Երաժշտական եռանկյունի

Արթուր Աղաջանյանց. Համահայկական երաժշտական հարթակի հիմնադիր․ «Երաժշտական եռանկյունի»

Կովիդյան երկուսուկես տարիների ընթացքում համերգային և հյուրախաղային ընթացքների անկում արձանագրվեց ամբողջ աշխարհում: Շատ և շատ երաժիշտներ դրա պատճառով հեռացան ասպարեզից՝ ծանր տանելով և չհաղթահարելով առաջ եկած խնդիրները:

Հենց այդ շրջանում ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 63-ամյա շինարար Արթուր Աղաջանյանցը, «բանտարկվելով» Հայաստանում և մատնվելով անգործության, հնարավորություն գտավ խաղաղվելու, ներս նայելու՝ հայտնաբերելով իր մեջ երաժիշտ ստեղծագործողի տաղանդը:

Ի տարբերություն շատ շատերի, օգտվելով քովիդյան իրավիճակից՝ նա կապեր հաստատեց ձայնագրման ստուդիաների, կատարող երաժիշտների և երգիչ մենակատարների հետ՝ պատվիրելով նրաց գործիքավորում և ապահովելով կանոնավոր ձայնագրման ընթացք:

Հետաքրքիր է, որ մեծ կազմակերպչական փորձ ունեցող շինարարը համակարգային մոտեցում ցուցաբերեծ իր հիմնական մասնագիտությանը չվերաբերվող տիրույթին՝ երաժշտական արտադրությանը՝ հրավիրելով նկարահանող խմբի և վավերագրելով երգերի կատարման և ձայնագրության ամբողջ ընթացքը:

Արդյունքում բավականին կարճ ժամանակի ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ տեսահոլովակներ: Ինքնաբերաբար անհրաժեշտություն առաջացավ այդ նյութը հասարակությանը հասանելի դարձնելու համար, և ծանոթ մասնագետների խորհրդով՝ Աղաջանյանցը ոչ թե պարզապես տեղադրեց համացանցում, այլ հիմնադրեց համացանցային հարթակ, որն անվանեց «Քարպետ ջեմ»:

Քանի որ քովիդյան շրջանում հիմնական շփումները մարդկանց միջև համացանցի միջոցով էին, իր հիմնադրած հարթակը շատ կարճ ժամանակում հետաքրքրույթյուն առաջացրեց երաժշտական համայնքի մոտ և շատ լավ ընդունվեց երաժշտասեր հանրույթի կողմից: Այդպես ստեղծվեց նոր համացանցային տարածություն, որը ժամանակի ընթացքում մեծացավ՝ ներգրավելով բազմաթիվ երաժշտական ժանրերի ներկայացուցիչների՝ ֆոլկից մինչև ջազ և պոպ երաժշտություն:

«Երկու տարիների ընթացքում մենք նկարահանեցինք 160 տեսահոլովակ: Ստեղծեցինք հնարավորություն՝ ձայնագրելու նոր ստեղծագործություններ և կատարումներ, ինչպես անվանի և հանրաճանաչ երաժիշտների, այնպես էլ երաժշտության և կատարողական արվեստի ոլորտում առաջին քայլերն անող երիտասարդ ստեղծագործողների և մենակատարների համար»: Մինչ օրս բոլոր խնդիրները՝ կապված և՜ ձայնագրության, և՜ տեսագրության, և՜ համացանցում հարթակը ակտիվ վիճակում պահելու հետ, ես կատարում եմ իմ սեփական միջոցներով՝ մշտապես կապեր հաստատելով և բացահայտելով տաղանդաշատ մարդկանց, որոնցով լի է Հայաստանը և Սփյուռքը»,-ասում է Արթուր Աղաջանյանցը:

«Քարպետ ջեմ» հարթակն այսօր լինելով ազատ դաշտի կարևոր հանգույց՝ լուրջ դերակատարություն ունի ոչ միայն օժտված երիտասարդների բացահայտելու և հնարավորություն ստեղծելու որակյալ նյութ ներկայացնելու հանրությանը, այլ նաև, փաստացի, ընդհանուր մշակութային դաշտ է ստեղծել Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործող մարդկանց համար: Հաղորդման ընթացքում հնչում են վեջին շրջանում «Քարպետ ջեմ» հարթակի ներկայացրած կատարողների ձանագրությունները:

Back to top button