Ժամանակի վկան

Քննադատական մտածողության կիրառական փորձը մանկավարժության մեջ․Յակոբ Եագուպեան․ «Ժամանակի վկան»

Դոկտոր Յակոբ Եագուպեանն արդեն մեկ տարի բնակվում է Երևանում և պաշտոնավարում է ՀԱՀ-ում։ Նա Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների քոլեջի դեկանն է։ Մասնագիտացել է մանկավարժության բնագավառում, իսկ կատարած հետազոտությունները հիմնականում վերաբերում են քննադատական մտածողության զարգացման գործընթացին։

Այս հաղորդաժամին դոկտոր Եագուպեանի հետ ներկայացնելու ենք քննադատական մտածողության կիրառական նշանակությունը, որպես օրինակ ցույց ենք տալու տեսությունից գործնական կիրառման անցնելու փորձը լիբանանահայ վարժարաններում, կարևորելու ենք քննադատական մտածողության նշանակությունը գիտական մտքի և հասարարական մտածողության առաջընթացում՝ ընթացքում անդրադառնալով նաև այլ հարակից հարցերի։

Հիշեցնեմ, որ հաղորդումների այս շարքը եթեր է հեռարձակվում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան (Calouste Gulbenkian Foundation) Հայկական Բաժանմունքի (Armenian Communities) աջակցությամբ, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։

Նշեմ նաև, որ հաղորդման ընթացքում արտահայտված կարծիքներն անպայման չեն ներկայացնում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան տեսակետները։ Հիմնարկության աջակցությունը չի նշանակում որևէ կարծիքի կամ դիրքորոշման հաստատում։

Դոկտոր Յակոբ Եագուպեանը մանկավարժության ոլորտում քննադատական մտածողության կիրառական նշանակության, ինչպես նաև գիտության փիլիսոփայության վերաբերյալ գիտահետազոտական ուսումնասիրությունների՝ մի քանի գրքի և երկու տասնյակից ավելի հոդվածների հեղինակ է։ Նա Science and Education և McGill Journal of Education միջազգային հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է։

Քննադատական մտածողությունը դիտարկելով մանկավարժության փիլիսոփայության և մանկավարժության հոգեբանության տեսանկյուններից, դոկտոր Եագուպեանն իր ուսումնասիրություններում կարևորում է քննադատական մտածողությունը որպես դաստիարակության միջոցի։

Բազմաթիվ տեսակետներ կան, թե ի՞նչ է քննադատական մտածողությունը։ Տարիների մանկավարժական փորձը և ուսումնասիրությունները գիտնականին հանգեցրել են հետևյալ սահմանմանը (լսե՛լ ձայնագրությունը)։

Տեսության մեջ այս հստակեցումները հատկապես կարևոր են մեթոդական տեսանկյունից։ Դրանք անհրաժեշտ են նախ կրթության ոլորտում ներգրավված անձանց, որոնք պատասխանատու են այն գիտելիքի և այն դաստիարակության համար, որով սերունդներ են պատրաստում։

Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ և կարևոր քննադատական մտածողության ձևավորումը։

Դոկտոր Եագուպեանի գիտական հետազոտություններն իրականացվել են երկու ուղղությամբ։ Առաջինը քննադատական մտածողության գործընթացի հետազոտությունն է։ Պակաս կարևոր չէ նաև գիտության փիլիսոփայության ուսումնասիրությունը, որն ընդգրկում է գիտնական մանկավարժի հետազոտությունների երկրորդ բաժինը։

2016 թվականին Բեյրութում տպագրվեց Յակոբ Եագուպեանի «Քննադատական մտածողութիւնը լիբանանահայ վարժարաններու մէջ» աշխատությունը, որը հիմնված էր լիբանանահայ վարժարաններում կատարված գիտահետազոտական և դաշտային աշխատանքների արդյունքերի վերլուծության վրա։

Գրքում ներկայացված են լիբանանահայ վարժարաններում պաշտոնավարող տնօրենների, ինչպես նաև դասավանդող ուսուցիչների մանկավարժական ըմբռնումները քննադատական մտածողության վերաբերյալ, ապացուցողական հիմքով բացատրվում են կրթական քաղաքականությունում քննադատական մտածողության կիրառման գործնական մոտեցումները։

«Քննադատական մտածողութիւնը լիբանանահայ վարժարաններու մէջ» աշխատության երկրորդ գլուխը վերաբերում է քննադատական մտածողության դերին և նշանակությանը՝ օրինակելի քաղաքացի և օրինակելի հայ պատրաստելու գործընթացում։

Հեղինակն առանձնահատուկ շեշտադրում է ազգային դաստիարակության, հայեցի արժեքների սերմանման անհրաժեշտությունը կրթության ոլորտում՝ ազգային դաստիարակությունը դիտարկելով որպես նորագույն ժամանակների «․․․հիմնախնդիր հայ մարդու պատրաստութեան մէջ։ Այս գործընթացին միջոցաւ է, որ պիտի ապահովուի ազգային արժէքներու վերարտադրումը, ուստի՝ ազգին գոյատեւումը» (Էջ 47)։

Իսկ ինչպե՞ս կարելի է քննադատական մտածողության տեսությունը գործնականում կիրառել հարցին պատասխանելով՝ դոկտոր Եագուպեանը հետևյալ գործնական խորհուրդները տվեց կրթության ոլորտում ներգրավված անձանց և կազմակերպություններին (լսե՛լ ձայնագրությունը)։

Հետաքրքրվեցի նաև, արդյոք, որևէ՞ հետազոտություն կատարում է Հայաստանում քննադատական մտածողության առկա վիճակի, զարգացման քաղաքականության և ռազմավարությունների մշակման ուղղությամբ։

Այսքանով ավարտում ենք «Քննադատական մտածողություն» թեմատիկ շարքի չորրորդ հաղորդումը։ Շարքի մյուս հաղորդումները կարող եք գտնել նույնպես այս հարթակում։

Back to top button