Սփյուռքի ձայնը

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Կ.Պոլսի 135-ամյա Կեդրոնական վարժարանին․ «Սփյուռքի ձայնը»

Հայկական ազգանունները, հետքերը կամ ցուցատախտակները հիմնականում քողարկված են թուրքական դրոշի ներքո նաեւ Կոստանդնուպոլսում 1886-ին հիմնված Կեդրոնական (Կենտրոնական) հայկական վարժարանում:

Թուրքիայում հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է՝ որակյալ ուսուցիչների բացակայության պատճառով: Ինչի՞ կհանգեցնի տարիներ անց նման իրավիճակը, ինչպե՞ս պահպանել հայկական դպրոցները, որպեսզի դրանք չգործելու պատճառաբանությամբ Թուրքիայի կառավարության կողմից չվերածվեն  այլ կենտրոնների։

Պոլսի ազգային Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Կույումջյանը նշում է, որ այսօր Թուրքիայում, ինչպես նաև ողջ Սփյուռքում դպրոցների պահպանման համար նյութական և մարդուժի պակաս կա: Իսկ քանի որ պետական հոգածություն չկա, վարժարանը հոգսերը հոգում է համայնքի տված գումարով:

Երկսեռ Կեդրոնական վարժարանը հիմնվել է 1886 թվականին, Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում պատրիարք Ներսես Վարժապետյանի և հայ մտավորականության առաջավոր ներկայացուցիչների ջանքերով։ Նպատակն էր սաներին տալ հայեցի կրթություն, Պոլսի և գավառների հայկական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստել։ Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպական երկրների համալսարաններում։ Առաջին տնօրենն էր Մինաս Չերազը (1886-1889 թթ.)։

Թուրքիայում հայկական դպրոց ընդունվելու համար երկու կարևոր նախապայման կա. պետք է լինել թուրքահպատակ և ունենալ հայկական ծագում: Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 2011-ից ոչ թուրքահպատակ հայերը ևս կարող են հայկական դպրոց հաճախել, բայց միայն հյուրի կարգավիճակով: Նրանց ուսումնառության մասին վկայող որևէ փաստաթուղթ չի տրվում:

Վարժարանում կիրառվում են թուրքական պետության հատկացրած դասագրքերն ու ուսումնական ծրագրերը: Օրենքը նախատեսում է, որ ազգային փոքրամասնությունների դպրոցներում ազգությամբ թուրք մասնագետները պետք է թուրքերենով դասավանդեն Թուրքիայի մշակույթ, պատմություն, աշխարհագրություն առարկաները: Պետությունը վճարում է միայն այս մասնագետներին։ Մյուս առարկաները կարող են դասավանդվել փոքրամասնության լեզվով եւ դրանց ֆինանսավորումը համայնքի ուսերին է:

Սիլվա Կույումջյանը նշում է, որ Թուրքիայում գործող մասնավոր վարժարանների կողքին Կեդրոնական հայկական վարժարանն էլ է համարվում մասնավոր՝ մի տարբերությամբ. հայկական վարժարաններում աշակերտները վճարում են ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության: Ինչ վերաբերում է հաստատության ծախսերին, որոնք կայուն ֆինանասներ են պահանջում Սիլվա Կույումջյանը նշում է, որ իրենք, ինչպես պոլսահայության մեծամասնությունը, չի էլ հասկանում, թե ինչպես են խնդիրները հաղթահարվում:

«Դպրոցի  դռները միշտ բաց ենք պահում: Վարժարան պահելը Սփյուռքում ՝ զոհողությունը է»,- ասում է Սիլվա Կույումջյանը: Վարժարանի առաջին տնօրենի` Մինաս Չերազի օրոք ընդամենը մեկ դասարան է եղել` 65 աշակերտով։ Այսօր, սակայն, վարժարանում սովորողների թիվը հասնում է 230-ի: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայում գործող հայկական կրթական բոլոր մյուս հաստատություններին՝ նախակրթարաններից մինչև վարժարաններ, ապա այնտեղ հաճախողների ընդհանուր թիվը հասնում է 3000-ի։

Պոլսի Կեդրոնական հայկական վարժարանում են սովորել հայ գրող Արշակ Չոպանյանը, ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը, արևմտահայ գրողներ Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին, Երուխանը, նկարիչ Ռաֆայել Շիշմանյանը, լուսանկարիչ Արա Գյուլերը և ուրիշներ։ Կոմիտասն այս վարժարանում է ձևավորել իր առաջին` «Գուսան» երգչախումբը, որում ընդգրկվել են վարժարանի սաները:

Տարեցտարի Պոլսում կրճատվում են հայկական դպրոցները: Ազգային Կեդրոնական վարժարանը թեև իր համբավով մնում է դեռեւս կայուն եւ նախընտրելի, սակայն այդ երևույթը  անհանգստացնում է կրթության ոլորտում աշխատողներին:

«Ստամբուլում գործող հայկական 16 կրթօջախների ճակատագիրը անկանխատեսելի է. Պոլսահայերից շատերը նախընտրում է իրենց երեխաներին տալ անգլիական, գերմանական դպրոցներ, իսկ սա նաև խոչընդոտում է ապագայում հայկական վարժարաններում ուսուցիչներ ունենալուն»,- ասում է Սիլվա Կույումջյանը:

5-10 տարի հետո ի՞նչ իրավիճակում են լինելու Սփյուռքի և մասնավորապես Պոլսի դպրոցները, մտահոգվում է վարժարանի տնօրերնը: Սիլվա Կույումջյանը  հավաստիացնում է , որ այսօր իրենց կրթօջախը որևէ բանով չի զիջում Թուրքիայում գործող մյուս վարժարններին, բայց իհարկե՝ հայ ընտանիքներից շատերը նախընտրում են թուրքական, անգլիական կամ ֆրանսիական վարժարանները, որոնց վճարներն ավելի բարձր են:

Ինչ վերաբերում է դասավանդվող առարկաներին, ապա հայկական վարժարաններում թուրքական որոշ առարկաների կողքին պարտադիր դասավանդվում են նաև հայկական և հայերենով առարկաներ, որոնց միջոցով է հենց  ներկայացվում  հայոց պատմությունը, հայկական աշխարհն ու Հայաստանը:

Ինչպես Թուրքիայում գործող վարժարանների ու դպրոցների մեծ մասի դեպքում, այնպես էլ Պոլսի Կեդրոնական վարժարանի մուտքի մոտ դրված է Աթաթուրքի կիսանդրին, վերևում` թուրքական դրոշը։ Սակայն վարժարանի միջանցքների պատերը զարդարված են հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարներով։ Կրթօջախին կից գործում է հայկական հնագույն եկեղեցիներից մեկը՝ 1391 կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Back to top button