Մոռացված ֆիլմերի ստվերները

Պատին փակցված նկարից ծնված ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Առօրյայի մեջ կենսական փաստը նկատելու և այն արվեստի նյութ դարձնելու շնորհը դարձավ Ալբերտ Մկրտչյան ռեժիսորի այցեքարտը կինոյի աշխարհում։ Արվեստագետին բնորոշ այս որակը հետագայում պիտի երևար նրա գրեթե բոլոր ֆիլմերում։

Հրապարակախոս, թարգմանիչ, սցենարիստ  Մարտին Հուրիխանյանը մի քանի տարի աշխատել է «Հայֆիլմում», մոտիկից շփվել հայկինոյի մեծերի հետ։ Անվանի կինոոռեժիսորի հետ շփումների բերկրանքը վայելած Հուրիխանյանը նախաձեռնում և 2003-ին հրատարակում է Ալբերտ Մկրտչյանի կյանքին և գործունեությանը նվիրված՝ «Մի թողեք ճայերը ծիծաղեն» վերնագիրը կրող գիրքը։ Տարիներ անց վերհիշելով իր և վարպետի առաջին հանդիպումը նա նշում է, որ այն տեղի ունեցավ իր համար շատ հատկանշական մի օր։

Մարտին Հուրիխանյան

«Մեր ծանոթությունը տեղի ունեցավ իմ հարսանիքիք օրը: Լենինականում նկարահանվում էր «Հին օրերի երգը»: «Հայֆիլմի» այն ժամանակվա տնօրենը՝ Ռազմիկ Մադոյանը իմ հորեղբայրն էր, հարսանքիս եկավ իր հետ բերելով Ալբերտ Մկրտչյանին, որը շատ երկարաշունչ, բայց շատ ջերմ մի բաժակաճառ ասաց նորապսակներին»,- պատմում է Մարտին Հուրիխանյանը:

«Հին օրերի երգը», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում », «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս» այս ֆիլմերից յուրաքանչյուրը էկրան բարձրանալով սիրելի ու հարազատ է դարձել ժողովրդին: Իսկ ամեն ինչ սկսվել էր շատ վաղուց՝ Լենինականի իրենց բակից, իրենց «Տեքստիլ» գործարանի թատերական ինքնագործ խմբակից: Հետո` Երևան Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Իսկ Երևանում ուսումն ավարտելուց մի քանի տարի անց արդեն նա Մոսկվայի Համամիութենական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի Եֆիմ Ձիգանի ղեկավարած ռեժիսորական կուրսի ուսանող էր, որտեղ էլ նկարահանեց իր առաջին կարճամետրաժ՝ «Լուսանկար» ֆիլմը:

Ֆիլմ, որը մեծ կինոյում Ալբերտ Մկրտչյանի առաջին գործը եղավ։ Տասնհինգ րոպե տևողությամբ ֆիլմի համար առիթ դարձավ Մինաս Ավետիսյանի Ջաջուռի տանը հյուրընկալվելիս տեսած պատին փակցված  մի լուսանկար։ Պատին փակցված՝  գերդաստանի նկարում բոլորը ժպտացող և ուրախ աչքերով էին և միայն գերդաստանի ավագն էր տխուր ու թախծոտ հայացք ուներ։ Ալբերտ Մկրտչյանին հետաքրքրում է՝ ի՞նչն է տխրության պատճառը:

«Ինչպես գիտեք կինոռեժիսորի աչքից ոչինչ չի վրպում: Պարզվում է՝ ընտանիքը ռազմաճակատ մեկնած զավակից նամակ է ստանում, որում որդին խնդրում է ընտանիքով լուսանկարավել և նկարը իրեն ուղարկել: Բայց պարզվում է, որ նամակը ուշ է տեղ հասել և այդ ընթացքում նա ռազմաճակատում զոհվում է: Մեկ օրվա տարբերությամբ ընտանիքի ավագը ստանում է երկրորդ որդու մահվան լուրը բերող նամակը, բայց այդպես էլ չի կարողանում այդ գույժը հայտնել ընտանիքի անդամներին»,-ասում է Մարտին Հուրիխանյանը:

«Լուսանկար» ֆիլմի նկարահանումից երկու տարի անց Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց իր դիպլոմային՝ «Հուշարձան» վերնագրով կարճամետրաժը։ Այս ֆիլմի համար ևս նա ընտրեց պատերազմի թեման։ Այդ թեմային անդրադառնալու պատճառներից մեկն էլ այն էր, որ վարպետի մանկությունն ու պատանեկությունը անցել էր այդ դառը տարիներին։

«Այս ֆիլմով էլ Ալբերտ Մկրտչյանը իր վերաբերմունքն է արտահայտում պատերազմին: Ֆիլմն այն մասին է, որ պատերազմը համընդհանուր արհավիրք է»,-նշում է Մարտին Հուրիխանյանը:

Ալբերտ Մկրտչյանը կյանքից հեռացավ 2018 թվականին։ Նրա մահից հետո Մարտին Հուրիխանյանը մտմտում էր 2003-ին լույս տեսած գրքի վերահրատարակման մասին։ Վարպետի մահից երեք տարի անց՝ 2022 թվականին Փինաչյան ընտանիքի մեկենասությամբ վերահրատարակման գաղափարը իրականություն դարձավ։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նախ Երևանում, իսկ հետո Գյումրիում։

«Տարիներ շարունակ Ալբերտ Մկրըչյանը ինձ ասում էր «Գիրքս վերահրատարակի, վերահրատարակի…»: Իր մահից որոշ ժամանակ անց, որոշեցի վերախմբագրել գիրքը՝ ավելացնելով 2003 թվականից հետո նրա ստեղծագործական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները: 2022-ին գիրքը  լույս տեսավ արդեն լրացված տարբերակով»,-ասում է Մարտին Հուրիխանյանը:

Ալբերտ Մկրտչյան կինոռեժիսորի մուտքը «Լուսանկար» և «Հուշարձան» կարճամետրաժներով էր, որոնք իրենց ուրույն տեղն ունեն հայկական կինոնովելի արժեքավոր նմուշների շարքում։

Այս ֆիլմերում Ալբերտ Մկրտչյանը գտավ իր տարերքը, այն աշխարհը, որն իրենն էր ճակատագրով ու հոգեբանությամբ։ Նրա հաջորդ ֆիլմերի հաջողությունը կարծես ստվերեց այս երկու կարճամետրաժների գոյությունը, սակայն այսօր համացանցի օգնությամբ հնարավոր է լրացնել այդ բացը ։

Back to top button