Վերնատուն

Արտ–թերապիա․ ինչպես վերականգնել կապը սեփական ինքնության հետ․ «Վերնատուն»

Արվեստի կիրառական նշանակության սահմաներն ընդլայնվում են։ Մեր օրերում արտ–թերապիան հոգեբանության ու արվեստի հիմքի վրա ձևավորված, ինտենսիվ զարգացող ուղղություն է և կիրառվում է հոգեթերապևտիկ ու ինքնաճանաչմանն ուղղված պրակտիկաներում։

Արձակագիր Սամվել Սաղաթելյանն ասում է, երբ հասարակության մեջ չի ձևավորվում անհատի կարևորությունը, մարդիկ ենթարկվում են սթրեսների, կորցնում կապը սեփական ինքնության ու հասարակության հետ։

Նա արվեստի իր որոշ նախագծերում արտ թերապիայի փորձառություն ունեցել է․ համագործակցել է հոգեկան առողջության կենտրոնի հետ, իրականացրել նախագիծ, որը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ ձևավորված կլիշեների ու դատապարտող կարծիքների մասին էր։

«Երբ նրանց հետ շփվում ես ու նրանց ներգրավում ստեղծագործական պրոցեսի մեջ, հասկանում ես, թե ինչքան թաքնված պոտենցիալ ունեն այդ մարդիկ, որը երբևէ չի դրսևորվել, ու հիմա արվեստի ու համագործակցության արդյունքում բացառիկ նմուշներ են ստեղծվում։ Ամենակարևորը, երբ զգալով մարդու կաշկանդվածությունը, նրան ազատություն ես տալիս», – ասում է Սամվել Սաղաթելյանը։

Արձակագիր Զինե Մամոյանը բնակվում է Փարիզում, հաճախել է տեղի արտ–թերապիայի խմբակներ, ասում է՝ ոչ բոլորը կարող են արվեստի առաջ բաց լինել, արվեստային լինելը, արվեստը, գրականությունը սիրելը կարևոր է և հետո մոտեցումներն են շատ անհատական, այստեղ կարևոր է պրոֆեսիոնալ մոտեցումը։

«Ես հոգեբանի հետ աշխատանք տանելուց հետո գրեցի իմ «Հեկե Դուկե» գիրքը՝ շատ հանգիստ և հավասարակշռված վիճակում։ Այն ինձ թույլ տվեց անկեղծանալ, զրոյանալ և վերաձևավորվել։ Բայց գրականություն դառնալու համար միտքդ պետք է պատրաստ լինի ու բոլոր տեսակի թերապիաները պիտի անցած լինեք», – ասում է Զինե Մամոյանը։

Սամվել Սաղաթելյանն ասում է, երբ արվեստագետը կարողանում է ինքն իրեն բացահայտել, դա փոխանցվում է նաև դիմացինին։ Հետո հավելում է, որ Հայաստանում արտ–թերապիայի ծրագիր կարելի է մշակել պետական պաշտոնյաների, հայտնի մարդկանց, շոու բիզնեսի ներկայացուցիչների համար։

«Մեզ մոտ էգոյի խնդիրը շատ հիմնավոր է, երբ մարդը պաշտոն է ունենում, էականորեն փոխում է իր վարքագիծը, սկսում է դիրքը չարաշահել, սպառնալիքի լեզվով խոսել, թերապիայի սահմանները նեղ չեն, ու կարելի է այդտեղից էլ սկսել», – ասում է Սամվել Սաղաթելյանը։

Back to top button