Գերդաստաններ

Ասաբլյաժ կոլաժներից մինչև լույս ու ստվերի աշխարհ. «Գերդաստաններ»

Աջափնյակում՝ Մարգարյան 23-ում, մի տուն-արվեստանոց կա, որտեղ ապրում և ստեղծագործում են քույր և եղբայր Քամալյանները։ Նրանք ստեղծել են արվեստի հարյուրավոր գործեր՝ նկարչական, կարպետագործական, խեցեգործական, սակայն երբեք չեն ձգտել մեծ ցուցադրությունների։ Նրանց ամենամեծ խորհրդատուն ու քննադատը եղել է ճարտարապետ-շինարար հայրը, որին վստահել են և նրանից են սովորել գծի ու նախշի խորհուրդն ու կյանքի փիլիսոփայությունը։

1915 թվականի մայիս ամիսն էր, երբ Քամալյանները Մուշից գաղթում են Արևելյան Հայաստան և փնտրում մի վայր, որտեղ կհանդիպեին եկեղեցիների, քանի որ իրենք հոգևորականներ էին։ Ահա և գերդաստանը հաստատվում է Կոտայքի մարզում։ Դրա շառավիղներից Իշխան Քամալյանը դեռ վաղ տարիքից հետաքրքրված էր նկարչությամբ ու ճարտարապետությամբ, և քանի որ ողջ գերդաստանն ուսումնասիրում էր հոգևոր ոլորտը, ուստի զարմանալի չէ, որ նա տարված էր հենց եկեղեցական կառույցներով և ուզում էր իմանալ հնագույն ճարտարապետության գաղտնիքների ու հմտությունների մասին։

Իշխան Քամալյանը՝ երիտասարդ տարիքում

Իշխանը հիդրոմելորատիվ տեխնիկումն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պոլիտեղնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական բաժինը և շուտով դառնում շատ նախագծերի ու շինարարական կառույցների հեղինակ ու համահեղինակ։ Այս համեստ ու զուսպ անձնավորության համար կարևոր էր իր  երեխաների ճիշտ դաստիարակությունը և մանկությունից հետևում էր նրանց ձեռքի  աշխատանքներին, նրանց գծերին ու մտքերին, պատմում է դուստրը՝ նկարչուհի  Անահիտ Քամալյանը։

Անահիտը դեռ փոքր էր, երբ հայրը խորհուրդներ ու հանձնարարություններ էր տալիս․«Նկարիր մտքերդ այնպես, որ ասելիքդ մեզ բավականություն պատճառի»։ Եվ Անահիտը նկարում էր, ցույց տալիս ծնողներին՝ հավանության արժանանում և  ոգևորությամբ սկսում կրկին նկարել։ Շուտով մի արվեստագետ հուշեց նրա հայրիկին, որ ուշադրություն դարձնեն աղջկան, քանի որ նրա համար առաջնայինը գույնն է, նա խոսում է գույներով։

Անահիտ Իշխանը, այդպես է նրա գրական անունը, հիշում է, որ երբ մայրը վատառողջ էր, գիշերները անցյալի հուշերով տարված, ավելի շատ էր աշխատում։ Եվ ահա 1997 թվականին իր առաջին ցուցահանդեսին, նա ներկայացրեց ազգային գույներով ու զարդանախշերով մի գորգ, որն անմիջապես գրավեց դիտողների ուշադրությունը, հատկապես օտարերկրացիների, պատմում է նկարչուհին։

Մի քանի տարի անց, մի այլ ցուցահանդեսում Անահիտի ստեղծագործության հիմքը  13-րդ դարի կարպետն էր, որտեղ թռչնի ու վիշապի կռիվն էր պատկերված։ Անահիտն այս մարտում, երկնքի կոբալտի մեջ կործանեց վիշապին, որպեսզի նա մաքրվի և  մոտենա թռչնի ճախրանքին։  

Անահիտ Իշխանի աշխատանքները կարծես գույներով են խոսում

Անահիտը կերտում է նաև ասաբլյաժ կոլաժներ, որոնցում գործածում է մետաղներ, փայտի կտորներ, թելեր։ Մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև նրա նկարչական աշխատանքները՝ հախճապակե իրերի վրա։ Նկարչուհու գրաֆիկական աշխատանքները, որտեղ լույս ու ստվերից բացի կարող ես նաև գույն տեսնել, ֆեյսբուքյան էջերում դառնում են զրույցներ և պատրաստվում են գալիք մեծ  ցուցահանդեսին։

Անահիտի եղբայրը՝ Արամ Քամալյանը, նկարել սկսել է 3 տարեկանից։ Այս տարիքից նրա մոտ, ասես, արթնացել է գենետիկ հիշողությունը և սկսել է եկեղեցիներ նկարել, չէ՞ որ  նախնիները եկեղեցու սպասավորներ էին եղել։ Արամը պատմում է, թե ինչպես իրեն գովաբանեցին ինստիտուտում, երբ քրոջ աշխատանքը սխալմամբ տարել և ներկայացրել էր դասախոսների դատին։

Մեր քաղաքի գողտրիկ փողոցներում եթե փնտրենք, շատ ու շատ ընտանեկան արվեստանոցներ կգտնենք, կտեսնենք հրաշալի աշխատանքներ, որոնց մասին քչերը գիտեն, որոնց մասին քիչ է խոսվել, որոնք մնացել են ստվերում՝ իրենց համեստությամբ ու լռությամբ։

Back to top button