Խճանկար

125 հազար չներկված դարպաս՝ Հայաստանի հեռավոր գյուղերում. ի՞նչ անել, որ գյուղը լինի․ «Խճանկար»

Ստելլա Սարուխանյանը Հայաստանի սահմանամերձ գյուղերին ասում է «սահմանապահ»։ «Ուշադրությանս կենտրոնում ոչ թե հայտնի ու քիչ, թե շատ եկամուտ ունեցող գյուղերն են, այլ նրանք, որոնք 30-ից պակաս ընտանիք ունեն, այսինքն՝ մի թաղամասից էլ քիչ»,- ասում է «Հայ գյուղական-սոցիալական ձեռնարկատիրության» հիմնադիր Ստելլա Սարուխանյանը։

Գյուղի համար մշակութային ու պատմական արժեքները կարեւոր չեն, բոլոր գյուղերն ունեն ներուժ՝ պետք է ուղղակի գտել այդ ներուժը, ասում է Ստելլան ու բացում գյուղական զբոսաշրջության մի քանի փակագիծ. «Գյուղը զարգացնելու ամենակարեւոր գործիքներից մեկը լեգենդներ ստեղծելն է։ Դա աշխատող տարբերակ է»։

Այդ լեգենդներից մեկի վրա էլ հենց հիմա աշխատում են, պատմում է Ստելլան ու ավելացնում, որ զոհված զինծառայող Էդգարի մոր՝ Արսինեի քայլն իրենց ոգեշնչել է առաջ գնալու համար։

«Ինքը տեսավ իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերը Իջեւանի Բնունիս գյուղից, ու բառացիորեն ցիտում եմ, գրեց, որ «Ես գտա իմ ապրելու իմաստը»։ Դրանից հետո որոշեց, որ պիտի քաղաքից տեղափոխվի սահմանապահ Բնունիս, այնտեղ տուն գնի ու հյուրատուն բացի։ Տան անունն էլ դրել է՝ «Էդգարի տուն»։

Սա գեղեցիկ պատմություն է, որը կարող է շատ լավ օրինակ լինել ու փրկել Հայաստանում մնացած այսպիսի բազմաթիվ գյուղեր։ Ստելլան պատմում է, որ մի սովորություն էլ ունի. ամեն անգամ, երբ որեւէ մոռացված ու հեռու գյուղ է գնում, այնտեղ ներկում է գյուղի դարպասներից մի քանիսը։ Ասում է՝ այդ գույներն են, որ պակասում են մեզ ու մեր գյուղերին։ Զրույցն ամբողջությամբ լսե’ք «Խճանկարի» այս թողարկմանը։

Back to top button