Մտքի ուժը

Գիտական 2022-ը. ի՞նչ են առաջարկել հայ գիտնականները անցնող տարում․ «Մտքի ուժը»

2022 թվականը հայ գիտական ներուժի համար հաջողված տարի է։ Տարվա ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ ու բազմապիսի առաջարկներ, որոնք կյանքի կոչվելու դեպքում  տնտեսությունն ավեի կատիվանա, տարբեր ոլորտներում հաջողություններն ակնհայտ կդառնան։

Եվ այսպես՝ հայ գիտնականներն առաջարկում են իր տեսակի մեջ եզակի նյութ, որից պատրաստված իմպլանտը ժամանակի ընթացքում կփոխարինի ոսկորին։ 

Ինչպե՞ս․ գիտական տարբեր փորձերի ու համառ աշխատանքի շնորհիվ։ Երբևէ մտածել եք՝ ինչպե՞ս է օտար մարմինը՝ իմպլանտը, հարմարվում մարդու օրգանիզմին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նյութով է պատրաստված։ Մարինա Աղայանը գիտնական է, աշխատում է  ՀՀ-ում ու Էստոնիայում՝ գիտական կենտրոնում։ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գիտական խումբ է ղեկավարում, որը զբաղվում է կենսահամատեղելի, քիմիական ֆիզիկայի նյութերի ուսումնասիրմամբ։

«Օրինակ՝ նոր իմպլանտների սինթեզը, դրանցից նոր իմպլանտներ պատրաստելը և դրանց մեխանիկական  ու ֆիզիկական հատկությունները ստուգելը։ Այսինքն՝ մեր կողմից պատրաստված իմպլանտները պետք է կարողանան դիմանալ անհրաժեշտ ուժին ու ջերմությանը, որ մարմնին վնաս չտա»։

2022 թվականին հայ գիտնականները սկսեցին կապ փնտրել վահանաձև գեղձի թերֆունկցիայի ու ալցհայմերի հիվանդության միջև։ Փնտրուքներն սկսեցին Լևոն  Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։ Զգայաշարժ ինտեգրացիայի լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Դարբինյանն է պատմում.

«Հայտնի է, որ վահանաձև գեղձի թերֆունկցիան նաև հիշողության վրա է ազդում։ Ալցհայմերի հիվանդությունը նույնպես զարգանում է հիշողության աստիճանական կորստով։ Փորձում ենք դրանց կապը գտնել»։  

ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, ստանդարտացման ու սերտիֆիկացման լաբորատորիայի ղեկավար Արմեն Ոսկանյանը պատմում է, թե ինչպես նույն ինստիտուտում գիտական մեկ այլ խումբ որոշեց հասկանալ, թե ինչ է ստացվելու գյուրզայի թույնի ու խնկածաղկի եթերայուղի համակցումից։ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում։ Սոնա Բուլոյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, պատմում է․ անուն արդեն ունի՝ «դերմաֆեն»․  

«Դեղաքսուքը կոմբինացված դեղանյութ է, որտեղ համակցված է  հակաբիտոիկային ակտիվություն ունեցող ֆիցիլինն ու տեղային ցավազրկող հատկություն ունեցող լիդոկային դեղանյութը։ Փորձել ենք համակցել, քանի որ այրվածքները և վերքերն ունենում են բարձր ցավային հատկանիշներ, կոմբինացնելով կարող ենք ստանալ ցավը մեղմող և վերքը լավացնող ազդեցություն։ Դեղաքսուքն արդյունավետ է, նրա ազդեցությունը համեմատել ենք շուկայում վաճառվող դեղաքսուքների հետ։ Դեղանյութն ունի շատ բարձր էֆեկտիվություն, շատ արագ լավացնում է վերքերը»։ 

Իսկ ի՞նչ կարելի է պատրաստել անթառամի կամ կաթնափուշի խառունդից․ թեյը առաջին ու բնական արձագանքն է։ Բայց հայ գիտնականները հայկական դեղաբույսերը հատկապես վերջին տարիներին ակտիվորեն կիրառում են իրենց գիտական հետազոտությունների մեջ։  Մոտ 6-7տարի է, ինչ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արշակյանն առաջարկում է նորարարական գաղափար, որը կարող է կիրառվել լյարդի ցիռոզի հայտնաբերման ու ինչու չէ նաև կանխարգելման համար։ Եվ ահա, այսպես ասեմ,  փնտրտուքները նրան հայաստանյան բնաշխարհ տարան։ 

Հայկական շուկայում արդեն կարելի է կենսաբանորեն ակտիվ նոր հավելում փնտրել՝ «Նարարգին»-ը։ Կոմպլեքս պատրաստուկը միաժամանակ խթանում է աղեստամոքսային համակարգի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաներն առողջ և 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ՝ ապահովելով ինսուլինի և գլյուկագոնի արտազատումը, նպաստում է շաքարի նվազեցմանն արյան մեջ։  Առաջարկը «Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն»-ի պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի մշակման լաբորատորիայի գիտնականներինն է։ Լաբորատորիայի ղեկավար Ֆլորա Տխրունին ասում է, որ «Նարարգինն» իրենց շուրջ տասը տարվա աշխատանքի արդյունքն է։ Պրոբիոտիկի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում արտերկրում, չի բացառվում, որ այն վաճառվի նաև Ռուսաստանում ու Չեխիայում.

Աշխարհը գրաված նանոտեխնոլոգաները նաև Հայաստանում են փորձում զարգացնել։ Նրանք ամենուր են՝ էլեկտրոնիկայից, էներգետիկայից, բժշկագիտությունից, ռազմարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն, թեթև սննդարդյունաբերություն, բնապահպանություն և այլն։ Գործնականում չկա մարդկային կենսագործունեության մի ոլորտ, որտեղ նանոտեխնոլոգիաները թափանցած չլինեն իրենց հեղափոխական ձեռքբերումներով և նորերի խոստումնալից հեռանկարով։ Նանոգիտության հիմնարար ձեռքբերումները, ինչպես նաև նանոմասնիկների և նանոհամակարգերի սինթեզման կատարյալ տեխնոլոգիաները ճանապարհ են հարթում նորանոր «խելացի» սարքերի ստեղծման և մարդկային կյանքի որակը, պաշտպավածությունն ու հարմարավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ բակալավրական կրթական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյան։  

Անցնող տարվա ընթացքում նաև պարզ դարձավ, որ համատեղելի են անգամ քիմիան ու «կանաչը»։ ՀԱՀ պեստիցիդների սինթեզի և փորձաքննության գիտական բաժնի  ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Ենգոյանը բացատրում է՝ սա ուղղություն է, որի դեպքում ստացվող նյութերը բնությանը քիչ են վնասում։ Բայց սա միայն բավարար չէ․ ավելին, սինթեզի ժամանակ էլ պետք է այնպիսի եղանակներ ստանալ, որպեսզի ազդեցությունը  շրջակա միջավայրի վրա նվազագույն լինի։

«Կանաչ քիմիա»-ի դեպքում հաշվի են առնվում բոլոր մանրուքները՝ անգամ էլեկտրաէներգիայի խնայումը առավելություն է։ Գիտնականն արձագանքում է․ «Էլեկտրաէներգիան ստացվում է գազի, ածուխի  այրումից։ Դու վնասում ես, աղտոտում ես շրջակա միջավայրը։ Իսկ այս սարքերի միջոցով 6 ժամվա փոխարեն փորձը ստացվում է 30-40 րոպեի ընթացքում»։

Իսկ շրջակա միջավա՞յրը, թե՞ ժառանգականություն է ազդում քրոնիկ լինֆոլեյկոզի վրա. կպարզեն արյունաբանության կենտրոնում։  Արյան միջոցով քաղցկեղի նկատմամբ հակվածությունը կստուգեն կենսաքիմիայի ինստիտուտում։ Այստեղ կատարում են նաև իմունոֆերմենտային անալիզի հետազոտություններ, միայն թե այս դեպքում կարևոր են եղանակային պայմանները.  Նարինե Թումասյան՝գիտաշխատող․  

«Լաբորատորիան համագործակցում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի բաժնի  հետ, որտեղից  վերցնում ենք առաջնային ուռուցքով հիվանդների արյունը և հետազոտում ենք կոնկրետ պեպտիդի առկայությունը, փորձում ենք այդ պեպտիդը գտնել հիվանդների արյան մեջ։ Կան վարկածներ, որ այդ պեպտիդը կարող է հանդիսանալ բիոմարկեր, իսկ որպեսզի մենք նշենք, որ այն բիոմարկեր է, պետք է հիվանդության ու բուժման տարբեր փուլերում փորձենք որոշել պեպտիդի քանակը արյան մեջ»։   

Հայ գիտնականները օրգանիկ էներգիա են փորձում ստանալ։ Գիտական մեկ այլ խումբ էլ պոլիէթիլենին փոխարինող կենսապոլիմերի ստացմամբ են զբաղվում՝ օրգանական թափոններից։ Հայ գիտնականների առաջարկած նոր մաքրող միջոցներն էկոլոգիապես մաքուր և անվտանգ են։  

Առայժմ անանուն, բայց  բարձր արդյունավետությամբ ու ցածր գնով տեղական արտադրության միջատասպան պատվաստուկը «ծնվել է» «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն»-ում։ Այստեղ փնտրել ու գտնել են այնպիսի միջատասպան հատկությամբ օժտված բակտերիա, որն ազդում է տարբեր տեսակի վնասատուների վրա՝ կաթվածահար անելով միջատի աղեստամոքսային համակարգը:

«Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն»-ի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում փնտրեցին, հետազոտեցին ու փորձարկեցին այն։ Պարզեցին՝ իրենց հայտնաբերած բակտերիան «ընտրելու» կարողություն ունի։  

Գիտական մեկ այլ խումբ էլ ԵՊՀ-ում օրգանական պարարտանյութ է ստանում սուրճի նստվածքից։ Աշխարհում տարեկան 500 միլիարդ բաժակ սուրճ է սպառվում։ 25 միլիոն ֆերմեր օրվա ապրուստը սուրճ աճեցնելով է վաստակում: Կլիմայական փոփոխությունների պատճառով մինչև 2050 թվականը սուրճ աճեցնելու համար նախատեսված տարածքները կարող են կրճատվել 50 տոկոսով: Իսկ ի՞նչ անել սպառված սուրճի կուտակված թափոնների հետ։ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական կենտրոնում ելքը գտել են՝ պատմում է գիտաշխատող Սաթենիկ Միրզոյանը։

Որտե՞ղ ու ինչպե՞ս ստանալ նոր նյութեր․ ժամանակակից գիտական աշխարհում լաբորատորիաներին ու լաբորատոր փորձերին փոխարինելու են գալիս համակարգիչը, թվերն ու հաշվարկները։ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիայի կենտրոնի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում գիտության հենց այս՝ նոր ոլորտով են զբաղվում։  

Իսկ տարվա թիվ 1 գիտական իրադարձությունը «Սթարմուս»-ն էր։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց  «Սթարմուս VI» գիտության ու տեխնոլոգիաների փառատոնը։ Մեկ շաբաթ Հայաստանում գիտության տոն էր։ Այստեղ էին հավաքվել համաշխարահային մեծության աստղեր ու գիտնականներ։ Փառատոնի հիմնական նպատակը երիտասարդների մոտ գիտության նկատմամբ ոգեշնչում ու սեր արթնացնելն է, նաև ապացուցելը՝ պատերազմներից ու քաղաքականությունից բացի աշխարհում ու հատկապես Հայաստանում՝ այլ բաներ էլ կան։ Ասում են՝ ստացվեց։

Back to top button