Դպրություն

Հայաստանում «չպահանջված» մասնագիտությունները. «Դպրություն»

Վերջին 3 տարիների ընթացքում բուհերի ընդունելության քննություններում կատարվում են փոփոխություններ։ Համաճարակի պատճառով 2020 թվականին դիմորդներն առաջին անգամ ընդունվեցին բուհ՝ հանձնելով մեկ միասնական քննություն։ 2021 թվականին գործեց մեկ բուհ՝ մեկ մասնագիտություն համակարգը: 2023-ից նոր կարգ գործեց։ Դիմորդները հնարավորություն ունեին երկու անգամ հանձնել միասնական քննությունները՝ ձմռանը և ամռանը, ընտրելով ստացած լավագույն արդյունքը։ Այստեղ երկու փուլերի տարբերությունն այն է, որ հունվարին քննություն հանձնողները հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը, այսինքն՝ մրցույթ, որպես այդպիսին, տեղի չի ունենում։

«Այս տարվա ընդունելության կարգի մեջ փոփոխություններից մեկն էլ այն էր, որ պետության կողմից հատկացվել են պարտադիր զինվորական ծառայության իրավունք տվող տեղեր՝ երկու բուհերում, մոտ տասը մասնագիտության ուղղությամբ»,- ասում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։     

Նա հուսով է, որ կրթական բարեփոխումների արդյունքում մոտ ապագայում կունենանք ավելի լավ կազմակերպված բարձրագույն կրթություն, որը կտա որակյալ կրթություն՝ միտված աշխատաշուկայի պահանջներին։

«Որոշակի պիլոտային ծրագրեր արդեն իսկ արվում են։ Այս տարվա տվյալները ամբողջական դեռևս ամփոփված չեն, բայց չեմ կարծում, որ շատ տարբերություններ լինեն։ Ուղղակի ուզում եմ հավաստել, որ օրենսդրական փոփոխությունները ընթացքի մեջ են և դրանք շուտով կյանքի կկոչվեն։ Հույս ունեմ, որ հաջորդ ուսումնական տարվա մեկնարկին՝ հաջորդող տարիների համար այլևս արձանագրած փոփոխություններ և դրական տեղաշարժեր կունենանք»,- կարծում է Լուսինե Գրիգորյանը։

Կրթության ոլորտի փորձագետ, ֆ․մ․գ․ թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը որոշակի առաջընթաց տեսնում է այս տարի, որովհետև շատ դիմորդներ հնարավորություն ունեցան երկու անգամ հանձնելու նույն քննությունները։

«Բայց այն գաղափարը, որ դրված էր երկու անգամ հանձնելուց, օրինակ՝ առաջին անգամ հանձնելու պարագայում դիմորդը կարող է որոշել երկրորդ անգամ հանձնել, թե ոչ։ Օրինակ, այնպիսի միավորներ հավաքելու դեպքում, որ նա վստահ կլիներ, որ կընդունվի իր ուզած բուհ–ը՝ իր ուզած մասնագիտությամբ, դա այդքան էլ այդպես չէ, որովհետև ոչ ոք չի կարող կանխատեսել, եթե միայն 20 միավոր հավաքես քննության ժամանակ, դու արդեն չես ուզենա երկրորդ անգամ հանձնել, որովհետև դրանից ավել էլ չես կարող»։- ասում է նա։

Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ սրա պատճառն այն է, որ մեզ մոտ ընդունելության կարգը, ըստ էության, դեռևս խորհրդային ժամանակներից էական փոփոխություններ չի կրել։ Մեզ մոտ բուհական ընդունելությունը ըստ էության կառավարվում և ուղղորդվում է լիազոր մարմնի կողմից։

«Իրականում մեր կրթական համակարգը հետ է մղվում, և հետագայում տասնամյակներ են պետք լինելու կրթությունը գոնե հարևան երկրների մակարդակին հասցնելու համար»,– ասում է կրթության փորձագետը։

Back to top button