Ֆրանսիայում՝ «Արալյա» մրցանակաբաշխության ժամանակ նրա արվեստն այսպես են բնորոշել. «Ուժ, գույն, դինամիկ շարժում, թաքնված բռնություն»։
Իրան, Ավստրալիա, Գերմանիա. սրանք այն հիմնական երկրներն են, որտեղ ապրել ու ստեղծագործել, որտեղ սովորել ու ոգեշնչվել է միջազգային ճանաչում ունեցող նկարչուհի Միլանդա դե Մոնտը։ Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի հեղինակավոր պատկերասրահներում, իսկ նա համագործակցում է ժամանակակից պրոֆեսիոնալ նկարիչների հետ։ Նկարչուհին արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Շրջելով աշխարհի բազմաթիվ երկրներով՝ նա յուրացրել է թե’ արեւելքի, թե’ արեւմուտքի բազմերանգ մշակույթը։ «Նրա կտավներում մեղմ վարդազարդը մարդն է, քանի որ այն ունի սկիզբ և վերջ, իսկ գունեղ կորերն ընդամենը կյանքի շնչի արտահայտություններն են, գույները` կյանքի երջանիկ և դժբախտ պահերը։ Նրա նկարներում ամեն ինչ ուժ է, շարժում, մեծ արվեստ»,- այսպես է արտահայտվել Միլանդա դե Մոնտի մասին հայտնի արվեստաբան Լոուրենս Գարբատինին։
Հաղորդումն ուզում եմ ավարտել հայտնի արվեստաբան, դոկտոր Սալվադոր Ռուսսոյի այս պնդմամբ. «Միլանդա դե Մոնտի ստեղծագործություններում ստեղծվել է սիմվոլիզմի նոր, տեսողական այբուբեն, որը ճանաչում է մարդկային ինտելեկտի բարդությունը»։