ԿարևորՀասարակություն

Փաստաբանների բողոքը չի փոխում կառավարության դիքորոշումը


Փաստաբանական համայնքը շարունակում է բողոքել դատական օրենսգրքի նախագծի դեմ: Դժգոհությունը, մասնավորապես, վերաբերում է դատական տուգանք նախատեսող դրույթին: Առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքի նախագծում ամրագրվել է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ  կարող է մինչև 100 000 դրամ տուգանք կիրառվել:

Փաստաբանները սա մտահոգիչ դրույթ են համարում և նշում, որ նորմը կարող է կիրառվել կամայականորեն: Կառավարությունն առայժմ  չի շտապում արձագանքել մտահոգություններին և  ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:

Արդարադատության նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ կառավարության դիրքորոշումն այս փուլում անփոփոխ է:

Այն փուլում, երբ Դատական օրենսգրքի նոր նախագիծը դեռ քննարկվում էր, փաստաբաններից շատերը համոզված էին, որ մինչև դրա ընդունումը դատական տուգանքներ  նախատեսող դրույթը օրինագծից դուրս կգա: Դրանում, օրինակ, համոզված էր փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Ես լիահույս եմ, որ այդ դրույթը մինչև Ազգային ժողով հասնելը նախագծում չի լինի»:

Փաստաբանի  լավատեսությունը,  պարզվեց,  հիմքեր չունի: Դատական տուգանք նախատեսող դրույթը ոչ միայն մնաց նախագծում, այլև ըստ էության  խորհրդարանում չքննարկվեց:  Փոխարենը  քննարկվում է առաջին ընթերցմամբ  ընդունվելուց  հետո:  Օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ դեռ պետք է քննարկվի: Մինչև վերջնական ընդունումը փաստաբաններն ուզում են  հասնել վիճահարույց դրույթի փոփոխությանը:  Կհաջողվի թե ոչ՝ փաստաբանների պալատի նախագահը չգիտի, բայց կառավարության դիրքորոշումն անհասկանալի է համարում:

«Կառավարությունը պարտավոր է հաշվի նստել հասարակության հետ: Չի կարող հաշվի չնստել , առանց դփաստաբանների, դատավորների, դատախազների կարծիքը հաշվի առնելու չի կարելի այս օրենքները շրջանառել: Վաղը սա նոր փորձանքի է բերելու»:

Փաստաբանների պալատն  իր առաջարկները ներկայացրել է  կառավարություն ու Ազգային ժողով: Հիմնավորումներում նշել են, որ փաստաբանի ոչ բարեխիղճ վարքագիծը տուգանքի միջոցով զսպելու անհրաժեշտությունն առկա չէ, քանի որ այսօր գործում է փաստաբանների պալատի միջոցով այդ հարցը լուծելու հնարավորությունը: Նշել են նաև, որ նախագծով երաշխիքներ չեն սահմանվել  դատական սանկցիա կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ, եթե փաստաբանը գործում է իր մասնագիտական չափանիշներին համապատասխան:

«Եթե այս օրինագիծը պետք է դառնա իրականություն, ապա մեզ առնվազն պետք է տրվեն երաշխիքներ, եթե չկան երաշխիքներ, ապա նման կարգավորումը պետք է դուրս գա: Հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք, փաստաբաններին կընկճեն: Իհարկե, կլինեն փաստաբաններ, որոնք չեն ընկճվի, բայց նրանք կդառնան սնանկ փաստաբաններ, իրենց անունով գույք չեն ունենա ու կլինեն սնանկ»:

Փաստաբանների պալատի նախագահի հետ այս հարցում համակարծիք են նաև մարզերի փաստաբանները: Վերջին օրերին մեկօրյա բողոքի ակցիայի՝  գործադուլի դիմեցին նախ Լոռու, ապա Շիրակի մարզի փաստաբանները: Նրանք մեկ  օր դատարաններում, նախաքննության մարմիններում  հրաժարվեցին պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ նշելով, որ բողոքի ակցիան  նախազգուշական քայլ է, մեսիջ ՝ ուղղված  կառավարությանը: Որն է կառավարության պատասխան ուղերձը, արդյոք կա վիճահարույց դրույթը վերանայելու պատրաստակամություն:

Գործադիրն առայժմ չի շտապում արձագանքել  փաստաբանների մտահոգություններին: Մեր հարցին ի պատասխան արդարադատության նախարարությունից փոխանցեցին  միայն, որ կառավարության դիրքորոշումն անփոփոխ է, իսկ մեկնաբանություններից այս փուլում նախընտրում են ձեռնպահ մնալ: Իսկ ավելի վաղ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում խոսել էր  միջազգային փորձի մասին՝ հիշեցնելով ավելի խիստ սանկցիաների առկայությունը:

«Երկրներ կան, որոնք դատական սանկցիա կալանք են կիրառում: Մենք դա էլ ենք քննարկել, բայց գտել ենք, որ ծայրահող միջոց է»:

Դատական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվել  է դեկտեմբերին: Նախագծի երկրոդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդումումը սպասվում է ԱԺ առաջիկա նիստերում:

Կարդացեք նաև
Close
Back to top button