

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայկական ապրանքները Եվրամիության երկրների շուկա արտահանելու համար պետք է Հայաստանում գործող տեխնիկական, օրենսդրական կանոնակարգերը ներդաշնակեցվեն եվրոպական չափանիշերին: Հայաստանը մինչեւ 2020 թ-ը ժամանակ ունի արտադրությունը եվրոպական ստանդարտներին համապատասխան կազմակերպելու համար, այլապես հայկական ապրանքները ԵՄ շուկա չեն արտահանվի: Այս մասին այսօր Երեւանում մեկնարկած «ԵՄ ոչ ներդաշնակեցված ոլորտների օրենսդրությունը» թեմայով երկօրյա համաժողովի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:
Արտաքին առեւտրի նոր ուղիներ գտնելը ելքի սահմանափակ հնարավորության պայմաններում շարունակում է Հայաստանի համար օրակարգային հարց մնալ: Հայաստանն արդեն ստորագրել եւ ներպետական ընթացակարգերի փուլ է հասցրել ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ձեւավորման բազմակողմ համաձայնագիրը: Արտահանման նոր հնարավորություններ են փնտրվում նաեւ դեպի եվրոպական երկրներ: Անցյալ տարվա մայիսին Եվրամիությունը հայտարարեց, որ սկսում է բանակցությունները Հայաստանի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ձեւավորման նպատակով: Արդեն հունիսին բանակցությունների առաջին փուլն անցկացվեց բանակցային ընդլայնված թիմով ու լայն շրջանակով: Հայաստանն այժմ ներքին կազմակերպչական, կառուցվածքային, օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնում` հասնելու այն բանին, որ եվրոպական շուկաները բացվեն հայաստանյան արտադրանքի առջեւ: Այս աշխատանքների արդյունավետությունը գնահատելիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը մատնանշում է եվրոպական գնահատումները:
ԵՄ-ում գործող ավելի քան 2 տասնյակ տեխնիկական կանոնակարգեր կան, որոնք պետք է ուսումնասիրել, կարգավորել և կիրառել Հայաստանում: Թիրախներից մեկն էլ մանկական խաղալիքների ոլորտն է. իր հերթին տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը` այսօր Երեւանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եվրոպական Հանձնաժողովի համագործակցությամբ TAIEX տեխնիկական աջակցության գործիքի ներքո կազմակերպված «ԵՄ ոչ ներդաշնակեցված ոլորտների օրենսդրությունը» թեմայով երկօրյա աշխատաժողովի ժամանակ: Տեխնիկական կանոնակարգերը ծավալուն չեն, սակայն պահանջում են բազմաթիվ չափորոշիչների մշակում, ընդունում և համապատասխանեցում եվրոպական ստանդարտներին`սկսած արտադրությունից մինչև շուկա: Կանոնակարգերը պետք է ներդաշնակեցվեն մինչև 2020 թ-ը»,- պարզաբանեց փոխնախարարը` ընդգծելով` ԵՄ սկզբունքները հստակ են` կանոնակարգերը չներդաշնակեցնելու դեպքում հայկական ապրանքները ԵՄ շուկա չեն արտահանվի: