Մտքի ուժը

Տաշած քարը գետնին մնում է․ սպիրոմետրը կա, հետաքրքրվողներ՝ ոչ․ «Մտքի ուժը»

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում ստեղծել են սպիրոմետր՝ տարբեր տեսակի գազերի երկկողմանի հոսքերի ճշգրիտ չափման համար: Սարքը կարելի է կիրառել նաև բժշկության մեջ՝ փորձելով պարզել, թե ի՞նչ վիճակում է գտնվում թոքերի աշխատանքը։

Սուրեն Հարությունյանն ասում է, որ գտել են տարբեր տեսակի գազերի երկկողմանի հոսքերը չափելու նոր սկզբունք, այն ունի գործող սարքերի նկատմամբ առավելություններ․ չափման արագությունն ու ճշգրտությունն է հայ գիտնականների ստեղծած սարքին առավելություն տվել։

Սպիրոմետրը հատկապես համավարակի օրերին կարող էր շատ օգնել բժիշկներին։ Ընդամենը մի քանի վայրկյան կարելի է շնչել սարքի մեջ ու սարքի վրա գտնվող էկրանի վրա, կորերի միջոցով կարելի է հասկանալ՝ թոքերում ախտածին խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ։ Գիտնականն ասում է, որ եթե սարքը շատ փոքր տեսք ունենա (այժմ ապրանքային տեսքի են բերում), ապա հնարավոր է, որ այն լինի յուրաքանչյուրի ընտանիքում։ Գիտնականներն իրենց աշխատանքն ավարտել են ու կանգ առել։ Հենց այստեղ է, որ կարևոր օղակը բաց է.

«Չկարողացանք գործընկեր գտնել։ Երկրորդ քայլը՝ հետաքրքրություն էր պետք, հատկապես առողջապահական հիմնարկների կողմից։ Մենք անցյալ տարի երեք ցուցահանդեսի ենք մասնակցել։ Մի քանի բժիշկ հետաքրքրվեց ու վերջ։ Մենք բժշկական համակարգի հետ կապ չունենք, համագործակցություն չունենք։ Մենք մեր պատկերացումը արեցինք։ Գուցե այժմ ակտուալ չի սարքը, քանի որ կորոնավիրուսի ժամանակ ավելի շատ էին օգտագործում»։

Նման սարքեր աշխարհում կան՝ դեռ 16-րդ դարից, բայց հայ գիտնականների ստեղծած սարքերն ունեն առավելություններ։ Այն կարելի է կիրառել արտադրության, բժշկության մեջ։ Վեց հոգուց կազմված գիտական խմբում տարբեր մասնագետներ կան։ Գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհի շրջանակներում են 21,7 միլիոն ՀՀ դրամ ստացել։

Այստեղ կարևոր նախապայմաններ կան՝ նախ առաջարկը պետք է կիրառելի լինի, ապա նախագիծի ունենա համաֆինասավորող։ Այս դեպքում երկուսն էլ կար։ Ֆիզիկոսներն ունեն մի զարմանալի հատկանիշ՝ նրանք պետք է ամեն ինչ իմանան։ Բայց սա ավելի շատ ոչ թե հետաքրքրասիրությունից է, այլ հնարավոր բոլոր ռիսկերը կանխելու համար է։ Եվ ահա, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կամ ինչպես հայտնի է՝ ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչային դիագնոստիկայի խմբի Փոքր արագացուցչային կայանի մոդել են մշակել և պատրաստել։ Գիտաշխատող Էլեանորա Լազերևան պատմում է․

«Մինչև սպառողին հասնելը մենք պետք է փնջի մասին ամեն ինչ իմանանք։ Սկանավորում անցնում է փունջը։ Հանում ենք փնջի պրոֆիլը, տեղեկություն ենք ունենում մասնիկների բաշխվածության մասին։ Տվիչները մեզ նման հնարավորություն են տալիս»։

Տվիչների հեղինակման համար գիտական խմբի ղեկավար Սուրեն Հարությունյանը Միացյալ Նահանգներում միջազգային Faraday Cup մրցանակի է արժանացել դեռ 2008 թվականին։ Հենց նա է գաղափարի հեղինակը, բայց գիտական խմբում գաղափարը զարգացնելու համար աշխատում են բոլորը։

«Փնջի լայնակի պրոֆիլը չափելու սարքավորում է, մենք տատանվող լարի ֆունկցիայի վրա կարողանում ենք գնահատել, թե որքան մասնիկներ են այդ փնջի մեջ։ Մենք լաբորատոր ստենդ ենք պատրաստել, որ ուսանողները էտապները տեսնեն»։

Գիտական խմբում միայն մակետի ստեղծմամբ չեն սահմանափակվել։ Նաև ստեղծել են պրոտոնային փնջի պրոֆիլավորման կայան։ Կօգտագործեն ցիկլոտորոնի 18 ՄէՎ էներգիայով պրոտոնային փնջի պրոֆիլի չափման համար։

Չնայած խնդիրներին՝ գիտական խումբը կանգ չի առնում: Էլիոնորա Լազարևան ևս մեկ նոր մշակման մասին է պատմում՝ նոր տիպի տատանվող լարով ջերմային աքսելերոմետրեր՝ արագացում չափելու համար, այն ևս կիրառման լայն դաշտ կունենա:
Գիտական աշխատանքների բոլոր փուլերում են խնդիրները բախվում, անգամ առաջարկները 3D տպիչով տպելիս։ Լազար Լազարևն ամեն ինչ գիտի այս տպիչների մասին։

Բացատրում է՝ սարքը երեք առանցքով կարողանում է անհրաժեշտ մասնիկը տպել։ Տպում է տարբեր տիպի պլաստիկ մասսաներից։ Կարևոր է ամրությունը, գույնը, նյութը՝ ասում է։ Կնախընտրեին մետաղով աշխատել, բայց՝ հնարավորություն չունեն, քանի որ համապատասխան սարքերն են թանկ:

Back to top button