Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
2020թ. պետական բյուջեի նախագծում կանխատեսվել է 4.9 տոկոս տնտեսական աճ: ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը սա պահպանողական սցենար է բնորոշում:
«Ռադիոլուրի հյուրասրահում» Մանուկյանը հիշեցրել է, որ 2020թվականի հունվարին ուժ մեջ են մտնելու Հարկային օրենսգրքի փոփոխությունները: «Անցումը համահարթ եկամտային հարկին բացասական ազդեցություն է թողնելու հարկային եկամուտների վրա»-ասել է պատգամավորը, նկատել, որ հարկային եկամուտները նվազելու են նաև 2020թ. հունվարից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի կիրառման արդյունքում:
Մանուկյանի խոսքով՝ կարևոր է, թե ծախսային որ ուղղություններ են գերակա: Այս առումով ԱԺ պատգամավորը հաջորդ տարվա բյուջեն «ներառական ու մարդկային կապիտալի պահպանմանն ուղղված» է որակում : Պարզաբանում է՝ բյուջեի ծախսային մասի աճի ավելի քան 10 տոկոսը բաժին է ընկնում առողջապահության, կրթության ու սոցիալական ոլորտներին :
Պատգամավորի գնահատմամբ՝ հաջորդ տարվա բյուջեն նաև տնտեսական մոդելի փոփոխության հնարավորություն է տալիս: «2020թ. ծախսային ուղղությունը միտված է արտահանման խրախուսմանը»,- կարծում է Արտակ Մանուկյանը: