Հաջողության նոտա

Ժպտերես բժշկի նպատակը առողջ ու գեղեցիկ ժպիտ պարգևելն է․ «Հաջողության նոտա»

Ընտանիքում միայն պապիկն էր ատամնաբույժ, բայց հստակ օրինակ դարձավ նրա համար, և նա ընտրեց պապիկի ուղին: Բժշկի բարդ ու պատասխանատու մասնագիտությունն ապրելակերպ է՝ ասում է ստոմատոլոգ, «Էլիքս» էսթետիկ կենտրոնի համահիմնադիր ղեկավար Կարեն Թովմասյանը։

«Ստոմատոլագիայի բարդությունն այն է, որ բժիշկները գործ ունեն արթուն բուժառուների հետ, և պետք է հաշվի առնել բուժառուի առանձնահատկությունները, հուզմունքն ու վախերը: Հետևաբար լավ արդյունքի 50 տոկոսը կախված է բժշկից, 50-ը՝ բուժառուից», – ասում է Կարեն Թովմասյանը։

Կարևորում է արտաքին խնդիրների շտկումը, բայց՝ չափի մեջ։ Սիրում է վիրահատություններից առաջ ունենալ հանգստի ժամեր, մնալ ինքն իր հետ։ Նա իրեն հաջողակ մարդ համարում է. գլխավոր հաջողությունը մարդիկ են, որոնցով իրեն շրջապատել է, որոնք միայն առաջ են գնում, նույն մտածողությունն ունեն:

Միշտ բաց է նորի առաջ, նույնիսկ եթե նորն անսովոր է, ֆիլտրում է՝ վերցնելով լավը: Ասում է՝ կարևոր է ունենալ գաղափար, չբավարարվել զուտ աշխատանքով, այլ բազմաթիվ խնդիրներ դնել ու լուծել դրանք, պետք է լինել ռիսկային, բայց հստակ գնահատել իրավիճակը։ Իրատես է, քիչ ռոմանտիկ, բայց էմոցիոնալ։

Ասում է՝ աշխարհը փոխող մարդիկ բոլորը երազողներ են եղել, ու գնացել են իրենց երազանքի հետևից, նա էլ իր երազանքների հետևից է գնում:

Back to top button