Վերնատուն

Հայաստանի գրաֆիկական դիզայնի պատմությունը փաստագրման կարիք ունի․ «Վերնատուն»

Գրաֆիկական դիզայնի անցյալից մնացած հսկայական ժառանգությունն այսօր ի մի բերելու և ամբողջացնելու կարիք ունի։ «Հայաստանի գրաֆիկ դիզայնի պատմության փաստագրում» նախագիծը նպատակ ունի մեկ ընդհանուր բազայի տակ հավաքել Հայաստանի գրաֆիկ դիզայնի մասին համընդհանուր տեղեկություն՝ պատմությունը, աշխատանքներն ու հեղինակներին։

Նախագծի գաղափարի հեղինակն ու նախաձեռնողը «Ակտ» մշակութային հ/կ–ի հիմնադիր, դիզայներ Էդիկ Պողոսյանն է։ Էդիկ Պողոսյանը և նկարիչ, գրաֆիկ–դիզայներ Հարություն Սամուելյանը խոսում են նախագծի նպատակների ու շարժառիթների մասին։

Հարություն Սամուելյանը պատմում է իր առաջին աշխատանքի մասին․ խորհրդային տարիներին գրաֆիկական դիզայների իր գործունեությունը սկսել է Նկարիչների միության պատվերից, որը Մինաս Ավետիսյանի հետմահու ցուցահանդեսի պաստառն էր, կատալոգն ու հրավիրատոմսը։

«Դիզայնը հղացք է, մտահաղացում է, նախագիծ, համալիր կառուցում, ինչպես նաև ճարտարապետություն։ Այն ամենը, ինչին մարդը հպվում է ձեռքով, խոսքով և մտքով, ամբողջական դիզայն է։ Մարդու ստեղծածը համընդհանուր դիզայն է՝ միմյանց հետ փոխկապակցված է ու փոխպայմանավորված։ Կառուցվածք, որտեղ կարևոր է թուղթը, ներկը, ձևը, չափը», – ասում է Հարություն Սամուելյանը։

Էդիկ Պողոսյանը, խոսելով նախագծի շարժառիթների մասին, նշում է, որ այն նախևառաջ ինքնաքննադատական է, քանի որ իր մտերիմ դիզայն ընկերների մասին նյութեր ու տեղեկություններ չկան, չկան ուսանողների համար հասանելի հղումներ և տեղեկություններ։ Եվ որոշեց ինքը հավաքել ու ի մի բերել Հայաստանի գրաֆիկական դիզայնի պատմությունը։

«Բացը շատ մեծ է ու շատ նյութ կա հավաքելու։Պայմանականորեն փաստագրումները սկսում ենք անկախ Հայաստանի 90–2000-ական թվականներից և մեր միջավայրի մարդկանց ու ընկերների անհատական արխիվներից։ Նախագիծը ներառելու է անհատ դիզայներներին, վայելչագիրների, կալիգրաֆիստների, գրքի դիզայներների գործեր, կլինեն դիզայնի ստուդիոներ, հրատարակչություններ, ամսագրեր, բուհերի հետ կապված տեղեկություն, գովազդային գործակալություններ, իրադարձություններ՝ փառատոններ, ցուցահանդեսներ, դեպքեր, օրինակ՝ անկախ Հայաստանի առաջին թղթադրամների, նամականիշների դիզայնը, կուսակցությունների, կազմակերպությունների լոգոներ և այլն», – ասում է Էդիկ Պողոսյանը։

Նյութերը հավաքագրվում են թվային տարբերակով, որը մշակման փուլ անցնելով՝ կարող է դառնալ կայք, դառնալ գրքերի կամ հեռուստահաղորդման շարք։ Էդիկ Պողոսյանն ասում է, որ գրեթե հարյուր տարի առաջ Ուիլյամ Ադիսոնի կողմից ձևակերպված «գրաֆիկ – դիզայներ» տերմինը մասնագետների կողմից անընդհատ մեկնաբանվում է, վերանայվում է դրա գործառույթը։

«Ժամանակին համընթաց այն մշտապես փոփոխության է ենթարկվում և ձևակերպվում է որպես կամուրջ՝ արդյունաբերական ոլորտի ու արվեստի միջև, որը բազմաթիվ ճյուղեր ունի», – ասում է Էդիկ Պողոսյանը։

Back to top button