Վերնատուն

Քաղաքը՝ շնչող օրգանիզմ․ Խաչատուր Իսկանդարյանի հոբելյանական ցուցահանդեսը. «Վերնատուն»

Հայաստանի Ազգային Պատկերասրահում մեկ ամիս առաջ բացվեց ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի հոբելյանական «Խաչատուր Իսկանդարյան-100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը:

Ազգային պատկերասրահի քանդակի բաժնի ղեկավար, արվեստաբան, ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը խոսում է արվեստագետի ստեղծագործությունների առանձնահատկության, ցուցահանդեսի շեշտադրումների և արձագանքների մասին։

«Խաչատուր Իսկանդարյանի բոլոր ստեղծագործություններում լույսը, դրական վերաբերմունքն ու սերը առկա են։ Եվ որպես քանդակագործ և որպես գրաֆիկ` հետաքրքիր ստեղծագործություններ ունի։ Ի տարբերություն իր սերնդակիցների, նա կարողացել է խուսափել սովետական մտածելակերպից և ժամանակին թելադրված ստեղծագործություններից։ Համարվում է մանրաքանդակի հիմնադիրն ու զարգացնողը, այդպես նա կարողացել է մանր պլաստիկան ավելի հետաքրքիր դարձնել։ Նա ստեղծագործել է շատ ազատ ընդունված բոլոր ստանդարտներից դուրս», – ասում է Մարիամ Դավթյանը։

Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 50 աշխատանք՝ քանդակներ, գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, որոնք արվել են իր եվրոպական շրջագայությունների ընթացքում։

Մարիամ Դավթյանն ասում է, որ արվեստագետը մի առիթով խոստովանել է, որ Երևանում քանդակում է, արտերկրում նկարում։

«Մենք փորձեցինք դիտարկել արվեստագետին իր միջավայրում, սիրելի քաղաքը՝ ճարտարապետությամբ և իր բնակիչներով, քաղաքը՝ որպես շնչող օրգանիզմ։ Հրաշալի կերպով տալիս է հոգեբանական բնութագիր, որտեղ տեսանելի է կերպարը, շարժումը, կերպարի հույզերը։ «Սքեյթ քշողները» գործում օդում կախված դինամիզմ կա, բոլորը ասում են որ քաղաքային միջավայրում նրա գործերը կարող էին հետաքրքիր դիտվել», – ասում է Մարիամ Դավթյանը։ Ազգային Պատկերասրահում Խաչատուր Իսկանդարյանի ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 4–ը։

Back to top button