Մտքի ուժը

Ինչպես «բարակեցին» համակարգչի էկրաններն ու հեռուստացույցները «խելացի» դարձան․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս ստացվեց, որ հաստ էկրանով համակարգիչներին ու հեռուստացույցներին փոխարինելու եկան ժամանակակից, բարակ էկրան ունեցող խելացի սարքերը։ Այստեղ կարևոր դեր են խաղացել ավանդական հեղուկ բյուրեղները։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը ավանդական հեղուկ բյուրեղներով զբաղվել է ուսանողական տարիներից։ Բացատրում է՝ դրանք հեղուկ վիճակում գտնվող անիզոտրոպ միջավայրեր են, հեղուկներ են, որոնք ունեն օպտիկական անիզոտրոպ հատկություններ, նրանց միջով լույսը տարբեր ուղղություններով գնալուց տարածվում կամ բեկվում է տարբեր ձևով։ Քանի որ նրանք հեղուկ վիճակում գտնվող անիզոտորոպ միջավայրեր են, հետևաբար նրանց անիզոտրոպությունը կարելի է հեշտ փոփոխել, կառավարել արտաքին տարբեր տեսակի ազդեցությունների, էլեկտրական ու մագնիսական դաշտերի, ջերմային, մեխանիկական տատանումների միջոցով։ Այդ հատկանիշը նրանց հնարավորություն է տալիս կիրառվել տարբեր բնագավառներում գերզգայուն սարքեր պատրաստելու համար։

Գիտությունը ևս մեկ քայլով է առաջ գնացել։ Հայ գիտնականներն աշխատում են հեղուկ բյուրեղային անիզոտրոպություն կամ համաչափություն ունեցող պինդ միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Օրինակ՝ փորձում են ռետինե կամ ճկուն թաղանթներ պատրաստել, որոնք ևս ունեն անիզոտրոպություն։ Եթե ստացվի, կարող են նորից ոսպնյակ ու օպտիկական այլ էլեմենտներ արտադրել՝ ավելի բարակ, քան ներկայիս նմանատիպ սարքերն են։

Տեսական հաշվարկները կան, գիտեն նաև մեխանիկական հատկությունները։ Բայց որպեսզի կարողանան ուսումնասիրել անիզոտրոպ էլաստոմերների հատկությունները, նախ դրանք պատրաստել է պետք։ Ռաֆիկ Հակոբյանն ասում է, որ առայժմ այդ տեխնոլոգիան զարգացած չէ։

Աշխարհում կան խմբեր, որոնք պնդում են, որ նման էլաստոմերներ պատրաստում են։  Գիտնականն ասում է, որ նրանց պատրաստածը օպտիկապես անթափանց է, սակայն հայ գիտնականներին թափանցիկն է պետք։         

Ի տարբերություն շատ այլ բնագավառների՝ այս դեպքում անցումը գիտությունից դեպի արտադրություն ավելի հեշտ կլինի, քանի որ ռեսուրսներ չի պահանջի։ Փոքրիկ լաբորատորիայում էլ կկարողանան արտադրել։ Ծրագրի հինգերորդ տարում նախատեսել են անհրաժեշտ էլեմենտներն ունենալ. 

Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանը բացատրում է՝ էլաստորմերները նոր տիպի օպտիկական միջավայրեր են  հեղուկ բյուրեղական կառուցվածքներով, որոնք կրիտիկական պարամետրերի դեպքում ցուցաբերում են հետաքրքիր հատկություններ։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում վերջին տարիներին ուսանողների թիվն ավելանում է։ Ֆակուլտետի դեկանն ասում է, որ երիտասարդները ֆիզիկայով հետաքրքրված են։ Այստեղ երեք նոր մասնագիտություններ ունեն՝ տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ. Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը վստահ է՝ ինչպես ՏՏ, այնպես էլ ֆիզիկայի ոլորտում, բարձր աշխատավարձերը երաշխավորված են։

Back to top button