Այդ երկրում ամառները շատ տաք են ու խեղդող, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ղազախստանի մասին իմ մանկության ամենահիշվող տպավորությունը դրա կլիմայի մասին է։ Հայրիկս խորհրդային տարիներին ծառայել էր Միջին Ասիայի տարածքով ամենամեծ երկրում, որի հետ մի ժամանակ մի երկրի՝ Խորհրդային Միության մաս էինք կազմում։
Դա ինձ համար հեռավոր պատմություն է, քանի որ ծնվել եմ անկախ Հայաստանում։ Ղազախստանն ինձ համար հեռավոր արտասահման է։
Դեռ երեք տարի առաջ Ղազախստանում միայն մեկ մարդ կար, որի շուրջը կառուցված էր այդ երկիրը։ Տպավարություն էր, որ այն գոյություն ունի միայն Նուրսուլթան Նազարբաեւի ու իր ընտանիքի համար, գոյություն ունի Նուրսուլթան Նազարբաեւի ու իր ընտանիքի շնորհիվ։
Մոտ երեք տարի առաջ Նազարբաեւը որոշեց իշխանությունն աստիճանաբար փոխանցել իր նշանակած ժառանգորդին՝ ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին։
Միջին Ասիայի՝ տարածքով ամենամեծ երկրի՝ Ղազախստանի հասարակությունը բաժանված է երեք հիմնական ժուզերի՝ ավագ, միջին ու կրտսեր։
Դրանք պատմականորեն ձեւավորված միություններ են, որոնց անդամներն իրենց ժուզը ծնված օրվանից չեն փոխում։ Երկրի վերնախավը կազմում են ավագ ժուզի ներկայացուցիչները։ Ինչպես Նազարբաեւը, այնպես էլ Տոկաեւը հենց ավագ ժուզից են։
Ղազախ հասարակության՝ Տոկաեւի հանդեպ վստահությունը տեւեց կարճ, մինչեւ այն պահը, երբ Տոկաեւի որոշմամբ մայրաքաղաք Աստանան վերանվանվեց Նուր-Սուլթան։
Հունվարի երկուսից սկսած Ղազախստանում սկսվեցին գազի գնի բարձրացման դեմ բողոքի խաղաղ ակցիաներ, որոնք վերածվեցին զանգվածային անկարգությունների՝ հարյուրավոր զոհերով ու հազարավոր ձերբակալվածներով։
Ավելի պարզ լինելու համար. Ղազախստանն այն երկիրն է, որի ընդերքում կան Մենդելեւի աղյուսակի գրեթե բոլոր տարրերը։ Բայց այս հարուստ երկրի բնակիչներն այնքան էլ հարուստ չեն։
Այս երկրում հայեր միշտ են ապրել, իսկ վերջին տարիներին մենք Հայաստանում տեսել ենք բազմաթիվ ղազախների, որ այստեղ կա’մ աշխատում են, կա’մ գործարարությամբ են զբաղվում։ Բայց Միջին Ասիայի այս երկրի բնակչության մասին մենք քիչ բան գիտենք։
Այս իրադարձություններին, փորձագետները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչները տվել են քաղաքական ու փորձագիտական գնահատական։
Մենք փորձել ենք խոշորացույցով իրադարձություններին հետեւել լրագրողական հայացքով`գտնելով այն սոցիալ-քաղաքական միջավայրը, որտեղ հնարավոր եղան նման զարգացումները։
Անի ՄԻՆԱՍՅԱՆ
Այդ նպատակով մենք հյուրընկալել ենք լրագրող Մարկ Գրիգորյանին, որը բազմիցս եղել է Ղազախստանում եւ Միջին Ասիայում, աշխատել է Ղազախստանի եւ Միջին Ասիայի գործընկերների հետ, նա ականատեսն է, թե ինչպես է ձեւավորվել ներկայիս Ղազախստանն ու Միջին Ասիան հետխորհրդաային վերջին 30 տարիների ընթացքում։