է դառնալ մի շարք տպավորիչ ներկայացումների նկարչական ձևավորումների հեղինակը՝ իր խոհափիլիսոփայական հայացքներով և գաղափարներով հավասարապես ստեղծագործելով նաև բեմարվեստում: