ԿարևորՀասարակություն

Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել Բաքվում նախատեսված համերգը

System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է անում Imagine Dragons խմբին չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում նախատեսված համերգը։

«Մի քանի ամիս առաջ իմ ուշադրությանն արժանացավ, որ Imagine Dragons-ը սեպտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանում համերգ է նախատեսել: Ես վստահ էի, որ նրանք տեղյակ չէին, որ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում սովամահ է անում 120 հազար մարդու, որն այժմ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ցեղասպանություն է անվանում։ Ուստի ներկայացուցիչների միջոցով ես նրանց նամակ ուղարկեցի՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանում իրենց համերգի անցկացումը, որպեսզի դա չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի գործողությունները»,- Ինստագրամի գրառման մեջ ասել է Թանկյանը։

«Ոչ մի արձագանք չի եղել։ Ոչ մի պատասխան: Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, քանի որ սովամահությունն արդեն գրանցված է, ես ստիպված եմ հանրայնացնել այս նամակը և նրանց արհամարհումը այս հումանիտար աղետի նկատմամբ: Միգուցե նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն համերգ տալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ պետք է գին վճարել Ցեղասպանության ռեժիմների կամ ժխտողների համար: Եվս մեկ ցեղասպանություն է սպասվում Ադրբեջանի կողմից, և մինչ դա տեղի է ունենում, նրանք վայելում են ամերիկյան խմբի կատարումները»,- գրել է երաժիշտը:

Սերժ Թանկյանը նաև կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։

Back to top button