Մտքի ուժը

Աշխարհում` առաջինը. երիտասարդները կազմում են ձեռագրերի համեմատական աղյուսակ․ «Մտքի ուժը»

Թշնամական արշավանքները, տեղահանություններն անգամ ժամանակն անկարող են եղել միջնադարյան հայ ձեռագրերի մանրանկարների նկատմամբ։ Դրանք մինչ այսօր էլ պահպանում են իրենց գունավոր երանգները։ Մանրանկարներն արվել են հիմնականում տեմպերայի տեխնիկայով, բացառապես բնական միջոցներից պատրաստված նյութերով։ Լայն կիրառություն է ունեցել հայկական բոլյուսը («հայկական բոլյուս»-ը սիլիկատային կավի հատուկ տեսակը, որը հարուստ է երկաթի օքսիդով), ասում են մասնագետները։

Որպես կապող, ամրացնող նյութ օգտագործել են նաև սխտորահյութը: Միջնադարյան հայերեն նկարազարդ ձեռագիր մատյաններն այսօր ուսումնասիրվում են նոր մոտեցումներով։ Լուսինե Սարգսյանը երիտասարդ գիտաշխատող է, արվեստաբան, աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ուսումնասիրում է հայ միջնադարյան մանրանկարչությունը, թերթում նաև մագաղաթյա ձեռագրեր։

Պատմում է, որ հաճախ այնպիսի նրբությամբ են պատրաստվել մագաղաթները, որ թերթերը լույսի տակ պահելիս հակառակ կողմը թափանցում է՝ հնարավորություն տալով տեսնել նաև հակառակ երեսը։ Գիտի ձեռագրերի երկարակեցության գաղտնիքը՝ որակն է։ Թուղթը տարիների ընթացքում թանաքից վնասվում է, իսկ մագաղաթը ավելի երկար կյանք ունի, համեմատաբար մնում է անվնաս։

Լուսինե Սարգսյանը, Անի Շահնազարյանը և Լևոն Սարգսյանը ինը ձեռագրի վրա աշխատելով՝ նոր որակ կբերեն հայ մանրանկարչության ուսումնասիրման ոլորտ։ Մեկ տարվա ընթացքում նրանք կկազմեն հայերեն նկարազարդ ձեռագրերի թվային աղյուսակ:

Ծրագրի նպատակը միայն ձեռագիրը համացանցում տեղադրելը չէ, այլ բնագրերի և նկարազարդ պատկերների համեմատությունը՝ ասում է Լուսինե Սարգսյանը։ Ներկայացվելու է հայերեն Ավետարանների նկարազադրման համակարգը՝ ժամանակաշրջանի ու աշխարհագրական տեղանքի լայն ընդրգրվածությամբ։ Ներառել են 9-17-րդ դարերում գրված ձեռագրեր։

Լուսինե Սարգսյան

Մոտ մեկ տարի անց պատրաստ կլինի մի աղյուսակ, որը կտա մի շարք հարցերի պատասխաններ. օրինակ՝ ինչպե՞ս են Ավետարանները նկարազարդվել Կիլիկիայում ու Գլաձորում, ի՞նչ նմանություն ու տարբերություն ունեն, ի՞նչ նորամուծություններ են կիրառվել։

Անի Շահնազարյան

Երիտասարդ գիտնականը պատահական չի համարում, որ հենց Մաշտոցի անվան Մատենադարանն է ստանձնում այս ծրագիրը, քանի որ այս ոլորտում առաջատար կառույց է։ Գուցե հետագայում այս օրինակը վարակիչ լինի նաև աշխարհի այն թանգարանների և գրադարանների համար, որոնք ունեն նման ռեսուրսներ։ Կարևոր այս նախաձեռնությունն էլ կյանքի կոչելու համար գումար է անհրաժեշտ։ Այստեղ է, որ աջակցության է գալիս դրամաշնորհը, որը տրամադրել է ՀՕՖ-ի գիտության ու կրթության ազգային հիմնադրամը։

Մասնաճյուղի փոխտնօրենն է Էդուարդ Կարապետյանը, ասում է, որ անցած տարիներին բազմաթիվ երիտասարդ գիտնականների են աջակցել։ Գիտի նաև, որ գիտության ոլորտում կարևոր է սերնդափոխությունը։ Հայ գիտական միտքը, ըստ Կարապետյանի, միջին սերնդի կարիք ունի։ Հենց ծրագրերի միջոցով են փորձում Հայաստանում աշխատելու հնարավորություն տալ երիտասարդներին, ու ոչ միայն գիտնականներին:

Back to top button