ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուս. Լարսը փակելու անհրաժեշտություն չկա

«Վրաստանում կորոնավիրուսի տարածաման շուրջ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,-հայտարարում են երկի համաճարակաբանները՝ մեկնաբանելով Սվանեթիի ու Կազբեկիի խոշոր բռնկումները։ Բարձրլեռնային Սվանեթիիում խիստ վերահսկողություն է, տուրիստական հայտնի Մեստիան վերածվել է կարանտինային գոտու։

Իսկ Վերին Լարսի հարցով երկրի իշխանությունները վստահեցնում են ավելի քան տասը դեպքից հետո վրաց-ռուսական սահմանում այս պահին սահմանափակումներ չեն մտցվի։

Վրաց-ռուսական միակ սահմանային անցակետում՝ Կազբեկի-Վերին Լարսում իրավիճակը լիովին վերահսկելի է: Այս մասին այսօր հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ մեկնաբանելով տարածվող լուրերը, թե Վերին Լարսում հնարավոր է սահմանափակումներ մտցվեն։

«Լուրեր են տարածվել, թե կառավարությունը պատրաստվում է սահմանափակումներ մտցնել Կազբեկիում, սակայն, վիրուսի տարածման որևէ վտանգ այս պահին այստեղ չկա։ Այսօր Կազբեկիում, ինչպես նաև Լարսի անցակետում համաճարակային իրավիճակը լիովին վերահսկվում է»։

Վրաց ռուսական սահմանային անցակետում սահմանափակումների մասին լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ կատարված թեստերը պարզել են, որ վերջին օրերի ընթացքում տեղում աշխատելիս ՆԳՆ-ի 11 աշխատակից է կորոնավիրուսով վարակվել։ Նրանցից 7-ը անցակետի աշխատակիցներ են։

Հիշեցնեմ՝ Վրաստանի ցամաքային բոլոր սահմանները, ինչպես նաև Վերին Լարսը, որը Վրաստանի տարածքով Հայաստանը միացնում է Ռուսաստանին, մնում են փակ։ Այս անցակետը բաց է միայն բեռնափոխադրումների համար։ Ի դեպ, վերջին շրջանում Վրաստանում կորոնավաիրուսային դեպքերը ավելանում էին միայն անցակետում թեստեր անցնող բեռնատարների վարորդների հաշվին։

Օրեր առաջ էլ ևս մեկ կորոնավիրուսային օջախ է հայտնվել Սվանեթիիում։ Բարձրլեռնային այս շրջանը, որ այս օրերին դարձել էր ներքին զբոսաշրջիկների հիմնական ուղղությունը, կարանտինային գոտու է վերածվել․ դեպքերն ավելանում են։ Երկրի գլխավոր համաճարակաբան, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով խուճապի կարիք չկա․

«Համավարակը դեռևս մնում է աշխարհում, որի մի մասն է Վրաստանը։ Վրաստանը սակայն մենակ չի կարող պայքարել վիրուսի դեմ։ Այսօր իրավիճակը Վրաստանում վերահսկելի է, խուճապի կարիք չկա, սակայն համաճարակային կանոնները պետք է խստորեն պահպանել»։  

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխտնօրեն Պաատ Իմնաձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ երկիրը համավարակի առաջին օրերից պատրաստվել է կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին կամ երկրորդ փուլին․  

«Մենք, իհարկե մի քանի սցենար ունենք մշակած։ Արդեն հաստատված են, թե որ հիվանդանոցները կարող են ընդունել վարակակիրներին, որքան մահճակալային ֆոնդ կլինի երկրում և այլն։ Դրանք մշակված են, հուսով եմ դրանց անցման անհրաժեշտություն չի լինի․ դեռևս կարելի է ասել իրավիճակը երկրում վատ չէ»։

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսային դեպքերը թիվը 1278 է։ Վարակից մահացել է 17 մարդ:

Համավարակային իրավիճակը այս պահին թույլ է տալիս պատրաստվել ուսումնական տարվան, այն Վրաստանում սկսվում է սեպտեմբերի 15-ից։ Կառավարությունն այսօր ևս մեկ վերահաստատեց, որ այս պահին խորհրդարանական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չկա։ Այն նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 31-ին։

Կարդացեք նաև
Close
Back to top button