Էկոսֆերա

ՓՀԷԿ-երը պետք է անցնեն ՇՄԱԳ փորձաքննություն, սա օրենքի բաց է. բնապահպան Ինգա Զարաֆյան․ «Էկոսֆերա»

Տավուշի մարզում Աղստև գետը վարարումից հետո մեծ խնդիրներ է առաջացրել գետափին գտնվող շինությունների համար:

Օրերս բնակիչները (հիմնականում գետափին կառուցված կառույցների սեփականատերերը) բողոքի ալիք բարձրացրեցին՝ պնդելով, որ գետի վարարումը այդքան վնաս չէր հասցնի, եթե չլիներ ՀԷԿ-ի կառուցված հսկայական պատվարը:

Նշենք, որ Աղստև գետի վրա կառուցված են` «Աղստև 1» ՓՀԷԿ-ը, «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը և «Կոկ» ՓՀԷԿ-ը:

Տավուշի բնակիչների պնդմամբ՝ «Կոկ» ՓՀԷԿ-ի պատվարն է խնդիրը, որ գետը նորմալ հունով չի հոսում և դուրս է գալիս ափերից:

Բնապահպան Ինգա Զարաֆյանն, ով «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական հետազոտողների խմբում էր «Էկոֆերա»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2017 թվականին ուսումնասիրել են Տավուշի մարզի ՀԷԿ-երն ու առանձնացրել խնդիրները:

Նրա խոսքով՝ օրերս տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո չի եղել մարզում, սակայն ՀԷԿ-երի հետ կապված խնդիրները նույն են , ինչ մի քանի տարի առաջ:

Զարաֆյանի համոզմամբ՝ բոլոր խնդիրների հենքում ընկած է այն,որ փոքր ՀԷԿ-ը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցել, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն մինչև 1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում:

«Երբ մենք այնտեղ էինք, տեսանք այդ ՀԷԿ-ի («Կոկ» ՓՀԷԿ ) կառույցը, զարմացանք, որ ՇՄԱԳ չի անցել:

Իսկ ինչո՞ւ չի անցել, քանի որ մինչև 1 Մվտ հզորությամբ է աշխատում: Սա օրենքի բաց է: Այդքան մեծ կառույց է և առանց ՇՄԱԳ թույլտվության:

Այսինքն՝ այդ հսկայական շինությունը կառուցվել է միայն ջրային թույլտվության հիման վրա: Սա օրենքի բաց է, որը պետք է վերացնել»,-ասաց Ինգա Զառաֆյանը:

Նա նաև հավելեց, որ մասնագետներից կազմված հետազոտական խումբը ՓՀԷԿ-երի խնդիրների լուծման ուղղությամբ աջարկությունների փաթեթ էր ներկայացրել Կառավարություն, սակայն մինչ օրս այն չի ընդունվել։

Back to top button